Վահրամ Փափազյանն իր առաջին ամուսնությանը «Հետադարձ հայացք» գրքում բավականին ընդհանուր է անդրադարձել:
1911 թվականին Պոլսում Փափազյանի թատերախմբում ներգրավված էին Աղավնի (Հրաչյա) եւ Ադրինե Դերձակյան քույրերը:
«Եվ եղավ մի օր, երբ երկու քույրերը, որոնց մասնակցությամբ էր պայմանավորված մեր թատրոնի գոյությունը, անկարող եղան դիմադրել մի թյուրք թատրոնի կողմից իրենց առաջարկված շլացուցիչ պայմաններին: Մեր թատրոնը նորից հասավ խափանման նախօրյակին: Փակել թատրոնը, ցրել խումբը, մի ամբողջ տարվա իմ աշխատանքը համարել չեղյալ, իմ ծննդավայրում հայաշունչ թատրոն ստեղծելու իմ ոսկե երազը՝ լոկ բանդագուշանք. Ահա ինչը չէի կարող հանդուրժել: ...Սաստիկ ջերմախտից գալարվում էի, երբ առավոտյան Սարգիս էֆենդին հորաքրոջս եւ մեր դերասաններից մի երկուսի հետ այցի եկան ինձ՝ ...մի առաջարկով: Ասում են՝ կյանքիս էջերում մեղքերս շատ են, բայց դրանցից ոչ մեկի համար այնքան չեմ ցավել, որքան այս մեկիս: Առաջարկությունը , որով եկել էին մոտս, ինձ դերասանուհիներից մեկն ու մեկի հետ ամուսնացնելն էր եւ մեր ամուսնությամբ երկուսին (Աղավնի (Հրաչյա) եւ Ադրինե քույրերին- Լ.Ա.) մեկտեղ վերջնականապես թատրոնին կապելը: Ամուսնանալ մեծ քրոջ՝ Աղավնու հետ: Իմ առարկությունը, որ օրիորդը առնվազն տասնհինգ տարով մեծ էր ինձնից, համոզիչ չեղավ: Դեռ հույս ունեի, որ ինքը՝ Աղավնին (Հրաչյա), կհասկանա այդպիսի քայլի անհեթեթությունը եւ, որպես տարեց կին, կհրաժարվի, սակայն մեծ եղավ զարմանքս, երբ հաջորդ օրը երկու քույրերը վերադարձան թատրոն, որից հեռացել էին մի քանի օր առաջ, եւ նստեցին փորձի: Մի շաբաթ անց, առանց աղմուկի, գողնիգող, ծնողներիցս ծածուկ, բոլորը թափվեցին գլխիս ու ինձ ամուսնացրին...» (1):
Լուսանկարը` ԳԱԹ արխիվ
«Այդ ամուսնությունը որքան անհեթեթ, նույնքան եւ անհետեւանք, թատրոնում, սակայն, իր անմիջական արդյունքը տվեց: Թյուրք իմպրեսարիոներից ոչ ոք չհամարձակվեց այդ օրից ի վեր անջատ բանակցություններ վարել Հրաչյայի հետ, եւ ստիպված եղան դիմել ինձ՝ որպես ամուսնու, եւ ամեն անգամ կատեգորիկ մերժում ստացան, մինչեւ հուսահատվեցին» (2):
Թատրոնի մեկենասը Փափազյանին անսովոր առաջարկություն է անում՝ իր, այսինքն՝ մեկենասի «մադամին» ուղեկցել Իսպանիա՝ ճամփորդության: Մինչ դերասանները, այդ թվում՝ Փափազյանի կինը՝ նման առաջարկից զարմացած, սպասում են Փափազյանի մերժմանը, Փափազյանը համաձայնում է...
Ճամփորդությունից վերադառնալուց հետո կնոջ վերաբերմունքն արդեն փոխված էր: Կարճ ժամանակ անց Փափազյանը հեռանում է կնոջից եւ մեկնում Կովկաս:
Ինչու՞ Փափազյանը թողեց կնոջն ու նորածին որդուն
Փափազյանի այս անբարենպաստ նկարագրությունը Հրաչյա Դերձակյանի մասին, այս ամուսնության մասին իրեն հատուկ մանրամասներով չգրելու պատասխանը գտնվեց Գառնիկ Ստեփանյանի «Վահրամ Փափազյանի հետ» հուշերի գրքույկում (3):
«Ամենեւին չէի կարծում, որ անվերջ սիրարկածների մեջ եղող մի դերասան կարող էր ունենալ ճշմարիտ խանդի պահեր: Բայց ունեցել է: Խոսքը Փափազյանի առաջին կնոջ՝ Հրաչյա Դերձակյանի մասին է: Փափազյանը նրա հետ ամուսնացել էր 1911 թվականին: Հրաչյայի մյուս քույրը՝ Ատրինեն, դերասան Մկրտիչ Ջանանի (4) կինն էր: Փափազյանի ամուսնությունն արժանացել էր ժամանակակից մամուլի ուշադրությանը:
Ամուսնությունից հազիվ երկու տարի անց, 1913 թվականին, Փափազյանը հանկարծ թողնում է ծննդավայրը, կնոջը, ծնողներին եւ եկավ Կովկաս ՝ ընդմիշտ հրաժարվելով Հրաչյայից, որից նա ուներ մեկ որդի:
Ինչու՞ եկավ: Փափազյանով զբաղվողներն այս պատմության կողքով անցել են՝ առանց պատճառները որոնելու: Ինքն էլ խուսափում էր այս մասին խոսելուց:
Նախ՝ տանք մի քանի բացատրություն:
Հրաչյան, դեռեւս Փափազյանի՝ Պոլսում գտնվելու տարիներին, խաղում էր նաեւ թուրքական խմբերում: Մի բան, որ Փափազյանի սրտով չէր: Ամուսնու՝ Կովկաս մեկնելուց հետո երեխայի հետ արդեն մենակ մնացած կինը հարկադրված էր խաղալ՝ որտեղ պայմաններն ավելի նպաստավոր էին, թեեւ ավելի շատ մասնակցել է հայկական ներկայացումներին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց Պոլսո հայ դրամատիկ թատերախումբը, նա դարձավ այդ թատրոնի՝ առավել աչքի ընկնող դեմքերից: Նրան էին վստահվում դասական պիեսներում գլխավոր դերերը:
1920 թվականի գարնանը, երբ Փափազյանը Պոլսում նորից երեւաց, թվաց, թե զույգը կվերամիավորվի:
Բայց Փափազյանը Պոլիս էր եկել՝ իր հետ բերելով ռուս կնոջն ու փոքրիկ Մարիային: Նա չի ցանկացել տեսնել Հրաչյային ու արդեն ութ տարեկան դարձած որդուն:
Լուսանկարը` ԳԱԹ արխիվ
Իսկ երբ կրկին վերադարձավ Կովկաս, Հրաչյան հարկադրված երեխայի հետ մեկնեց Ամերիկա:
Այսքանը գիտեի, երբ լույս տեսավ Փափազյանի «Հետադարձ հայացք» հուշագրությունը, որտեղ աննպաստ տողեր կային առաջին կնոջ հասցեին (5): Դեպքերն էլ նկարագրված էին այնպես, որ կարծեք իրական ամուսնություն չի եղել, մինչդեռ, ինչպես ասացի, նրա ամուսնությունը հիշատակված էր անգամ մամուլում:
Դժգոհ էի մնացել նրա այդ վերաբերմունքից: Դժգոհ էին նաեւ փաստերին իրազեկ այլ մարդիկ, այդ թվում՝ դերասան Կոթիկյանը (6):
Ահա այդ ամիսներին էր, որ Գրականության եւ արվեստի թանգարանը ձեռք բերեց Մկրտիչ Ջանանի փոքրիկ արխիվը, որտեղ մի քանի լուսանկարներ կային: Դրանցից մեկը հուզեց ինձ ու Կոթիկյանին: Դա Հրաչյայի լուսանկարն էր՝ գրկին երեխան՝ այնքա՛ն նման Փափազյանին:
Լուսանկարը` ԳԱԹ արխիվ
Երկուսով երկար նայեցինք այդ լուսանկարին, կարծիքներ փոխանակեցինք, բայց որոշեցինք այդ մասին ամենեւին չխոսել Փափազյանի հետ՝ ավելորդ հուզում չպատճառելու համար:
Որոշեցինք, բայց ես մեղանչեցի: Այն էլ՝ ոչ թե մեկ, այլ երկու. առաջինը՝ գիտակցաբար, երկրորդը՝ անգիտակցաբար: Զղջացել եմ այդ զույգ մեղանչումների համար, որոնք վրդովմունք պատճառեցին մեծ դերասանին, բայց եթե չլինեին այդ մեղանչումները, չպիտի գրվեին հուշերիս այս էջերը, որոնք վերաբերում են Փափազյանի կյանքի վաղ տարիների մի դրվագի:
Առաջին մեղանչումս տեղի ունեցավ հետեւյալ պայմաններում: Մենակ էինք թանգարանում: Չգիտեմ՝ ինչպես պատահեց, բերանիցս թռցրի, թե տեսել եմ նրա որդու գեղեցիկ նկարը, որը շատ նման է հորը: Ինձ թվում էր, թե ամեն ծնողի համար հաճելի խոսք էր դա: Եվ որովհետեւ մինչ այդ Հրաչյայի բարոյական մեղանչման մասին խոսք անգամ չէր եղել, մտքովս չէր կարող անցնել, թե իմ այդ նախադասությունը ինչ հետեւանք կարող էր ունենալ: Փափազյանը այլայլվեց, պրկվեց եւ հանկարծ ասաց, թե Հրաչյան իրեն դավաճանել է, թե այդ մասին այն ժամանակ իմացել են բոլորը: Դրա համար թողել է Պոլիսը: Հետագայում կինը շատ էր փորձել միանալ, բայց ինքը չէր ցանկացել:
-Երբ վերջնականապես հույսը կտրեց, չվեց ինձ համար անծանոթ աշխարհներ: Այլեւս ոչ ես հետաքրքրվեցի իրենով, ոչ էլ նա՝ ինձնով: Այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ:
Չէի հավատում: Մի՞թե անցած երկար տարիների ընթացքում մեկնումեկը լուր չէր բերել նրա առաջին կնոջ մասին: Չէ՛, նա չէր մոռացել ո՛չ Հրաչյային, ո՛չ որդուն, որի մասին, ասում էին, թե ընթացել է հոր շավղով, դարձել է կինոդերասան: Չէր մոռացել. ապացույց՝ խանդի այն տեսարանը, որին ականատես եղա դրանից մի քանի ամիս հետո:
Իմ ձեռքն էր անցել մի շատ հետաքրքրական գիրք՝ թուրքերեն լեզվով, թուրք թատրոնի մասին: Դա Ռեֆիկ Աֆմեդի «Մոտ ժամանակների թուրքական թատրոնը» աշխատությունն էր, որտեղ լայն տեղ էր տրված հայերի մատուցած ծառայությանը թուրքական թատրոնի սկզբնավորման ու զարգացման գործում: Մի մեծ գլուխ հատկացված էր օսմանյան սահմանադրության տարիներին, այսինքն՝ Վահրամ Փափազյանի բեմելի շրջանին: Այնտեղ տպագրված էին այդ տարիներին Պոլսում գործող գրեթե բոլոր հայ արվեստագետների լուսանկարները;
Մտածելով, որ այս բոլորը պիտի ուրախացնի Փափազյանին, նրա մեջ վաղեմի հուշեր արթնացնի, վերցրի գիրքն ու գնացի նրանց տուն:
Ցույց տվեցի: Վերցրեց, նայեց , թերթեց մի քիչ, ասաց.
-Լատինատառ թուրքերեն քիչ եմ կարդացել, սովորել եմ արաբատառ:
Ապա ներածական հոդվածից մի քանի տող կարդաց, ծիծաղեց:
-Լեզուն որքան են փոխել, մեր ժամանակվա թուրքերենի կեսից ավելին արաբերեն բառեր էին, որ քչերն էին հասկանում:
Մեկ-մեկ շուռ էր տալիս էջերը:...Հասավ սահմանադրական շրջանին, ավելի ուշադիր նայեց, ավելի դանդաղ շուռ տվեց էջերը: Տեսավ հորիզոնական տպված մի լուսանկար: Թեքեց: Նայեց, երկար նայեց, այս անգամ մտքում կարդաց մակագրությունը: Կնճռոտեց ճակատը: Դա մի խմբանկար էր, որտեղ բոլոր դերասանուհիները հայեր էին, իսկ դերասանների մեջ կային հայեր էլ, թուրքեր էլ:
Նայեց, նայեց, հանկարծ մոլեգնորեն դեն շպրտեց գիրքը, ոտքի կանգնեց եւ գրեթե բղավելով ասաց.
-Ինձ մեղադրում էիր, թե առաջին կնոջս նկատմամբ անարդարացի եմ վարվել. չէիր հավատում, չէիր ուզում հավատալ: Եթե չլիներ ընտանեկան այդ փոթորիկը, կմնայի Պոլսում, շատ ծրագրեր ունեի, նոր թատերախումբ էի կազմել: Ամեն, ամեն ինչ թողի ու հեռացա այդ երկրից: Նայիր, նայիր, թե ում կողքին է նստել քո այդ բարեպաշտ միանձնուհին:
Բառեր չէի գտնում նրան հանդարտեցնելու համար, թեեւ ոչ մի տարօրինակ բան չէի տեսնում, որ դերասանուհին կարող էր նկարվել իր խմբի մարդկանց հետ»:
Լուսանկարն անհետացել է
Չափազանց մեծ էր ցանկությունս Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) պահվող Մկրտիչ Ջանանի արխիվից հանել Փափազյանի առաջին կնոջ եւ որդու լուսանկարը: Սակայն Ջանանի արխիվում այդ լուսանկարը չկար:
Փափազյանի առաջին կնոջ եւ որդու լուսանկարը չկար նաեւ Փափազյանի արխիվում: Փնտրեցի Պոլսի դերասանուհիների մասին պատմող նյութերի արխիվում: Չկար ու չկար:
ԳԱԹ-ի թատերական բաժնի աշխատակիցները չափազանց զարմացած էին՝ ու՞ր կարող էր անհետանալ լուսանկարը, եթե այն տեսել են Գառնիկ Ստեփանյանը, Արման Կոթիկյանը: Հնարավո՞ր է, որ Փափազյանն այն վերցրել է արխիվից: Չի բացառվում, քանի որ այդ լուսանկարի մասին անգամ արխիվի մատյաններում որեւէ նշում չկա:
Լիլիթ Ավագյան
Ծանոթագրություններ
1. Վահրամ Փափազյան, «Հետադարձ հայացք», Երեւան, 1965թ., էջ 285-286:
2. Նույն տեղում, էջ 288:
3. Գ.Ստեփանյան, «Վահրամ Փափազյանի հետ», Երեւան, 1979, էջ 45-50:
4. Մկրտիչ Ջանանյան, 1892-1938, հայ դերասան, դրամատուրգ: 1922-ին Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, այլ դերասանների հետ բնակություն է հաստատում Խորհրդային Հայաստանում: 1938 թվականին գնդակահարվում է:
5. Տես՝ ծանոթագրություն 1,2:
6. Խոսքը դերասան Արման Կոթիկյանի մասին է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: