50 տարի առաջ՝ 1969 թվականի հուլիսի 21-ին ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը եւ Բազ Օլդրինը դարձան պատմության մեջ առաջին մարդիկ, ովքեր ոտք դրեցին Լուսնի վրա:
Ինչպե՞ս դա եղավ
1969 թվականի հուլիսի 20-ին՝ կենտրոնական եվրոպական ժամանակով ժամը 21:17-ին, Eagle մոդուլը, որի մեջ էին Նիլ Արմսթրոնգը եւ Բազ Օլդրինը, վայրէջք կատարեց Լուսնի վրա:
Վայրէջքից մի քանի ժամ անց՝ 1969 թվականի հուլիսի 21-ին, ժամը 03:56-ին, Նիլ Արմսթրոնգը դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց Լուսնի մակերեսի վրա:
Ողջ աշխարհում մարդիկ հեռուստացույցով հետեւում էին Լուսնի վրա վայրէջքի հեռարձակմանը: Հեռուստադիտողների թիվն ավելի քան 500 միլիոն էր. միացված էր երկրագնդի հեռուստացույցների գրեթե կեսը:
Նիլ Արմսթրոնգի հայտնի դարձած արտահայտությունը՝ «Սա մի փոքր քայլ է մարդու համար, բայց հսկայական թռիչք մարդկության համար» կարելի էր լսել ռադիոեթերում:
Արմսթրոնգը եւ Օլդրինը տիեզերանավից դուրս մոտ երկուսուկես ժամ անցկացրին, իսկ, ընդհանուր առմամբ, նրանք Երկրի բնական արբանյակի վրա մնացին 21 ժամ եւ 36 րոպե:
Արդյո՞ք Լուսնի վրա վայրէջք կատարելն «Ապոլոն-11»-ի նպատակն էր
1961 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հայտարարել էր, որ մինչեւ տասնամյակի վերջ Միացյալ Նահանգները «առաջին մարդուն կուղարկեն Լուսին եւ նրան ողջ ու առողջ կվերադարձնեն Երկիր»: Մեկ տարի անց Քենեդին հանդես էր եկել մեկ այլ հայտնի ելույթով՝ տեղեկացնելով «Ապոլոն» առաքելության մեկնարկի մասին:
«Ապոլոն-11» առաքելությունների շարքում էին անձնակազմի կողմից Լուսնի գիտական ուսումնասիրությունը, տեսախցիկի տեղադրումը, որը ազդանշան էր ուղարկելու Երկրի վրա:

Լուսանկարը` NASA
Տիեզերագնացներին նաեւ հանձնարարված էր լուսանկարել լուսնային մակերեւույթը, վերցնել լուսնային գրունտի նմուշները եւ տեղադրել ամերիկյան դրոշը Լուսնի վրա:
Ովքե՞ր էին Լուսնի վրա վայրէջք կատարող տիեզերագնացները
«Ապոլոն-11»-ի անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից. հրամանատար Նիլ Արմսթրոնգը եւ Eagle մոդուլի օդաչու Բազ Օլդրինը վայրէջք էին կատարել Լուսնի մակերեւույթի վրա: Գլխավոր տիեզերանավի օդաչու Մայքլ Քոլինզը մնացել էր Լուսնի ուղեծրի վրա՝ Columbia տիեզերանավի մեջ:
Երեքից երկուսը կենդանի են՝ Բազ Օլդրինը (89 տարեկան) եւ Մայքլ Քոլինզը (88 տարեկան): Նիլ Արմսթրոնգը մահացել է 2012 թվականին՝ 82 տարեկան հասակում:

Լուսանկարը` Neil Armstrong/AP/Press Association
Քանի՞ անգամ էին մարդիկ վայրէջք կատարել Լուսնի վրա
1969-1972 թվականների ընթացքում Լուսին է հասել «Ապոլոնի» վեց առաքելություն:
Լուսնի վրա ոտք է դրել ամերիկացի 12 տիեզերագնաց:
1972 թվականի «Ապոլոն-17» առաքելության անդամներ Յուջին Սերնանը եւ Հարիսոն Շմիդտը Լուսնի վրա եղած վերջին մարդիկ են:
Ե՞րբ է լինելու հաջորդ թռիչքը դեպի Լուսին
Վերջերս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ արդեն 2024 թվականին ամերիկացի տիեզերագնացները կրկին կթռչեն Լուսին, անհրաժեշտության դեպքում՝ առեւտրային տեխնոլոգիաների օգնությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: