Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպումները՝ 7 կետով - Mediamax.am

exclusive
6606 դիտում

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպումները՝ 7 կետով


Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն


1. Ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել Մոսկվայում մայիսի 25-ին:

 

2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

 

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով, որին, ինչպես ասել է ՌԴ նախագահը, նախորդել է երկու ղեկավարների առանձին հանդիպումը:

 

Կրեմլում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 

Կրեմլում կայացել է Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը՝ նախ երեքով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

 

2. Ի՞նչ են պայմանավորվել եռակողմ հանդիպման ընթացքում:

 

Հանդիպման այն հատվածում, որը լուսաբանվել է, ՌԴ նախագահն ասել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող չկարգավորված հարցերը

«զուտ տեխնիկական բնույթ են կրում»։

 

«Հարցը տերմինաբանությունն է: Իհարկե, եզրույթների ետեւում պետք է լինի այն իրողությունների եւ իրադարձությունների ճշգրիտ պատկերացումը, որոնք կհետեւեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը։ Մեր երեքի կարծիքով՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են», - ասել է Պուտինը:

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Նա ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ երեք երկրների փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն եւ «օրակարգից կմաքրեն առկա հարցերը»:

 

3. Ի՞նչ բանավեճ է ծավալվել միջանցքի մասին:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, վերջինս

իր ելույթում օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվում է որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար»։

 

Ալիեւն էլ արձագանքել է, որ իր երկիրը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունի եւ նման բան ասելու համար «պետք է բուռն երեւակայություն ունենալ»: Իսկ միջանցքը, նրա խոսքով, «միջազգային եզրույթ է»:

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Անդրադառնալով Ալիեւի խոսքին, թե «Զանգեզուրի միջանցքին» աջակցում է նաեւ Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանը նշել է.

 

«Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացմանը»։

 

Վլադիմիր Պուտինը «միջանցքի» թեմային անուղղակի անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ ավելի ուշ կայացած հանդիպմանը՝ ասելով.

 

«Ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ նրանք առանց որեւէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, եւ այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն»:

 

4. Ի՞նչ է խոսվել Լաչինի միջանցքի մասին:

 

Արձագանքելով Ալիեւի ելույթին, Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա «միջանցք» բառի միայն մեկ կիրառություն:

 

«Դա Լաչինի միջանցքն է, որը եռակողմ հայտարարության համաձայն, պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո եւ կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Բայց, ցավոք, ռուս խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանն ապօրինի կերպով փակել է այս միջանցքը»:

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն այս հարցը բարձրացրել է նաեւ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպմանը՝ ասելով.

 

«Տարածաշրջանային իմաստով մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաեւ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի եւ ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ»։

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

Պուտինն այսպես է արձագանքել է Փաշինյանի խոսքերին.

 

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել եւ հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»։

 

5. Որտե՞ղ վրիպեց Պուտինը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է.

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին նրա համար, որ որոշեց միանալ ԵԱՏՄ շրջանակներում մեր այսօրվա աշխատանքներին՝ ինչպես արդեն նշվեց, ֆորմալ առումով՝ հյուրի կարգավիճակում: Բայց Իլհամ Հեյդարովիչը իրավացի է, սա շատ պայմանական ձեւակերպում է, քանի որ Ադրբեջանի եւ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հարաբերությունները լուրջ եւ խորքային մակարդակի վրա են»։

 

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջեւ որեւէ հարաբերություններ չկան:

 

6. Ինչպե՞ս հիշեցին Հեյդար Ալիեւին:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը խոսել է Հեյդար Ալիեւի մասին, ում 100-ամյակը լրացավ 2023թ. մայիսին.

 

«Այս տարի նշվում է Հեյդար Ալիեւիչ Ալիեւի 100-ամյակը։ Դուք գիտեք մեր վերաբերմունքը Խորհրդային Միության եւ անկախ Ադրբեջանի այս քաղաքական գործչի նկատմամբ։ Նա բացառիկ քաղաքական գործիչ է, միավորող գործիչ մեր երկրների պատմության մեջ։ Հայտնի է, որ այս տարեդարձը մենք արժանապատվորեն նշել ենք Ռուսաստանում։ Ցուցահանդեսներ են անցկացվել Պետդումայում եւ Դաշնության խորհրդում, հեռուստատեսությամբ ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր։ Շատ իրադարձություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության մարզերում. Կազանում, Աստրախանում, Դաղստանում, ԲԱՄ-ում, որտեղ հիշում են նաեւ Հեյդար Ալիեւիչին։ Այն Խորհրդային Միության նշանավոր շինհրապարակ էր, այն կապված է Ալիեւի անվան հետ»։

 

7. Ի՞նչ հույս հայտնեց Իլհամ Ալիեւը:

 

Պուտինի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

Լուսանկարը` Կրեմլի մամուլի ծառայություն

«Կարծում եմ, Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո, որոնցով Ղարաբաղը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս եւ ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ տարածքի կոնկրետ թվեր նշելով, խաղաղության պայմանագրի այլ կետերի համաձայնեցումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ դա այն հիմնական գործոնն էր, որի շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին