Թումանյանը՝ Վերգինեին. «Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես» - Mediamax.am

exclusive
32973 դիտում

Թումանյանը՝ Վերգինեին. «Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես»


Լուսանկարը` Աննա Աբրահամյան

Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը
Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Դսեղ գյուղը
Դսեղ գյուղը

Լուսանկարը` Արամ Գրիգորյան

Հովհաննես Թումանյանի հորեղբայրը՝ Գրիշկա բիձան
Հովհաննես Թումանյանի հորեղբայրը՝ Գրիշկա բիձան

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան


Թումանյանի առաջին ոտանավորներից մեկը «Հոգուս հատոր, սրտիս կտոր», 1881 թվականին նա նվիրել էր Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցի իր դասընկերուհուն՝ Վերգինե Բաբաջանյանին:

 

Իհարկե, երկար մտածել պետք չէ. պատանին սիրահարվել է, գրել ոտանավոր, նվիրելի սիրելի աղջկան: Բայց ամեն ինչ, նաեւ այս պատմությունն, ունի մանրամասներ:

 

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում պահպանվում են Վերգինեի քրոջ՝ Վարսենիկ Գեւորգյանի (1) չհրապարակված հուշերը, թե ինչպես են ինքն ու քույրը ծանոթացել Հովհաննեսի հետ եւ ինչ պայմաններում բանաստեղծն իր ոտանավորը նվիրեց Վերգինեին:

 

Քանոնով «շան լակոտների» ձեռքերին

 

Թումանյանի նախնական կրթությունը կանոնավոր չէ: Ըստ Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի՝ հայրը գրել-կարդալ սովորել է հորեղբոր՝ Գրիշկա բիձու նորաբաց դպրոցում, որտեղ տառերից բացի՝ սովորել է նաեւ երգել:

Հովհաննես Թումանյանի հորեղբայրը՝ Գրիշկա բիձան Հովհաննես Թումանյանի հորեղբայրը՝ Գրիշկա բիձան

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

1877 թ.-ից  հաճախել է գյուղում բացված «տիրացու» Սահակ վարժապետի դպրոցը:

 

«Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում եւ մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

 

Վարժապետի առջեւ կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլեւս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թեւերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա»:

 

(Հովհ.Թումանյան, «Ինքնակենսագրություն»)։

 

Ստեփանավանը զինվորական փոքրիկ գյուղաքաղաք էր

 

Երբ Թումանյանը 10 տարեկան էր, 1879-ին, հայրը՝ տեր Թադեւոսը, որդուն տանում է Էջմիածին, Գեւորգյան ճեմարան, բայց տեսնելով այնտեղ «Ֆարաջավոր աշակերտների դեղնած դեմքերը եւ նրանցից մեկին էլ՝ մեռած, իր տղային հետ է բերում գյուղ», գրում է Նվարդ Թումանյանը 1946 թվականին Երեւանում լույս տեսած «Հովհաննես Թումանյանի մանկությունը» գրքում:

 

1879 թ.-ին Ջալալօղլում բացվում է երկսեռ դպրոց: Տեր Թադեւոսը  Հովհաննեսին՝ կրտսեր եղբոր հետ, ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:

 

Դպրոցի տեսուչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կրթված, զարգացած դեմքերից, Գաբրիել Այվազովսկու (2) սիրելի աշակերտներից, տեր Թադեւոսի մտերիմը: Վարսենիկը, ինչպես նաեւ Վերգինեն, որին Թումանյանը նվիրել էր սիրային իր ոտանավորը, Տիգրան Տեր-Դավթյանի դուստրերն էին: Ահա Վարսենիկի հուշերը.

 

«Նախքան Հովհաննես Թումանյանի մանկության մասին գրելը,  անհրաժեշտ է համառոտ կերպով նկարագրել Ստեփանավանի (նախկին Ջալալօղլու) հասարակական կյանքը եւ այն դպրոցը, որտեղ մեծ պոետը ստացել է իր նախնական կրթությունը:

 

Ստեփանավանը զինվորական փոքրիկ գյուղաքաղաք էր: Բնակչության մեծամասնությունը հայեր էին, փոքրամասնությունը՝ ռուսները: Եվ այդ պայմաններում այս երկու ժողովուրդներն ապրում էին անջատ, ուրույն կյանքով: Ռուսները պարապում էին հատկապես գյուղատնտեսությամբ, իսկ հայերը՝ մեծ մասամբ՝ առեւտրով: Վերջիններս ապրանք էին հատուկ ստանում զինվորականության համար,եւ, միեւնույն ժամանակ, հետզհետե ենթարկվում էին այդ զինվորականության կենցաղի արտաքին ազդեցությանը. ներքին կյանքի փոփոխություն չկար. առաջադիմություն, մտավոր առաջադիմություն չէր նկատվում: Մինչեւ 1878 թ. չունեին կանոնավոր դպրոց: Եկեղեցուն կից մի փոքրիկ շենքի մեջ ուսանում էր տղաների մի խումբ՝ բաղկացած զուտ հայկական ազգաբնակչությունից, իսկ գյուղի մի ուրիշ թաղամասում պարապում էին աղջիկները, որոնց դասատուն էր մի ոմն Խանում Ջաղինյան, որին անվանում էին Խալիֆա: Նա մորից ծնված լինելով երկու ձեռքի դաստակներից զուրկ՝ ապագայում աշխատանքի անընդունակ համարվելով, ծնողները տալիս են մի ինչ-որ սարկավագի մոտ գրել-կարդալ սովորելու: Ահա, այդ օրիորդի մոտ սովորում էին 6-ից մինչեւ 15 (տարեկան-Լ.Ա.)  գյուղի աղջիկները: Չնայած հասակների այդ մեծ տարբերությանը՝ բոլորի համար էլ միեւնույն «այբբենարանն» էր,ինչպես անվանում էին այն ժամանակ: Այս դպրոցը թե՛ իր խստության եւ թե՛ «մանկավարժական» այլանդակությունների տեսակետից չէր տարբերվում Տեր Թոդիկի դպրոցից: 1878 թ. Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերի շնորհիվ բացվում է առաջին երկսեռ դպրոցը, որտեղ առանց խտրականության՝ սկսում են թե՛ հայ եւ թե՛ ռուս մանուկները սովորել:

 

«Թող գա գյուղը,  քարին քացի տալով ապրի»

 

Ահա, այդ ժամանակներում, 1880 թ. օգոստոսի վերջերին, մոտակա Դսեղ գյուղից Տեր Թադեւոսը բերեց իր 11 տարեկան որդուն՝ Հովհաննեսին Ջալալօղլի՝ տալու մեր դպրոցը:

 

Չնայած իր տասնմեկ տարեկան հասակին՝ Հովհաննեսը բավականին բարձրահասակ էր, գունատ դեմքով, սեւաթույր մազերով: Թեպետ մենք փոքրիկ Հովհաննեսին առաջին անգամ էինք տեսնում, սակայն նրա հորը ճանաչում էինք դեռ վաղուց ու սիրում էինք:

Դսեղ գյուղը Դսեղ գյուղը

Լուսանկարը` Արամ Գրիգորյան

Լինելով հորս լավ բարեկամը՝ նա հաճախ գալիս էր մեզ մոտ, եւ հենց այդ վաղեմի բարեկամության շնորհն էր, որ մենք երեքովս ՝ քույրս՝ Վերգինեն, եղբայրս՝ Տելեմակը, եւ ես անմիջապես բարեկամացանք փոքրիկ Հովհաննեսի հետ: Մի երկու օր հորս հետ խորհրդակցելուց հետո տեր Թադեւոսը Հովհաննեսին տվեց ապրելու մի ոմն Խուրշուդ Գրիգորյանի տանը: Հովհաննեսը երկար չմնաց այդտեղ՝ պատճառ բերելով տան հեռավորությունը դպրոցից եւ թե այն հանգամանքը, որ տանտիրոջ երեխաները խանգարում են իր դասերը սովորելու: Հովհաննեսն այդտեղից անմիջապես տեղափոխվեց Ալեքսանդր Սաղաթելյանի տունը, որի մայրը իր՝ Հովհաննեսի հորաքույրն էր: Այստեղ էլ Հովհաննեսը չդիմացավ. լավ վերաբերմունք չէին ցույց տվել: Պետք է ասել, որ ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի օր կանոնավոր դաս չէր պատասխանել, եւ երբ  այդ մասին տեղեկացրին հորը՝ տեր Թադեւոսին, մի երկու օրից հետո նա անմիջապես եկավ ու որդուն հանդիմանելով՝ ուզեց հետ տանել գյուղ: «Թող գա գյուղը,- ասում էր ,- քարին քացի տալով ապրի, երբ որ ուսման արժեքը չի հասկանում»: Բայց իմ հայրը՝ Տիգրան վարժապետը, լսել անգամ չէր ուզում այդ մասին՝ հավանական է՝ աչքի առաջ ունենալով նրա առանձնահատուկ ու աչքի ընկնող բնավորությունը, որով Հովհաննեսը միանգամայն տարբերվում էր իր ընկերներից:

Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Նա սրախոս էր, ինքնավստահ, բայց ոչ հանդուգն, կենսունակ էր ու չար, բայց ոչ անկարգ: Նա ոչ շատ մոտենում էր ընկերներին, ոչ էլ վիրավորում որեւէ մեկին. սիրում էր բնությունը, գորտերի կռկռոցը, որոնցով հաճախ վախեցնում էր մեզ, պատմում էր իրենց գյուղից զանազան երեխայական արկածներից, իրենց սարերի բինից, անտառներից, թե ինչքան կխտարներ են լինում կամ ինչպես են գյուղացիք ողջ-ողջ բռնում նրանց: Հայրս, որ արգելք էր եղել Հովհաննեսին գյուղը վերադարձնելուն, այս անգամ, իր ընտրությամբ, փոխեց (տեղափոխեց-Լ.Ա.) նրան Ասատուր Խանաղյանի տանը: Չնայած տանտերերը չքավոր էին, բայցեւայնպես, Հովհաննեսի բախտից, թե՛ ինքը՝ Ասատուրը, եւ թե՛ , նամանավանդ, կինը՝ Խանզադյանը, վերին աստիճանի բարի եւ հյուրասեր բնավորությամբ էին օժտված: Այստեղ արդեն Հովհաննեսը ապրում էր գոհ, իր ցանկացածի պես, այդտեղ էլ, եթե չեմ սխալվում, նա գրում է իր մանկական առաջին ոտանավորները: Նա թվաբանությունից եւ աշխարհագրությունից շատ թույլ էր, մյուս առարկաներից էլ մի կերպ  հասցնում էր: Այդ պատճառով հայրս պատվիրեց նրան, որ ամեն երեկո մեզ մոտ գա դասերը պատրաստելու համար:

 

«Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես»

 

Երեկոյան դասերը շարունակվում էին: Քույրս խստությամբ էր վարվում մեզ հետ. Նա սկզբում սովորած լինելով Խալիֆայի դպրոցում՝ մեկ-մեկ գործի էր դնում խալիֆայական մեթոդը՝ ապտակելը, իհարկե, երբ որ մենք նրան համբերությունից հանում էինք: Մի անգամ, երբ քույրս թեթեւակի ապտակում է Հովհաննեսին, էն մեր պոետը առանձին եղած ժամանակ ասում է նրան. «Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես: Ահա տես՝ ինչ եմ գրել քեզ համար, փակիր, փակիր, թող ոչ ոք չտեսնի»: Եվ տալիս է քրոջս իր գրած փոքրիկ թղթի կտորը՝ իր առաջին ոտանավորը.

 

Հոգուս հատոր,

Սրտիս կտոր,

Դասիս համար

Դու մի հոգար,

Թե կան դասեր,

Կա նաեւ սեր ,

(Եւ) Էլ ինչ զարմանք,

Իմ աղավնյակ,

Որ կենդանի

Մի պաանի

Սերը սրտում՝

Դաս է սերտում:

 

1.Վարսենիկ Գեւորգյան Տիգրանի, 1870-1944, Ջալալօղլու դպրոցի տնօրեն:

2. Գաբրիել Այվազովսկի, 1812-1879, բանասեր, պատմաբան, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ, ծովանկարիճ Հ. Այվազովսկու եղբայրը:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին