Աբրահամյանը շարունակելու է «հաղթահարել անջրպետները» - Mediamax.am

8333 դիտում

Աբրահամյանը շարունակելու է «հաղթահարել անջրպետները»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ իր «ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ինքը պայքարել է քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար»:

Այս մասին նա ասել է կառավարության նիստի ավարտին՝ հայտարարելով իր հրաժարականի մասին:

 

«Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար»,- ասել է նա:

 

Նրա խոսքով՝ իրենց որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցել են, սակայն «հասարակությունը մնացել է բեւեռացված»:

 

«Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասել է վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանում առկա են դեռեւս անցումային խնդիրներ:

 

«Մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

 

Երբեւէ չեմ խոսել եւ չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին»,- ասել է վարչապետը:

 

Նա նշել է գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքների, Իրանի եւ Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, «Հին Երեւան» ծրագրի, հանքարդյունաբերության ոլորտի հաջողությունների, Որոտանի կասկադում ամերիկյան խոշոր ներդրման, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունման, 2014-ից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով աշխատավարձերի ավելացման մասին:

 

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ինքը շարունակելու է հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին