Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ հուլիսյան սահմանային մարտերից հետո Ռուսաստանն «ինտենսիվորեն զինում է Հայաստանին»:
Reuters-ի հաղորդման համաձայն, օգոստոսի 29-ին Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ հուլիսի 17-ից հետո ռուսական Իլ-76 ռազմական տրանսպորտային օդանավերը պարբերաբար թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան:
Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է, որ իրենց չեն բավարարել ռուսական կողմի այն հավաստիացումները, որ Իլ-76 օդանավերը շինարարական նյութեր են տեղափոխում: «Սովորաբար շինանյութերը օդանավերով չեն տեղափոխվում, դրա համար կան այլ միջոցներ», - նկատել է նա:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ օգոստոսի 25-ին Բաքու այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:
«Մենք մտահոգությամբ հետեւում էինք Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Գիտենք նաեւ դեպի մեր ռազմաբազա թռիչքների հետ կապված անհանգստությունների մասին: Միանգամից ուզում եմ ասել. մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել եւ այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի դեմ, որը մեր հարեւանն ու գործընկերն է: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել էր Շոյգուն:
Նա նշել էր, որ Ռուսաստանը սոցիալական օբյեկտներ է կառուցում Հայաստանի իր ռազմաբազայում:
«Որոշակի աննշան ակտիվությունը դրա հետ է կապված: Եվ երկրորդ մասը զորակոչն է: Ոմանց պետք է տուն վերադարձնեինք, ոմանց էլ՝ հակառակը», - ասել է Շոյգուն:
«Կրկնում եմ. մեր գործողությունները եւ քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր», - վստահեցրել էր նա:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին ասել էր, անհանգստացած է Հայաստան ռազմական մատակարարումներով:
«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: