Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար»:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն այդ մասին ասել է Ստեփանակերտում՝ ամփոփելով Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա արդյունքները:
«Բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաեւ անվտանգության խնդիրները լուծել», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ վարչապետն ասել է.
«Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: Հայաստանում նույնպես պետք է ակտիվացնենք եւ զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»:
















