Սերժ Սարգսյան․ «Ես շատ ավելի ուժեղ մարդկանց եմ պարտվել» - Mediamax.am

4826 դիտում

Սերժ Սարգսյան․ «Ես շատ ավելի ուժեղ մարդկանց եմ պարտվել»


Լուսանկարը`


«Արմնյուզ» հեռուստաընկերությունն ապրիլի 30-ին ցուցադրել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից։

 

Ռադիոտան գրավումից հետո Փաշինյանին չձերբակալելու մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռադիոտան շուրջ ծավալվող իրադարձություններին ինքը նայում էր «ավելի լայն պատկերի մեջ»։ «Նրանք սակավաթիվ էին, եւ չկար կանխատեսում, որ այդ շարժումը կարող է ծավալվել։ Մենք որոշեցինք, որ Փաշինյանի ձերբակալությունը կարող է այլ բնույթ հաղորդել իրադարձություններին։ Նաեւ չէինք բացառում, որ դա կարող էր խայծ լինել՝ եթե ձերբակալվեր,  հետո կհերոսացվեր», - ասել է Սերժ Սարգսյանը։

 

Նախկին նախագահն ասել է, որ որոշում կար բողոքները «մաշեցնել»։ «Մանավանդ, որ մենք դրա փորձը ունեինք՝ «Էլեկտրիկ Երեւանի», ՊՊԾ գնդի գրավման ժամանակ», - ասել է Սերժ Սարգսյանը։

 

Արտաքին ուժերի վերաբերմունքի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ երբ ինքը 2018 թվականի ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետ, շնորհավորանքներ ստացավ ոչ միայն Ռուսաստանից եւ ԵԱՏՄ երկրներից, այլեւ Եվրամիությունից եւ այլ երկրներից, սակայն վերջինների դեպքում դրանք «մի տեսակ զգուշավոր էին»։

 

«Նաեւ խնդիրներ տեսանք՝ կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծում։ Ես կարող եմ ենթադրել, որ միգուցե պատճառը մեր համառությունն էր Արցախի խնդրի լուծման ճանապարհին՝ մենք «կարմիր գիծ» ունեինք», - ասել է Սերժ Սարգսյանը։

 

Նախկին նախագահը չի բացառել, որ ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի «կամավոր որոշումը» «որոշակի նստվածք» էր թողել արեւմտյան որոշակի շրջանակներում։

 

«Կարող է նաեւ ինչ-որ ուժեր սխալ հաշվարկներ կատարեցին՝ միգուցե, նրանց նպատակը մեզ «դաս տալն» էր, այլ ոչ թե իշխանափոխությունը», - ասել է Սերժ Սարգսյանը։

 

«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հյուսիսում», - նկատել է Հայաստանի երրորդ նախագահը։

 

«Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» խոսքերի ապակոդավորումը

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր հրաժարականի տեքստում տեղ գտած «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» արտահայտությունը ավելի բարդ նախադասության կրճատ տարբերակն է։ Երրորդ նախագահն ասել է, որ այդ միտքն ամբողջությամբ այսպես է ձեւակերպված եղել․

 

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ պետք է ամեն գնով իշխանության գա, ես սխալվեցի՝ կարծելով, որ նրա համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»։

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ իր թիմակիցներից շատերը դեմ էին, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ «Բայց ես կարիք ունեի անձնապես համոզվել՝ նա «կարմիր գիծ» ունի՞, թե՞ ոչ։ Համովեցի, որ նա պատրաստ է գնալ մինչեւ վերջ, մինչեւ դիվային վերջ», - ասել է երրորդ նախագահը։

 

Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ հրաժարականի մասին սկսել էր մտածել արդեն ապրիլի 21-ի երեկոյան եւ որոշել էր, որ հեռանալու է՝ անկախ նրանից, թե փողոցում կրքերը կհանդարտվեն, թե ոչ։

 

Կարեն Կարապետյանին՝ վարչապետ չառաջադրելու մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն կար, որ եթե վերջինս իրեն լավ դրսեւորի վարչապետի պաշտոնում, ապա կհանդիսանա իր իրավահաջորդը՝ «առանց ժամկետ նշելու»։

 

«Առաջին խոսակցությունը մենք ունեցանք 2017 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին։ Մենք Կարեն Կարապետյանի հետ քայլում էինք կառավարական կեցավայրի տարածքում, եւ ես ասացի, որ եկել է որոշում ընդունելու ժամանակը։ Իրեն հարցրեցի՝ պատրա՞ստ է ստանձնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը։ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ ի՞նչ եմ ես մտածում։ Ես պատասխանեցի, որ համոզմունք ունեմ, որ եթե գլխավոր բանակցողները փոխվեն, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել։ Ուստի կարծիք հայտնեցի, որ եթե իրեն չեմ նեղացնի, ապա առաջարկում եմ մենք որոշակի սահմանափակ ժամանակ շարունակենք այս տարբերակով՝ ես լինեմ վարչապետ, ինքը՝ առաջին փոխվարչապետ։ Կարեն Կարապետյանն ասաց, որ միանշանակ համաձայն է», - ասել է Սերժ Սարգսյանը։

 

Հրաժարականի տեքստից հանված եւս մեկ հատվածի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանի առաջարկով իր հրաժարականի տեքստից հանել է այն հատվածը, որում ողջունում էր Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի ձեռք բերված պայմանավորվածությունը երկխոսելու մասին, ինչպես նաեւ այն տողերը, որոնցով քաղաքացիներին կոչ էր անում օգնել Կարեն Կարապետյանին։

 

Սերժ Սարգսյանը «բամբասանք» է որակել վարկածներն այն մասին, թե իբր

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ ստվերային պայմանավորվածություններ են եղել։ «Ես Կարեն Կարապետյանին վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, որ նա կարգին մարդ է», - ասել է նախկին նախագահը։

 

Արմեն Սարգսյանի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Արմեն Սարգսյանը ուներ բոլոր հնարավորությունները լինել լավ նախագահ եւ արժեւորելու այդ ինստիտուտը։

 

«Ես վտսահ եմ, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան-Արմեն Սարգսյան եռանկյունին Հայաստանին կարող էր շատ օգուտներ բերել։ Բայց ոչ ոք կատարյալ չէ, եւ մարդու էությունը դրսեւորվում է կրիտիկական իրավիճակներում։ Ցավոք, դժվար իրավիճակում նա չկարողացավ իրեն դրսեւորել, որովհետեւ գտնվում էր շատ նսեմացված վիճակում։ Ստացվեց ենթարկեցնել նրան, ինչը շատ ամոթ է», - ասել է Սերժ Սարգսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին