Փաշինյան․ «Ռուսաստանը ինքն է հեռանում տարածաշրջանից» - Mediamax.am

4603 դիտում

Փաշինյան․ «Ռուսաստանը ինքն է հեռանում տարածաշրջանից»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը»:

«Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում», - ասել է Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում, որի ամբողջական սղագրությունը հրապարակվել է վարչապետի կայքում։

 

«Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կամ չի ուզում: Երկուսն էլ խնդրահարույց է», - ասել է Հայաստանի վարչապետը։

 

Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, նա ավելացրել է․

 

«Կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»:

 

«Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ուզենա էլ, չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն ունենալ միայն մի տեղից, ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին», - ասել է ՀՀ վարչապետը։

 

Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունակության եւ պայմանագրունակության առումով առկա է ճգնաժամ:

 

«Այն, որ Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, ակնհայտ է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Անուղղակիորեն մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովի մայիսին արված հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն ասել է․

 

«Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի կառավարությանը դրդում են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն բարձրաձայնում ենք մեր կարծիքը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա»:

 

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, և այս տրամաբանության բերումով բոլոր արևմտյան երկրների կամ փորձագետների հայացքով և տրամաբանությամբ Հայաստանը պրոռուսական երկիր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանում շատ շրջանակներ Հայաստանը կամ նրա գործող կառավարությունը համարում են պրոարևմտյան: Այսօրվա մեր ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ եթե պրոռուսականությունն կամ պրոարևմտականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում դրանցից օգտվել։ Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին: Օրինակ՝ այն պատճառով, որ Հայաստանն Ուկրաինայի հետ կապված, իրենց տեսակետից, բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում օգտվել պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ, օրինակ, որ Ուկրաինայի հետ կապված բավարար չափով չի ընդդիմանում կամ դիմադրում Ռուսաստանին: Եվ հենց սրանում է մեր իրավիճակի նրբությունը և վտանգավորությունը», - բացատրել է Փաշինյանը։

 

«Ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից: Ես այն կարծիքին եմ, որ այն պրոցեսները, որոնք բերեցին Ուկրաինայում հակամարտության սրմանը, իրականում սկսվել են ավելի վաղ՝ 2020 թվականին՝ մեր տարածաշրջանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին