Պարզաբանում. ՀԾԿՀ որոշման չեղարկման հնարավորությունները - Mediamax.am

exclusive
3743 դիտում

Պարզաբանում. ՀԾԿՀ որոշման չեղարկման հնարավորությունները


Լուսանկարը` REAUTERS


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման ու այն կասեցնելու հարցը մնում է հանրության ուշադրության կենտրոնում: Պարզաբանում խորագրի հերթական հրապարակումը նվիրված է հանձնաժողովի որոշումներին ու դրանց կասեցման հնարավոր մեխանիզմներին:

 

1. Ի՞նչ կարգով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշումներ ընդունում

 

Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ՝  նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

 

Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների  կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին եւ պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է ՀՀ կառավարությանը եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին:

 

2. Ինչպե՞ս է բողոքարկվում հանձնաժողովի որոշումը

 

Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:

Սակայն, օրենքի համաձայն, դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը: Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:

 

Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:

 

Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը եւ ընդունում համապատասխան որոշում:

 

Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

 

3.Որոշման չեղարկման ի՞նչ հնարավորություններ կան

 

«Լեգալ Լաբ» իրավաբանական բուտիկի գլխավոր իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Գաբրիել Բալայանի փոխանցմամբ, հանձնաժողովի սեփական նախաձեռնության բացակայության պարագայում սակագնի փոփոխության որոշման չեղարկման մասին այս պահին խոսք գնալ չի կարող:

«Խնդրի լուծումը երկարատեւ է. այն ենթադրում է թե օրենքի, թե ՍԴ որոշման վերանայում»,- նշում է Գաբրիել Բալայանը:

 

Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է հանձնաժողովի որոշման բողոքարկման կարգը.

 

«Սրա վերաբերյալ կա նաեւ 2007 թվականին կայացված Սահմանադրական դատարանի (16.01.2007թ. ՍԴՈ-673) որոշումը, որով դատարանը գտել է, որ Սահմանադրությանը համապատասխանում է օրենքի այն դրույթը, ըստ որի սակագնի փոփոխություն դատական ակտով չի կարող տեղի ունենալ: Փաստացի միակ ձեւը, որով հնարավոր է սակագնի փոփոխություն, հանձնաժողովի կողմից իր  իսկ ընդունած ակտի վերանայելն է», - ասել է Գաբրիել Բալայանը:

 

Ըստ ՍԴ դիրքորոշման, հանձնաժողովի կողմից սակագնի սահմանումը բացառիկ իրավասություն է, որը օրենքով վերապահված է անկախ մարմնին:

 

«Հանձնաժողովի անկախության չափը պատկերացնելու համար նշենք, որ ՀԾԿՀ-ի ծախսերը որոշակի առումով փոխհատուցվում են այն ընկերությունների կողմից, որոնց մատուցած ծառայությունների համար նրանք սակագներ են սահմանում: Այսինքն` հանձնաժողովի գործունեության համար պետական բյուջեից փոխանցվում է գումար, որը նույն չափով այդ ընկերությունների կողմից (որոնց ծառայությունների համար ՀԾԿՀ-ն սակագներ են սահմանում-հեղինակ) փոխանցվում է պետական բյուջե»,- ասում է իրավաբանը:

 

Խոսելով որոշման փոփոխման հավելյալ հնարավորությունների մասին՝ Գաբրիել Բալայանը նշում է, որ կարելի էր ավելի հեշտ ճանապարհով գնալ, երբ ԱԺ-ն, օրենքը փոխելով, դատական իշխանությունը լիազորություն տար փոխել նաեւ սակագինը, սակայն ՍԴ որոշումը սահամանափակում է անգամ օրենսդիր մարմնի՝  այդ քայլին գնալու լիազորությունը:

 

«Այս պարագայում միակ ելքը կարող է լինել այն, երբ ՍԴ-ն ինքը փոխի իր որոշումը, ինչը ՍԴ մասին օրենքով թույլատրվում է, քանի որ հարցն ունի հստակ սկզբունքային նշանակություն»,-նշում է նա:

 

Ինչ վերաբերում է դատարանում բողոքարկելու հնարավորությանը, «Լեգալ Լաբ»-ի գլխավոր իրավախորհրդատուն նշում է, որ բողոքարկման հայց կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի: Սակայն բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը որոշման ընդունմանը հաջորդող 7-օրյա ժամկետն է: Գաբրիել Բալայանը հիշեցնում է, որ նույն օրենքի համաձայն, հանձնաժողովի կողմից կայացված սակագների վերաբերյալ որոշումները դատական կարգով փոփոխման ենթակա չեն: ՍԴ որոշմամբ եւս հաստատված է, որ այս դեպքում դատարանի որոշումը չի կարող պարտադրել որոշման փոփոխություն, ընդամենը՝ առաջարկել վերանայել դա՝  եւս մեկ անգամ ստուգելով ակտերի հիմքում դրված փաստական հանգամանքների անվիճելիությունը:

 

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ որոշման չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանձնաժողովը ստանա որեւէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով այն գումարի աղբյուրը, որի չափով սակագինը վերանայվել է:

 

Այս առումով Գաբրիել Բալայանը նշում է, որ հնարավոր է գործադիր իշխանության կողմից սուբսիդավորում, «ինչը փաստացի դիպչում է բնակչության գրպանին՝ որոշակի հարկերի բարձրացման եւ դրանով սուբսիդավորվող գումարի փոխհատուցման միջոցով»:

 

4. Կարո՞ղ են ՀՀ նախագահն եւ այլ պետական պաշտոնյաները ազդել որոշման վրա

 

ՀԾԿՀ կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկման վերաբերյալ միջամտությունը չի բխում ՀՀ նախագահի կամ կառավարության սահմանադրական լիազորություններից:

 

«Անկախ մարմնի ինստիտուտի կայացման հիմքում դրված է մյուս պետական մարմիններից նրա անկախ լինելու հարցը, որը բխում է այդ նույն մարմնի՝ քաղաքական ճնշումներից զերծ մնալու հանգամանքից»,- ասում է Գաբրիել Բալայանը:

 

5. Կա՞ ՀԾԿՀ որոշման փոփոխության նախադեպ

 

Հայաստանում մինչ օրս չի եղել որեւէ դեպք, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված սակագնի վերաբերյալ որոշումը չեղարկվի:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին