2018 թվականի ապրիլի 6-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում ՌԴ դեսպան նշանակվեց Սերգեյ Կոպիրկինը:
1. Որտե՞ղ է նախկինում աշխատել Սերգեյ Կոպիրկինը:
56-ամյա Սերգեյ Կոպիրկինը Հայաստան կժամանի Բրյուսելից, որտեղ զբաղեցնում էր Եվրամիությունում եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
2006-2011թթ. Սերգեյ Կոպիրկինը եղել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2017 թվականի փետրվարին դիվանագետին շնորհվել է առաջին դասի Արտակարգ եւ լիազոր դեսպանորդի աստիճան:
2011 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալագիր է շնորհել Սերգեյ Կոպիրկինին՝ «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրագործման մեջ մեծ ներդրման եւ բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»:
2. Ի՞նչ հայտարարություններ է արել Սերգեյ Կոպիրկինը:
Բաց աղբյուրներում շատ չեն են նախկին պաշտոններում Սերգեյ Կոպիրկինի աշխատանքի մասին պատմող տեղեկությունները:
2006 թվականի հուլիսին Մինսկում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի օրերին, Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ «ՀԱՊԿ-ը չի հակադրվում ՆԱՏՕ-ին»: Միեւնույն ժամանակ, նկատել էր նա, «ՆԱՏՕ-ի գործունեությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվում է մշտական դիտարկման ներքո»:
2006 թվականի սեպտեմբերին Սերգեյ Կոպիրկինն ասում էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում համամիտ են ԱՊՀ-ի հասցեին հնչող քննադատության հետ, սակայն պնդում են, որպեսզի փոխգործակցությունը ԱՊՀ շրջանակներում պահպանվի:
«Իսկապես, իր գոյության ընթացքում ԱՊՀ-ն չկարողացավ երաշխավորել բոլոր 12 պետությունների շահերը, ինչի արդյունքում ձեւավորվեցին ավելի նեղ խմբավորումներ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ЕврАзЭС), ՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանի եւ Բելառուսի Դաշնակցային պետությունը: Այնուամենայնիվ, ԱՊՀ-ն որպես կազմակերպություն եւ միջազգային կառույց հիմնված է ոչ թե սոսկ իր առաջնորդների հայեցակարգային տեսլականի, այլ իսկապես գոյություն ունեցող կապերի վրա: Հարկավոր է բարեփոխումներ կատարել ԱՊՀ-ում, հարմարեցնել այն նոր պայմաններին»,- ասում էր դիվանագետը:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծում էր, որ ԱՊՀ-ի անարդյունավետության խնդիրը վատ կառույցների, համագործակցության վատ հայեցակարգի կամ ԱՊՀ-ում Ռուսաստանի ոչ միանշանակ դերի մեջ չէ:
«Առանցքային դեր է խաղում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների քաղաքական կամքը: ԱՊՀ-ի ճակատագիրը կախված է լինելու պետությունների ղեկավարների կամքից, որովհետեւ ոչ ոք ոչ մեկին որեւէ կառույցում բռնի ուժով չի պահելու», - ասում էր նա:
3. Ո՞վ էր Սերգեյ Կոպիրկինի ղեկավարը:
Եվրոպական միությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում Սերգեյ Կոպիրկինն աշխատում էր ռուս ամենափորձառու եւ կոշտ դիվանագետներից մեկի՝ Վլադիմիր Չիժովի ենթակայության տակ, ով ղեկավարում է ներկայացուցչությունը 2005 թվականից:
Ելույթ ունենալով 2018 թվականի ապրիլի 4-ին Անվտանգության հարցերով մոսկովյան VII կոնֆերանսին, Վլադիմիր Չիժովը, մասնավորապես, ասել էր:
«Բոլորովին վերջերս մեզ վստահեցնում էին, որ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ: Սակայն մենք շատ տխուր պատկերի ականատես ենք դառնում Ուկրաինայում, որին որոշակի պահին ընտրության առջեւ դրեցին՝ «առաջ դեպի պայծառ ապագա» Արեւմուտքի հետ, կամ «ետ դեպի մութ անցյալ» Ռուսաստանի հետ: Չեմ ուզում լարել իրավիճակը, սակայն ԱՊՀ տարածքում եւ Արեւմտյան Բալկանների որոշ երկրներում եւս փորձ է արվում նման ընտրություն պարտադրել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: