«Խաբել են ինձ կուռքերը սուտ»` կների՞ ժողովուրդը Նաիրի Զարյանին - Mediamax.am

exclusive
66994 դիտում

«Խաբել են ինձ կուռքերը սուտ»` կների՞ ժողովուրդը Նաիրի Զարյանին


«Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության անտիպ օրինակը
«Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության անտիպ օրինակը

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Ստալինի արձանը Երեւանում
Ստալինի արձանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

Լուսանկարը` Գրական թերթ


«Ասպարեզ» թերթն իր 1962 թ.-ի հունվարի 19-ի համարում անդրադարձել էր Նաիրի Զարյանին եւ Չարենցի «Պատգամ» բանաստեղծությանը.

 

«Մարգարեաշունչ այդ պատգամին տառերու վերոհիշյալ կերտվածքին բանալին Չարենցը կվստահի գրող Նաիրի Զարյանին: Ու Չարենցի միամիտ վստահությունը՝ հանդեպ Նաիրի Զարյանի՝ ճակատագրական կըլլա իրեն համար: Չարենցը կձերբակալվի»: Խոսքը «Պատգամ» բանաստեղծության մեջ հայտնի աքրոստիկոսի մասին է՝.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Աքրոստիկոսը գաղտնագրված էր.

 

Նոր լույս ծագեց աշխարհին.

Ո՞վ այդ արեւը բերեց։ -

Ահա ոսկյա մի արեւ՝

Ճառագումով իր հրե՝

Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեց՝

Նոր աշխարհին ու մարդուն

Հղում է լույս զվարթուն։

Նոր աշխարհին ու մարդուն

Ո՛վ բերեց լույսն այս արթուն,

Օ՛, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ

Հրակարմիր, հրավարս.

Ադամանդյա լույսը այս։ —

Կքած կյանքի բեռի տակ,

Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ

Հիմարության համերգում —

Քանի՛ տարի, քանի՛ դար

Վկայեցիր անհերքում…

Ափերին այն խավարչտին

Ուր հայրենիքն էր մեր հին, —

Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,

Որ գերության անհաղորդ՝

Լուրթ՝ հոսելով դարից դար՝

Մթության մեջ այն համառ

Այս այգաբացն էր կրում,

Հո՛ւր այգաբացն այս հեռու՝

Հնուց պահած իր ջրում

Օ՛, ըղձակա՜ն այս հեռուն…

Կքած կյանքի բեռի տակ՝

Ոգի՛ անկոր, հո՛ւր գետակ…

Ահա վառվում է մեր նոր

Հաղթանակի լույսը բորբ.

Լվանում է նա հիմա

Վառվող ոգին մեր անմահ,

Չքնաղ արեւ՜ն այդ արի,

Վառված հրով աշխարհի…

Չկա՛ ուրիշ արեւ է՜լ.

Նա՜ է միայն, որ դարեր

Անմար՝ պիտի արեւե՜…

Լույսով վառված սակայն այդ՝

Նժարներից հիմա մենք

Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար. —

Մեր անցյալի խորամիտ

Է՜ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար…

 

9.V.1933 թ.

 

1936 թ.-ի նոյեմբերի 16-ին Չարենցին հարցաքննության են կանչել:

 

Հարց.- Ձեր «Գիրք ճանապարհի» «Պատգամ» բանաստեղծության մեջ աքրոստիկոսով Դուք անց եք կացրել հետեւյալ բովանդակությամբ հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգը.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ընդունու՞մ եք այդ լոզունգի հակահեղափոխական, դաշնակցական լինելը:

 

Պատասխան.- Ընդունում եմ, որ իմ «Գիրք ճանապարհիում», հրատարակված 1934-ին, «Պատգամ» բանաստեղծության մեջ երկրորդ տառերի աքրոստիկոսով ես ասել եմ.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բայցեւ ես դա ամենեւին չեմ համարում հակահեղափոխական դաշնակցական լոզունգ, որովհետեւ «ժողովուրդ» հասկացությունը ես կիրառել եմ սկզբունքորեն հակադիր ըմբռնումներով «ազգ» տերմինին, որ օգտագործում են դաշնակցականները: Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թվականին, երբ, ինչպես հայտնի է, Հայաստանի լեռնային շրջանների դրությունը աղետալի էր, դա օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ՝ որոշ չափով հոռետեսական տրամադրության համար, ինչը եւ արտահայտվել է իմ գրքի մի քանի էջերում, հատկապես այդ լոզունգի մեջ:

 

Հարց.- Ումի՞ց էիք ցանկանում փրկել հայ ժողովրդին:

 

Պատասխան.- Այն ղեկավարներից, ովքեր մեղավոր էին Հայաստանի՝ վերը նշված վիճակի համար:

 

Քննիչը հարցնում է, թե ու՞մ է Չարենցը վստահել ակրոստիքոսի գաղտնիքը: Պատասխան՝ Ակսել Բակունցին եւ Սուրեն Հարությունյանին:

 

Հարց.-Եթե այդ լոզունգը հակահեղափոխական չէ, ինչու՞ եք Դուք այն գաղտնագրել:

 

Պատասխան.- Խոստովանում եմ, որ չնայած այդ լոզունգի բովանդակության վերաբերյալ իմ ունեցած սուբյեկտիվ պատկերացմանը՝ որպես ոչ հակահեղափոխական, ամբողջապես եւ լիովին կարող է ընկալվել նաեւ որպես հակահեղափոխական:

 

(Դավիթ Գասպարյան, «Փակ դռների գաղտնիքը», Երեւան, 1994,էջ 28-29):

 

«Պատգամ» բանաստեղծությունը Չարենցին նացիոնալիզմի մեջ մեղադրելու փաստացի ապացույց է դիտարկվում: Չարենցին մեղադրում են ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 67, 68 հոդվածներով (հակահեղափոխական, նացիոնալիստական գործունեություն), 78-րդ (Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական համագործակցության վերացման նպատակով ազգային թշնամանքի բորբոքում, 17-65-րդ (ղեկավարության դեմ տեռորիստական գործողությունների նախապատրաստում) հոդվածներով:

 

Ըստ Դավիթ Գասպարյանի՝ Չարենցի աքրոստիկոսի մասին Բերիային հայտնել էին դեռեւս 1935 թ.-ին: Այն, որ Չարենցի անձի հանդեպ ընդգծված ուշադրություն կար, ակնհայտ դարձավ նաեւ 1936 թ.-ի հունվարի 10-ի «Գրական թերթ»-ից:

Լուսանկարը` Գրական թերթ

Տպագրված էր գրող Ստեփան Զորյանի զեկույցը, որը կարդացել էր Մոսկվայում: Դահլիճում ներկա Ստալինը նրան ընդհատում է եւ հարցնում.

 

-Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը:

-Ոչինչ,-պատասխանում է Զորյանը:

-Նրան կարծեմ նեղացնում են,-հետաքրքրվում է Ստալինը:

-Նա այժմ իրեն հրաշալի է զգում:

 

Ամիսներ անց պատրաստ էր Չարենցի ձերբակալման օրդերը՝ 1936թ., հուլիսի 26-ին: 1937 թ.-ի նոյեմբերի 27-ի առավոտյան 7-ին Չարենցը վախճանվեց Երեւանի բանտի հիվանդանոցում:

Ստալինի արձանը Երեւանում Ստալինի արձանը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

***

 

20-30-ականների, մասնավորապես ՝ 1936, 1937, 1938 թվականի գրական մամուլն ուսումնասիրելիս՝ գրեթե չեք գտնի հայտնի մի գրողի, որը զերծ լիներ իր գրչակից այս կամ այն ընկերոջը նացիոնալիզմի, հակահեղափոխականության ու տրոցկիզմի մեջ չմեղադրելուց: Սարսափելի ժամանակներ էին: Սակայն այս հրապարակման մեջ կանդրադառնանք միայն Նաիրի Զարյանին: Եվ ահա՝ ինչու:

 

Զարյանը  չափազանց մտերիմ էր մայրական տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի հետ: Թե ինչպես են մտերմացել, չգիտեմ: Ամեն դեպքում, տատիկիս արխիվում է Զարյանի բանաստեղծությունների  մի տետրը: Այդ տետրի բանաստեղծություններից կազմվել է Զարյանի՝  1957 թ.-ին լույս տեսած «Արեւ եւ ստվեր» ժողովածուն:

 

1960 թվականին Ն. Զարյանն իր բանաստեղծություններ «աշխատանքային» տետրը նվիրել է տատիկիս՝ հետեւյալ մակագրությամբ.«Սիրելի Արփիկին՝ ի տրիտուր նրա բարի արխիվասիրության: Ն. Զարյան , 02.03.1960, Երեւան»:

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Հենց այդ տետրում է նրա «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության նախնական, չմշակված տարբերակը:

 

Ինչու՞ էր Զարյանն ակնկալում ժողովրդի ներողամտությունը: Ո՞ր հանցանքների համար: Բանն այն է, որ ըստ պահպանված փաստաթղթերի՝ ժողովրդի ներողամտությունը հայցելու պատճառներ Զարյանն ուներ: Գրավոր արձանագրություններ կան, որ Զարյանը Չարենցի (եւ ոչ միայն նրա ) դեմ պայքարը սկսել էր շատ ավելի վաղ, քան 1935-1936 թթ.: Նման վկայություններ պահպանվում են Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվում, Հայաստանի ազգային արխիվում, ՊԱԿ արխիվում:

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանն ՝ իր «Փակ դռների գաղտնիքը» գրքում գրել է.«Շատերը զոհ գնացին արյունոտ նախճիրին, շատերը աքսորվեցին: Ն. Զարյանը փրկվածների մեջ էր, «մնացորդաց» նոր սերնդից: Ինքնապաշտպանական ճիգերի եւ իր բոլշեւիկյան նվիրվածությունն ապացուցելու խանդավառ ճիչերի մեջ նա եւս տուժեց, որովհետեւ այս տարիները եղան նրա տաղանդի կործանման եւ բարոյական նկարագրի աղավաղման տարիներ, որովհետեւ ժամանակի պարտադրանքով նա ջանաց իր կարողությունները հարմարեցնել ստալինյան պահանջներին»:

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Ինքը՝ Զարյանը, 1937 թ.-ին մի նամակ է գրել ՝ «Ո՞վ եմ ես» վերնագրով ( նույն տեղում,  էջ 652).» 1934 թվականին, երբ հակահեղափոխական գրողները հանդես եկան մի առանձնահատուկ լկտիությամբ եւ աշկարա (բացահայտ - Լ.Ա) քարոզում էին իրենց նացիոնալիստական-տրոցկիստական գաղափարները, երբ նրանք Լինչի դատաստան տեսան բոլոր նրանց հետ, ովքեր կուլտուրայի, հատկապես գրականության հարցերում փորձում էին պաշտպանել լենինյան-ստալինյան գիծը, կատաղի խանջյանականության այդ օրերին ես գրեցի հենց իր՝ Խանջյանի եւ նրա ոհմակի դեմ ուղղված պոեմների ու բանաստեղծությունների շարք: Այսպես՝, «Վաչագան Հատորունի» (երգիծանք) պոեմն ուղղված է հակահեղափոխական գրչակներ Թոթովենցի, Ալազանի, Բակունցի, Մահարու, «Վեպի հերոսները» երգիծական պոեմը՝ Ալազանի, «Ֆիրդուսի» պոեմը՝ Չարենցի, «Երկու հանճարեղ գլուխ» պոեմը՝ Խանջյանի եւ նրան քծնողների, «Իմ երիտասարդ մայրը» պոեմը՝ Բակունցի ու Չարենցի եւ, ընդհանրապես, դաշնակցության դեմ»: (…) Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարում հանդես եկա ճառով եւ բազմաթիվ փաստերի վերլուծության հիման վրա ցույց տվեցի Չարենցի, Բակունցի, Ալազանի, Մահարու, Թոթովենցի, Արմենի, Սուրխաթյանի, Պ. Մակինցյանի, Ա.Կարինյանի եւ մյուսների գրքերում եւ հոդվածներում առկա նացիոնալիստական-տրոցկիստական գիծը: (…) Բայց ես չմնացի Հայաստանի շրջանակներում: Հայ գրականության մեջ առկա նացիոնալիզմի դեմ ջախջախիչ ճառով ընդդեմ Չարենցի, Բակունցի, Ալազանիեւ մյուսների/ես հանդես եկա Մոսկվայում» (նույն տեղում, էջ 661):

«Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության անտիպ օրինակը «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության անտիպ օրինակը

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվից

Եվ, ահա, 1955-ին հետո Զարյանի ձայնի տոնայնությունը փոխվում է: Զղջու՞մ է: Ամեն դեպքում, ահա նրա «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծության առաջին, չխմբագրված, անտիպ օրինակը.

 

15.08,1955 թ. Ստեփանավան

 

Ներիր ինձ, իմ ժողովուրդ

 

Շատ եմ խաբվել ու խոտորվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,

Սուտ սրբերով շատ եմ տարվել, ներիր ինձ, իմ ժողովուրդ,

Խաբել են ինձ կուռքերը սուտ,

Ես մոլորվել եմ շատ անգամ,

Ես որոնել եմ քո ճամփան

Քեզ եմ փնտրել միշտ անօգուտ

Եվ մոլորվել եմ շատ անգամ

Դու ինձ ներիր, իմ ժողովուրդ:

 

Արդեն 1969 թ.-ին, իր մահից ամիսներ առաջ, Նաիրի  Զարյանը ՀՀԿ Կենտկոմի բյուրոյին նամակ ուղարկեց (այն պահվում է ՀԱԱ Մ.Արմենի ֆոնդում, ֆ.972, ց. 1, գ.132): 30 մեքենագիր էջից կազմված այդ նամակում Զարյանը գրել է.

 

«Իրողությունն այն է, որ «ժամանակներն այդպիսին» էին, եւ նրանք մեջտեղից վերացրին ոչ միայն Չարենցին ու նրա գրական համախոհներին, այլեւ իմ գրական այն ժամանակվա համախոհներին՝ Հայկ Գյուլիքեոխվյան եւ ուրիշներ: Ինձ երկու անգամ (1937-38 թթ.) հեռացրին կուսակցությունից եւ մտադիր էին բանտարկել: (…) Հիմա էլ ես այս դիմումը գրում եմ զայրույթի ու ցավի զգացմունքով: Մի՞թե ես պետք է մինչեւ կյանքիս վերջը դիմումներ գրեմ՝ ապացուցելու համար, որ այն չեմ, ինչպես ինձ ուզում են պատկերացնել»:

 

Զղջացե՞լ է Զարյանը: Բայց ո՞րն է զղջման գինը. Չարենցը մահացավ 40 տարեկանում, Բակունցը գնդակահարվեց 38-ում:

 

Ամեն դեպքում, վերոնշյալ նամակում Զարյանը ներկայացրել է նաեւ 1960 թ.-ին Չարենցին նվիրված անտիպ բանաստեղծության այս կտորը.

 

Քո մահն իմ կորուստն է դառնակեզ,

Ես ողբացել եմ քեզ հազար անգամ,

Հազար ափսոս, որ դու կենդանի չես,

Իմ ախոյան, վարպետ եւ բարեկամ:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Պահոց | Հունիս 29, 2024 10:19
Բաց կապույտ սենյակը
Մեր ընտրանին