Վահան Թեքեյանի անտիպ պատմվածքը. «Սեւ կատու» - Mediamax.am

exclusive
22773 դիտում

Վահան Թեքեյանի անտիպ պատմվածքը. «Սեւ կատու»


Սեւ կատուն Պոլսում
Սեւ կատուն Պոլսում

Լուսանկարը` Bahadir Kutlak


Ցեղասպանությունից քիչ գրողներ փրկվեցին: Նրանցից մեկը Վահան Թեքեյանն էր:   Նյութական ծանր պայմանները թույլ չեն տվել նրան ամբողջությամբ հրատարակել իր բոլոր գործերը: Թեքեյանի մահից հետո (1945 թ.) նրա  ընկերները նախաձեռնեցին հրատարակել գրողի երկերի ամբողջական ժողովածուն՝ 15 հատորով, սակայն դա էլ կիսատ մնաց: Գիտության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) արխիվում է Թեքեյանի արխիվը, որտեղ նաեւ անտիպ գործեր կան:

 

Գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում պահվում է Վահան Թեքեյանի «Սեւ կատու» անտիպ պատմվածքը, որը նա, ամենայն հավանականությամբ, վերծանել է ձեռագրից: Արեւմտահայերեն ուղղագրությունը մասնակիորեն փոխված է արեւելահայերենի: Պատմվածքը գրված է 1917 թվականին: 

 

Սեւ կատու

Վահան Թեքեյան

 

Ժամանակավ բարեկամը եղած եմ սեւ կատվի մը,- ասիկա հպարտությամբ կը խոստովանիմ, - որոն եւ իմ միջեւ անգամ մը «սեւ կատու անցավ», ու ատիկա ցավով կը հիշեմ մինչեւ հիմա: 

 

Համպուրկի մեջ ֆրաու Օսքար Մյուլլերի ֆամիլիեն բանսիոնը կը բնակեի: Մուկերը մինչեւ ննջասենյակս բարձրանալով՝ գիրքերուս եզերքները ժանեկել սկսել էին, ավելորդ դարդ, որուն համար գանգատեցա ֆրաու Մյուլլերին, որ քանի մը օր ետքը կատու մը բերավ տուն. իրավ շարժուն պատնեշ՝ ընդդեմ այդ աշխույժ ու ավերիչ «նիբոն» -ներուն (Nippon-ֆրանս. ճապոնացի-խմբ.): Ռուս-ճաբոնական պատերազմին ընթացքին էր, եւ այդ միջոցին Գերմանիո մեջ, ինչպես քիչ մը ամեն տեղ, այժմեությունը կուզեր, որ բոլոր պզտիկ ու ժիր բաները ճաբոնցիի նմանեին…

 

Այս կատուն հազիվ մեծ մուկե մը քիչ մը ավելի մեծ էր եւ գրեթե բնավ գործ չունեցավ մուկերուն հետ: Հակառակ ատոր՝ սիրեցի զինք: Սեփ սեւ, փայլուն մետաքսի կծիկ մըն էր կարծես կամ ձեռնամուշտակը տանտիրուհույն, երբ բազմոցին անկյունը, ինքն իր վրա պլորված, ինքզինքը կը հանձներ տիվանդորրի հեշտության: Մնացած ժամանակը կը խաղար որեւէ գլորվող կամ օրորվող առարկայի հետ, որ ճանկին տակ կիյնար:

 

Գալով մարդոց հետ իր հարաբերություններուն՝ Բուսին, ըսի՞, թե ֆրաու Մյուլլեր «Բուսի» մկրտած էր զայն, անուն մը, զոր գտնելու համար ուղեղատապ չէր ունեցած հարկավ-իր գալուն առաջին օրերուն փոխ առ փոխ այցելություն տվավ յուրաքանչյուր տնեցիի, ճաշասեղանին տակ, յուրաքանչյուրին ոտքին իր ծոծրակը քերեց մեղմիվ եւ խաղաց ծայրովը անձեռնոցներուն, զորս կամացուկ մը վար կը քաշեր, երբ շատ քաջալերության հանդիպեր վերեն: Բայց աս իր կողմեն կարծես փորձ մըն էր ամենուն մեջեն իրեն համար լավագույն բարեկամը, պաշտպանն ու զվարճության ընկերը գտելու, ինչպես որ ալ գտավ իրոք: Եթե մեծամիտ չըսեք ինծի, պիտի հայտնեմ, որ ես եղա իր ընտրության առարկան…Բուսին տարամերժորեն իմ ընկերությունս կը փնտրեր հիմա, ինծի հետ կը սիրեր զբոսնուլ կամ երազել, երազել կամ զբոսնուլ հաջորդաբար, ամեն օր՝ երկար վայրկյաններ:

 

Արդյոք անո՞ր համար իր նախասիրությունը, որ զգաց, թե ես եղած էի պատճառ իր այստեղ գալուն, թե ոչ՝ ավելի բանաստեղծական ու գերանուրբ բաղտրությամբ մը, հասկցավ, որ իրեն պես ու իրմե ավելի օտարական մըն էի հոս, միակը, որ բոլոր այս Հյուսիսի մարդոց մեջ կուգար հեռավոր արեւոտ Արեւելքեն, այն Արեւելքեն, որ խորախորհուրդ անցյալի մը խորեն հավանորեն օրրան եղած էր իր՝ կատուներու ցեղին ալ, ինչ որ ամեն կատուի պես ինքն ալ կհայտներ իր տարապայման սիրովն արեւի, երբ ոեւէ տեղ անոր տարածած լույսի տակ սփռոցին վրա կերթար երանավետ անշարժության մը մեջ փռելու իր բոլոր անդամները, ատեն-ատեն՝ պոչը միայն, լուրջ ու անտարբեր մեքենականությամբ մը, զարնելով ընդհատաբար. չէ՞ որ այդ օտարականն ալ, այս մշտանձրեւ քաղաքին մեջ, կը հալեր կարոտովն իր ծննդավայրին պայծառ երկինքներուն, ու ատկե զատ ՝ անդրադառնալով սիրակցորդ մտերմությանը վրա իր եւ Բուսիին՝ անիկա կխորհեր, թե մինչ շուներն, օրինակի համար, տեսակներով կը տարբերին անհունորեն, կատուները ամենուրեք մին են գրեթե. մեկ ձեւ ու մեկ դեմք, ուրկե կհետեւցներ, թե…արվեստին նման կատուն ալ հայրենիք չունի կամ, ինչպես արվեստը, կատվին ալ հայրենիքը Արեւելքն է միայն…

 

Ճաշե անմիջապես վերջը, մանավանդ, երբ անկյունաբազմոցին վրա առանձնացած՝ պատկերազարդ թերթերը կը թղթատեի կամ դուրսը Եունկֆերնսթիկի անցուդարձ ու Ալսթերին վրա երթեւեկող պզտիկ նավերը կը դիտեի, Բուսին իսկույն կուգար, կը գտներ զիս, կամաց մը սահելով դուռնեն ներս՝ նախ ուռենալով ու մռլտալով՝ ոտքիս տակ, ու հետո հանկարծ, զսպանակե մը նետվածի պես, ցատկելով քովս ու տեղավորվելով ծունկիս վրա… Այն ատեն կը մխրճեի մատներս իր թավ ու սեւ ստեւին մեջ, կշոյեի զինք երկարորեն ու մերթ ընդ մերթ կը քերեի գլուխն ու ծոծրակը, ինչ որ անխուսափելի կերպով պատճառ կըլլար, որ ձգեր իր արդեն առաձիգ մարմինը եւ կիսամերկ ճանկերովը բզկտել փորձելով հագուստներս՝ իր փշապատ լեզուն ձեռքիս վրայեն անցներ կանոնավորաբար.այս՝ սիրո իր գերագույն արտահայտությունն էր, եւ տարօրինակ զգայություն մը կը հայթայթեր ինծի, որմէ կը նեղվեի ու հաճույք կը զգայի միանգամայն...

 

Անգամ մը, մեր այս կատարյալ համաձայնությունը ծանր փորձի մը ենթարկվեցավ. ահավոր արկած, որ կրնար մոռցնել  տալով միասին անցուցած երջանիկ ժամերը՝ մեզ անհաշտ թշնամիներ ընել իրարու:

 

Իրիկուն մըն էր. մութը կոխած էր արդեն:

 

Աճապարանքով մը ննջասենյակս մտած էի ու հանդերձապահիս էն վարի դարակը բանալով՝ թաշկինակ մը առած էի: Դարակս հետ հրեցի: Նույն րոպեին, դեռ չամբողջացուցած շարժումս, հանկարծ անօրինակ, անլուր ճիչ մը, վայնասուն մը պոռթկաց մութին մեջ՝ այնչափ մոտավոր եւ այնչափ մարդկային աղեխարշ ձայնով մը, որ պահ մը- անհեթեթ երնթադրություն- կարծեցի ես ինքս ըլլալ պոռացողը՝ մութին մեջ անգետս վիրավորված կամ խայթված գուցե: Բնազդմամբ դարակս դուրս քաշեցի  իսկույն եւ ակնթարթ մը սպասեցի մարմնական ցավի , եթե ես էի պոռացած: Բայց սրտիս բաբախումեն զատ՝ ուրիշ բան չէի զգար, ու կիմանայի, ընդհակառակը, նույն ցավատանջ, բայց ավելի կենդանական ձայնը, որ երթալով կը եղանակավորվեր ու վազելով կը հեռանար, կը քաշկռտվեր մինչեւ վար, խոհանոցին անկյունը, եւ հոն կը խուլնար, կը խեղդվեր հետզհետե...

 

Վայրկյան մը վերջ դժբախտ եղելությունն ամբողջովին կըմբռեի. խեղճ Բուսին մութին մեջ հետեւած էր ինծի մինչեւ իմ ննջասենյակս, մինչեւ դարակիս քով, որուն բացվածքին մեջ թողած էր իր պոչը աղեղված ինծի համար, իր համակրանքեն չկրնալով երեւակայել, թե իրեն այնչափ անուշադիր պիտի ըլլայի, որ դարակն իր պոչին վրա գոցեի: Եվ աղետը պատահած էր. ահավոր, անդարմանելի: Իր սիրտ պատռող ճիչը, որուն նմանը լսած էի անգամ մըն ալ Պոլիս, երբ անգութ ճիյերճի մը կատու կորձատեր, դեռ ինծի կը հասներ վարեն խոհանոցեն, ուր փութացի Բուսիին սիրտը առնելու, թերեւս տեղի ունեցած ահեղ թյուրիմացությունը իրեն պարզելու համար...

 

Սեւ կատուն Պոլսում Սեւ կատուն Պոլսում

Լուսանկարը` Bahadir Kutlak

 

Վառարանի քով, աթոռակի մը տակ, լամբարին տմոյն լույսովը կը տեսնեմ զայն պստիկ շարժուն ստվեր, որ մերթ կնստի՝ պոչը լզելու համար, եւ մերթ կսկիծեն ոտքի կելլա ու կդառնա ինքն իր վրա՝ միշտ ճչալով, ճիչ մը, որ երեխայի մը լացին կը նմանի հիմա ու կընդհատի ատեն-ատեն, նստած եւ պոչը լզած վայրկյանին: Զգուշությամբ կը մոտենամ իրեն. «Վա՜խ, Բուսին, վա՜խ , Բուսի» մրմնջելով ցավագին եւ իր զբաղված մեկ րոպեեն օգուտ քաղելով՝ կը փորձեմ ձեռքս գլխուն դնել: Հանկարծ կը ցատկե վրաս այն բարի բարեկամ Բուսին՝ վայրագ ու կատաղի, բոլոր ճանկերը բացած եւ աչքերեն բոցեր արձակելով: Կընկրկիմ, կհասկնամ, որ այս պահուն ամեն փորձ անօգուտ է, եւ տխրորեն դուրս կելլեմ խոհանոցեն՝ զինքը առանձին թողելով՝ իր մեծ ցավին հետ, զինքը լուսաբանելու եւ մխիթարելու… Հույսս լավագույն առիթի մը վրա դնելով…

 

Հաջորդ քանի մը օրերուն զիս հեռուն տեսած թե չէ՝ կը փախչեր, կանհետանար ան: Իր այս քենը, մեր նախկին մտերմության փոխան՝ իր կողմէ ցույց տրված այս ոխակալ վարմունքը կսկծալի, անհանդուրժելի կուգար ինծի: Անհամբեր էի խնդիրը բացատրելու եւ դադրեցնելու այս դադարը մեր «սիրալի համաձայնության» մեջ: Դեռ քանի մը անգամ հպարտությամբ մերժեց հատության համար ըրած անկեղծ ջանքերս. զիս չտեսնելու, չլսելու կզարներ եւ նայվածքը զոր ուրիշ կողմ կը դարձներ կամ կը գոցեր, երբ իրեն կը նայեի՝ կը թվեր ըսել ինծի.

 

«Ինչպե՞ս չզգացիր, դուն այնչափ բարեկամ ինծի, դուն, որուն հետ այնչափ անդորր ժամեր անցուցած էինք միասին կատարյալ ներդաշնակությամբ, ինչպե՞ս չզգացիր, թե քովդ կեցեր էի այդ պահուն, թե այդ իրիկունը ետեւեդ մինչեւ քու ննջսենյակդ գալով՝ քեզի հավատարմությանս մեկ նոր նշանը տալ կուզեի: Թերեւս դուռնեն ներս մտնելուս մուկի հոտն ալ առած էի, բայց ես անոնցմե եմ, որ բարեկամին համար իր թշնամին անգամ կմոռնա»:

 

Կհասկնայի զինքը ու կպատասխանեի իրեն.

 

«Իրավունք ունիս, անու՛շ Բուսի, պետք էր զգայի քու ներկայությունդ, բայց խորհե, որ մենք ՝մարդիկս, ձեզի պես պարզ չենք, փոխանակ տունի մը կամ, շատ-շատ, մեկ քանի տանիքներու ասպարեզն ունենալու մեզի սահման ինչ որ ձեզ նախնական եւ կատարյալ կպահե՝ ձեր ամբողջ բնազդներովը- մենք այնչափ շատ բան, շատ տեղ ու շատ դեպք կտեսնենք, քմեն օր այնչափ տարբեր մտածումներ եւ զգացումներ կունենանք փայլակնարագ հաջողությամբ մը, որ ալ գրեթե կորսուցած ենք այն մեծ կարողությունը, զոր դուք ունիք՝ առանց ծանոթ զգայարաններուն օգնության, միմիայն բնազդով զգալու կարողությունը»:

 

 

 

Դեռ չէր համզովեր, դեռ չէր զիջաներ՝ այդչափ շուտ ներելու ինծի: Միակ գոհությունը, զոր ինծի տվավ այդ դժբախտ օրերուն, սա էր, որ ուրիշներու կողմե իրեն եղած սիրո ու գգվանքի առաջարկները չընդունեց ու զանոնք փոխարինելով՝ իր վերքեն ավելի ծանր վիրավորանք մը չհասցուց ինծի: Հազիվ ֆրաու Մյուլլերին թույլ կուտար շոյել զինք երբեմն, բայց կարճ միջոց մը միայն եւ կես-քուն, կես-արթուն պառկած պահուն, անհամբեր շարժումներ կըներ եւ անգամ մը նույնիսկ ճանկեց անոր ձեռքը: Հետո, քիչ առ քիչ, իր ոխը պակսեցավ: Ալ իմ ներկայությունս զինք չէր փախցներ, ընդհակառակն, անիկա քայլ առ քայլ մոտենալով՝ ամեն օր մեյմեկ քիչ կլցներ մեր միջեւ բացված անջրպետը: Կկենար, կքններ, կհարցուփորձեր զիս, ու ես՝ հակառակ երբեմն խնդալու փափագիս, կզգայի, թե ատիկա անխորհուրդ բան մը պիտի ըլլար այդ պահուն թե այդ րոպեին իր պզտիկ ուղեղին մեջ ծանր աշխատություն մը կկատարվեր, զոր պետք էր հարգեի…

 

Անհամբեր կսպասեի վերջնական հաշտության ժամուն, որ չուշացավ: Աղետալի դեպքերեն ութ օր ետքը, իրիկուն մը նորեն, երբ բավական մոտեցեր էի իրեն, ու ինքը չէր փախած, ծռեցա ու երկյուղածությամբ ձեռքս կռնակին քսեցի: Թույլ տվավ, որ ընեմ: Այն ատեն վեցուցի զինք ու զսպված գորովով մը, որ գոհ էր հորդելուն, թեւերուս մեջ ու կուրծքիս վրա սեղմելով իր ճիղմ մարմինը՝ գացի բազմոցին անկյունը նստիլ՝ աղետի օրվան պես մրմնջալով հուզումնաձայն. «Վա՛խ, Բուսի, վա՛խ, Բուսի»: Նախ՝ ոեւէ շարժում չըրավ ՝ անձնատուր գգվանքներուս, գիտնալով, որ ինծի կրնար ցույց տալ այս պարագային սիրո մեծագույն բաժինը: Հետո, երբ թուլցուցի թեւերուս սեղմումը, կարգը եկած համարեց հայտնելու, թե ալ ինծի ոխ չէր պահեր, հանկարծ կուրծքս ի վեր մագլցելով ու խորունկ-խորունկ ճանկռտելով բաճկոնս՝ առաջին անգամ ըլլալով՝ լզեց երեսս...

 

 

 

Հիմա ճաշեն ետք կուգա նորեն, կնետվե քովս, ու ծունկիս վրա կամաց-կամաց իր տեղը շինելով՝ ծոծրակը կներկայացնե մատներուս շփումին: Ատեն-ատեն աչքերս ակամա պոչին վրա կդառնային ու հիշելով մթության մեջ պատահած մեծ արկածը, զգայությունը կունենայի տեսնել սա գրկիս մեջ հանգչող ու ներդաշնակ շնչառությամբ մը ելեւէջող պզտիկ սեւ կատվին, եւ իմ միջեւ մութ իրիկուն մը անցած ուրիշ «սեւ կատու» մը, որ շուտով փարատեցավ բարեբախտաբար ՝ մինչ եթե կխորհեի անցներ իմ եւ իմ մեկ նմանիս մեջտեղեն, հավիտյան տեւեր գուցե մեր փոխադարձ անիմաստ ու անսահման անձնասիրություններուն, մեր տխմար ու հավասարաչափ հպարտությանց պատճառավ…

 

Հրապարակումը պատրաստել է Լիլիթ Ավագյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին