Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով:
Ներկայացնում ենք հատվածներ ելույթից:
Հիմնարար հարցեր
«Ադրբեջանական հերթական ագրեսիան եւ այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։
Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձեւակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարեւոր է։
Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջեւ Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ։
2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր եւ օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին եւ 2022 թ. սեպտեմբերի 13-ին:
Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձեւի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։
Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»։
Շահարկումներ
«Ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։
Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսեւորում։ Սա, իհարկե, կարեւոր է նաեւ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին»։
Եռակողմ հայտարարության խախտումներն ու խաղաղապահները
«2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։
Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով եւ որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։
Խախտելով հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաեւ կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաեւ դրանց հարակից տարածքները։
Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաեւ 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը եւ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։
Ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»։
«Միջանցքի մասին պնդումները»
«Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել եւ Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որեւէ այլ հայտարարության մեջ որեւէ կոնկրետ երթուղի նշված չէ։
Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, եւ այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, եւ այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։
Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որեւէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձեւակերպում է կիրառվում։
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա
«Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաեւ այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն եւ միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։
Միեւնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: