Մահարու անտիպ նամակները Իսահակյանին - Mediamax.am

exclusive
17934 դիտում

Մահարու անտիպ նամակները Իսահակյանին


Լուսանկարը`


Գուրգեն Մահարու անունը տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում հաճախ է հանդիպում: Առաջին նյութը սփյուռքահայ գրող Զարեհ Որբունու՝ Մահարուն ուղղված անտիպ նամակն էր:  Գուրգեն Մահարին նամակագրություն էր վարում Սփյուռքի գրողների` Շահան Շահնուրի, Համաստեղի, Զարեհ Որբունու, Հրաչ Զարդարյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Կարապետ Սիտալի եւ շատ ուրիշների հետ: Մի նամակ էլ՝ 1966 թ. հունիսի 22-ին, ուղարկում է Փարիզ՝ գրող Զարեհ Որբունուն՝ խնդրելով գրել իր ինքնակենսագրականն ու ուղարկել իրեն:

 

Թե ինչպես է Որբունին գրում իր «Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ» երկար ինքնակենսագրությունը, թե ինչպես Մահարին անընթեռնելի ձեռագրի պատճառով այդպես էլ  չի կարողանում ընթերցել նամակը, ու թե ինչպես է տատիկս  վերծանում այն, ժամանակին ներկայացրել եմ «Ինքնագիր» հանդեսում:

 

«Մեդիամաքս»-ում էլ բոլորովին վերջերս տպագրեցինք Գուրգեն Մահարու անտիպ նամակը՝ Զապել Եսայանին:

 

Տատիկիս արխիվում պահպանվում են նաեւ Ավետիք Իսահակյանին ուղղված շատ գրողների, քաղաքական գործիչների անտիպ նամակները, որոնք հրապարակելու համար դեռեւս որոշ աշխատանք կա անելու:

 

Այդ նամակների մեջ են նաեւ Գուրգեն Մահարու՝ Իսահակյանին ուղղված երկու նամակ եւ երկու փոքրիկ ոտանավոր:

 

Ստորեւ ներկայացնում ենք դրանք:

 

24 հուլիսի, 1955 թ., Երեւան

 

Թանկագին վարպետ!

 

Կինս, Անտոնինան, որը սիրում է իր մայրենի, լիտվական պոեզիան եւ նույն սիրով սկսել է կարդալ եւ սիրել մեր պոեզիան եւ ամենից ավելի Ձեզ եւ Ձեր պոեզիան, վաղուց խնդրել էր ինձ ունենալ Ձեր գիրքը Ձեր մակագրությամբ, եւ ես վաղուց խոստացել եմ նրան:

 

Այժմ, երբ նա գտնվում է ծննդաբերական տանը եւ հաջող տանջանքներով նվիրել է ինձ մի մանչ (1), շատ կուզենայի կատարել նրա ցանկությունն այս առթիվ եւ կուզենայի, որ երբ նա տուն գա, սեղանի վրա գտնի նրա համար եւ ինձ համար թանգ այդ նվերը, որն ամենաթանկագին նվերն է թե նրա եւ թե ինձ համար: Խնդրում եմ կատարեք իմ ցանկությունը եւ չհամարեք այն ավելորդ սանտիմենտալիզմ:

 

Առողջությունս լավ չէ, սիրելի վարպետ, մասնավորաբար վերջին օպերացիայից հետո, բայց ամենայն վճռականությամբ որոշել եմ տոնել Ձեր փառապանծ ութսունամյակը, а там видно будет- ինչպես ասում են ռուսները:

 

Ջերմ ողջույն տիկին Սոֆիկին:

 

Սիրով Ձեր՝

 

Գուրգեն Մահարի

 

***

 

18 հունիսի, 1957 թ., Երկաթաջուր (Ժելեզնովոդսկ - խմբ.)

 

Թանկագին վարպետ,

 

Տղաներս տեղեկացրին ինձ քո քաջ առողջության մասին: Չեմ կարող մի քանի տողով չարտահայտել ուրախությունս: Թող Բնությունը, որի մի պերճ հյուսվածքն ես դու, հիրավի, երկար եւ ուրախ տարիներ տա քեզ եւ մենք քո կյանքով ուրախանանք:

 

Թանկագին Ավո,

 

Գտնվում եմ ընտանիքով Ժելեզնովոդսկում: Բուժվում եմ հանքային ջրերով. երանի թե ամեն ինչ հանքային ջրերով բուժվեր…

 

Այստեղի հայությունը երկու հոգի է ճանաչում Հայաստանի հայերից՝ Ավետիք Իսահակյանին եւ Վազգեն I-ին, եւ որովհետեւ գիտեն կամ ենթադրում են, որ ես ծանոթ եմ Ավ. Իսահակյանին, սկսեցին հետաքրքրվել նաեւ իմ առողջությամբ…

 

Ես հաղորդեցի Դերենիկի (2) մահվան մասին, հարցնում են, «Գրո՞ղ էր»…

 

Կարոտում եւ համբուրում եմ քեզ, թանկագին վարպետ:

 

Քո՝ Գ. Մահարի 

 

***

 

Սիրելի Ավոյին

 

Կը բարձրանա՛նք մենք այս փոշուց,

այս ավարից, ավերից,

կը բարձրանա՛նք մենք

այս փոշուց,

Իսահակյան Ավետիք…

 

26.VIII, 28 թ.

 

Այնքան հեռու եւ այնքան մոտ

Կարկաչում է հին մի առու.-

Օրամուտի անուշ կարոտ,

Լավ աղջկա հետ կապված գարուն:

սիրում եմ քեզ, թեեւ գիտեմ,

Իմ երկիրն է վառվում քո դեմ,

Իսահակյան, վերջին երազ …

 

1929 թ., Երեւան

 

Լիլիթ Ավագյան

 

Ծանոթագրություններ

1. Խոսքը 1955 թվականին ծնված Գուրգեն Մահարու որդու մասին է, որի անունը եւս Գուրգեն են դնում:

2. Նկատի ունի Դերենիկ Դեմիրճյանին, որը մահացել է 1956-ի դեկտեմբերի 6-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին