Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը փորձում է «Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից»։
«Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է։ Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին նաեւ զինված ուժերի պատրաստականության մակարդակը բարձրացնելով»,- Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը եւ Արցախը պատերազմ չեն ուզում, «բայց մեզ պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող վախեցնել»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին անհրաժեշտություն է դառնում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրումը։
















