«Հետո չասեք. «Նիկո՛լ, սկսվել է, արի»» - Mediamax.am

Փետրվար 15, 2026
5983 դիտում

«Հետո չասեք. «Նիկո՛լ, սկսվել է, արի»»


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս:ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին պարզաբանումներ է ներկայացրել հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ ստեղծված ճգնաժամում իր ներգրավվածության մասին:

Պատգամավորը նախ նշել է, թե երեկ Խորենացի փողոցում միջոցներ էին ձեռնարկվում քաղաքացիների խաղաղ հավաքը բարոյապես կոտրելու համար:

 

Ապա պատգամավորը ընդգծել է, որ երբեւէ չի փորձել եւ չի էլ ներկայացել որպես բանակցող իշխանությունների եւ «Սասնա ծռեր» խմբի միջեւ: Նա նշել է, որ իր միջնորդական ներգրավածությունը եղել է բացառապես ՊՊԾ գունդ սնունդ փոխանցելու հարցում:

 

«Ես միջնորդական առաքելություն չեմ ստանձնել եւ չեմ ուզում ստանձնել: Իշխանության ներկայացուցիչների, «Սասնա ծռեր»-ի անդամների հետ իմ բոլոր խոսակցությունների մասին ես հաղորդել եմ հանրությանը, լրատվամիջոցներին: Ես որեւէ մեկի հետ չեմ բանակցել՝ սննդի եւ ձերբակալավածների հարցերից բացի: Իսկ «Սասնա ծռերը», չգիտեմ, թե ո՞ւմ հետ են բանակցում եւ ի՞նչ բովանդակությամբ: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ինձ հեռախոսով ասել էր, որ իրենք բանակցում են: Մենք չգիտենք` ինչի՞ մասին եւ ո՞ւմ հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա անդրադարձել է երեկվա բախումներից հետո իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե իբր երեկ Խորենացի փողոցում փորձել է խանգարել կամ ուղղորդել «Սասնա ծռեր»-ի եւ Հիմնադիր Խորհրդարանի անդամների քայլերը:

 

«Կան մարդիկ, որ ասում են, թե դավաճանություն էր չթողնել, որ երեկ այնտեղ (Խորենացի փողոցում-Մեդիամաքս) որեւէ բան կատարվեր: Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը խանգարում է իշխանափոխության իրականացմանը, ապա երեկվա դեպքերից հետո ինձ համար այնտեղ անելիք չեմ տեսնում: Ի՞նչ անեմ Խորենացի փողոցում: Մարդիկ փորձում են տպավորություն ստեղծել, թե ես գնացել եմ այնտեղ անձնական կամ խմբային խնդիրներ լուծելու: Մինչդեռ դա ծառայություն էր այն մարդկանց համար, ում համար ես մտահոգ եմ: Եթե հիմա Պավլիկ Մանուկյանը եւ նրա համախոհներն ասում են, թե ես իրենց կողմնակիցներին թույլ չեմ տալիս այնտեղ որեւէ բան անել, քավ լիցի, արե՛ք: Մենակ չլինի այն պատմությունը, որ հետո ասեք. Նիկո՛լ, սկսվել է, արի»,- ասել է պատգամավորը:

 

Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցրել, թե արդյո՞ք «Սասնա ծռեր» խումբը եւ Հիմնադիր խորհրդարանը դատապարտում են երեկ Խորենացի փողոցում մի շարք կասկածելի անձնաց պահվածքը, թե ոչ:

 

Պատգամավորը կրկին հայտարարել է, որ վստահության ներկա ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով:

 

«Մենք հետեւողական, սկզբունքային պայքարի կողմնակից ենք: Չեմ կարող թույլ տալ, որ իմ կողքը կանգնեն կասկածելի վարքի տեր մարդիկ: Քանի պարզ չէ գործելու մեթոդը, ես այնտեղ լինել չեմ կարող: Բայց մենք ամեն ինչ կանենք, որ նոր քաղաքացիներ չզոհվեն: Մենք կգտնենք ձեւը, եւ կանենք մեզանից կախված ամեն ինչ, որ Պավլիկ Մանուկյանի եւ Վալերի Օսիպյանի գլխից մեկ մազ չպակասի: Բայց վախենամ, որ երեկվա գործողություններից հետո նման հանգուցալուծման հնարավորությունները սահմանափակվեցին», - ասել է նա:

 

 




Մեր ընտրանին