Փաշինյանը՝ ինքնորոշման իրավունքի մերժման վտանգների մասին - Mediamax.am

4182 դիտում

Փաշինյանը՝ ինքնորոշման իրավունքի մերժման վտանգների մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների»:

«Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման եւ նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին եւ միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է», - ասել է վարչապետը՝ ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի առթիվ իր ելույթում:

 

«Պետությունների ինքնիշխանությունը, անկախ դրանց չափից եւ հզորությունից, ավելի լավ է պահպանվում, եւ ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ:

 

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության եւ համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:

 

Միավորված ազգերի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով եւ սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը եւ ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին