Երեւան: Մեդիամաքս: Ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանն այսօր հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին: Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի եւ զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք եւ շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով:
Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են:
Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ:
Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:
Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:
Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում եւ որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: