2022թ. դեկտեմբերի 16-ին կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրին:
Դիվանագիտական եւ հետախուզական հարուստ փորձ ունեցող Մուրը տարբեր տարիներին աշխատել է Թուրքիայում: Մեդիամաքսը որոշ դրվագներ է ներկայացնում Ռիչարդ Մուրի կենսագրությունից:
Լիբիայում ծնվածը եւ Մոսկվայում մեծացածը
2020 թվականի հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռիչարդ Մուրը ծնվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ նրա հայրը դիվանագետ էր:
2019 թվականի դեկտեմբերին, երբ Մուրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր, նա լուսանկար էր հրապարակել Մոսկվայից եւ գրել.
«Հրաշալի էր 1968 թվականից հետո առաջին անգամ վերադառնալ Մոսկվա: Փոքր տղա էի, երբ ապրում էի այստեղ: Կյանքիս առաջին հիշողությունները Ռուսաստանից են»:
Մուրը Մոսկվա էր ժամանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով:
«Բեշիկթաշ»-ի երկրպագուն
Ռիչարդ Մուրը Թուրքիայում աշխատել է 1990 թվականին, ինչպես նաեւ 1991-ից 1992-ը:
2014 թվականին նա նշանակվեց Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան եւ այդ պաշտոնին մնաց մինչեւ 2017-ը:
Ռիչարդ Մուրը Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: Երբ 2016 թվականին ակումբը 14 տարվա դադարից հետո նվաճեց Թուրքիայի չեմպիոնի կոչումը, Մուրն Անկարայի իր նստավայրում կախեց «Բեշիկթաշ»-ի դրոշը: Նա գրառում արեց թվիթերում եւ կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ ինքը Թուրքիայում աշխատել է 6 տարի, որոնցից 4-ի ընթացքում «Բեշիկթաշ»-ը չեմպիոն է դարձել: «Արդյո՞ք սա սոսկ զուգադիպություն է», - գրել էր նա թուրքերեն:
Մուրը չի դադարել թուրքերեն թվիթեր գրել անգամ MI6-ի ղեկավար դառնալուց հետո: Այս տարի նա առնվազն երկու թուրքերեն թվիթ է հրապարակել. հոկտեմբերի 29-ին «Սիրելի Թուրքիային» շնորհավորել էր Հանրապետության օրվա առիթով, իսկ նոյեմբերի 19-ին ցավակցել էր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Էրդողանի աջակիցը
2016 թվականի ամռանը, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո, Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը հարցազրույցներից մեկում փաստացի կրկնեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումն այն մասին, որ հեղաշրջման նախաձեռնողը ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի նախագահի քաղաքական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենն է.
«Կարծում եմ, ավելի հստակ տեղեկություն կունենանք, երբ իրավական գործընթացը սկսվի: Բայց ես որեւէ դժվարություն չունեմ ընդունելու այն, ինչ ասում է կառավարությունը. գյուլենականները ներգրավված են եղել այս հեղաշրջման մեջ»:
2017 թվականի մարտին Լոնդոնում հինգ մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Էրդողանի խորհրդական Բուրհան Կուզուն գրել էր.
«Ահաբեկչական հարձակում Անգլիայում: Ահաբեկիչներն ասում են Եվրոպային. Մեծ Բրիտանիան քո ամենաապահով վա՞յրն է: Ես կհարվածեմ քո ամենաապահով տեղին»:
Մուրն արձագանքել էր թվիթերում. «Չե՞ս դատապարտում: Համերաշխություն չե՞ս հայտնում: Ամո՛թ: Արդյո՞ք համաձայն չես նախագահ Էրդողանի, վարչապետ Յըլդըրիմի հայտարարությունների հետ»:
Հետպատերազմական հանդիպումը
2020 թվականի նոյեմբերի 11-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ռիչարդ Մուրը ժամանել էր Անկարա եւ հանդիպել Էրդողանի խոսնակ եւ խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք քննարկել էին «վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում եւ Լիբիայում»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: