Մեդիան «մեռավ ու ապրեց». Մեդիամաքսի երեկոյան դպրոցի առաջին հանդիպումը - Mediamax.am

Նոյեմբեր 24, 2025
exclusive
96 դիտում

Մեդիան «մեռավ ու ապրեց». Մեդիամաքսի երեկոյան դպրոցի առաջին հանդիպումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 20-ին Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը գրասենյակում ողջունեց Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցի առաջին մասնակիցներին։ Նրանք եկել էին լսելու մեդիայի փոխակերպումների, մարդակենտրոն լրագրության, սթորիթելինգի, մեդիա-լսարան փոխադարձ կապի մասին՝ այդկերպ նաև ձգտելով համատեղել հայաստանյան մեդիա միջավայրի առողջացման ջանքերը։

 

Գործել՝ դժգոհելու փոխարեն

 

Հանդիպման սկզբում Արա Թադեւոսյանն անկեղծացավ, որ մեդիա-դպրոցի գաղափարի շուրջ վերջին մի քանի տարի է մտածում էին, եւ վերջապես գտան դրա իրականացման նախընտրելի, տարբերվող ձեւաչափ՝ զրույց մեդիայի մասին ազատ ու ինտերակտիվ մթնոլորտում։

 

«Բոլորս հասկանում ենք, որ ցավոք, այսօր Հայաստանում մեդիա ոլորտի մակարդակը ոչ միայն բարձր չէ, այլեւ, եթե շատ անկեղծ լինեմ՝ շարունակաբար վատթարանում է։ Կարելի է շարունակ դժգոհել, բայց պետք է նաեւ հասկանալ, որ չկա այն կախարդական փայտիկը, որով մեկ գիշերում կարող ենք արթնանալ մի հրաշալի իրավիճակում, երբ բոլոր մեդիաները որակյալ են։ Ուստի պետք է փոքր քայլերով առաջ գնանք։ Մեդիա-դպրոց սկսելու հիմնական շարժիչ ուժը հենց սա էր»,- ասաց Մեդիամաքսի տնօրենը՝ հույս հայտնելով, որ առաջին տասը մասնակիցները կդառնան որակյալ մեդիա բովանդակության դեսպանները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացին մասնակցելու համար դիմել էին ոլորտով հետաքրքրված մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից են, նաև Արցախից։ Նրանք հիմնականում լրագրության, հաղորդակցության ոլորտից են, բայց կան նաև այնպիսիք, որոնց մասնագիտացումը մեդիայի հետո ուղղակի կապ չունի։

 

«Դպրոցի մասին հայտարարությունը տեսնելուց հետո որոշեցի դիմել, որովհետեւ թեմաները բավականին հետաքրքիր էին, նաեւ վերջերս ավելի շատ եմ սկսել հետեւել Մեդիամաքսին ու կարդալ հոդվածները. թե´ ոճային, թե´ գրագիտության առումով շատ եմ հարգում, դրա համար էլ մտածեցի, որ լավ փորձ կլինի ինձ համար»,- ասաց դպրոցի մասնակից, Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքականություն եւ կառավարում բակալավրի ծրագրի ուսանող Նունե Մոսիկյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսի երկարամյա գործընկեր IDBank-ի աջակցությամբ դպրոցի առաջին հոսքի մասնակիցները ստացել են ամբողջական կրթաթոշակ 14 դասից բաղկացած կրթական ծրագրի համար։

 

Այդ առիթով Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ասել է.

 

«Մեդիայի մասին գիտելիք ունենալը եւ մեդիագրագետ լինելը շատ կարեւոր է: Ավելին՝ դա առանցքային նշանակություն ունի նաեւ ֆինանսական գրագիտության ապահովման համար, քանի որ այսօրվա աշխարհում հաղորդակցության բոլոր միջոցները սերտորեն փոխկապակցված են: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս առումով բարձր ենք գնահատում երեկոյան մեդիա-դպրոց հիմնադրելու Մեդիամաքսի նախաձեռնությունը եւ ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ՝ կրթաթոշակներ տրամադրելով 10 երիտասարդի: Վստահ եմ, որ երկամսյա դասընթացից հետո նրանք լավ պատկերացում կունենան որակյալ բովանդակության մասին եւ իրենց փորձառությամբ կկիսվեն նաեւ ընկերների հետ»:

 

Դեկտեմբերին կայանալիք դասերից մեկը նվիրված է լինելու ֆինանսական գրագիտությանը՝ այն կվարեն Իդրամի եւ IDBank-ի մասնագետները:

 

Մեդիան մեռնում է, կեցցե´ մեդիան

 

Առաջին դաս-զրույցն ընթացավ «Մեդիան մեռնում է, կեցցե´ մեդիան» խորագրի ներքո. ինչպիսին էր մեդիան 90-ականներին, ինչպես փոխակերպվեց 2000-ականներին, եւ ինչ է մեդիան այսօր։

 

«2011 թվականի նոյեմբերի 19-ին, իմ լավ բարեկամ, «Մոսկովսկիե Նովոստի» թերթի նախկին գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը (այդ ժամանակ նա «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր) ասել էր. 

 

«Ժամանակակից լրագրողի հիմնական խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում կտրուկ փոխվել է: Դա այլեւս ընթերցողի համար անհրաժեշտ տեղեկատվության որոնումը չէ, այլ լսարանի «պաշտպանությունը» տեղեկատվության ծավալներից»։ Հաշվի առնենք, որ այս խոսքերն ասվել են 2011-ին, երբ սոցիալական ցանցերի ներթափանցումը չուներ այն ահռելի ծավալն, ինչ այսօր, ուստի հիմա այս խոսքերն առավել արդիական են»,- հիշեց Արա Թադեւոսյանը՝ փորձելով տալ այսօրվա մեդիայի բնութագիրը. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե տասնամյակներ առաջ մեդիան նեղ մասնագիտական զանգվածային հաղորդակցության համակարգ էր, ապա այսօր ձեւավորվել է համընդգրկուն էկոհամարագ, որը թափանցում է մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտները, եւ կապն այլեւս միակողմանի չէ. եթե նախկինում մեդիա-արտադրողներն իրենք էին վարում այդ հաղորդակցությունը, ապա այսօր լսարանը ոչ պակաս մասնակցում է գործընթացին»։

 

Թերթերից՝ ալգորիթմիկ մեդիա ու ԱԲ

 

1999 թվականին, երբ Մեդիամաքսը հիմնադրվեց, այն դասական լրատվական գործակալություն էր, մինչդեռ այսօր շատերը կարող են չիմանալ, թե ինչ է դա, ինչպես է աշխատում։ Այսօր Մեդիամաքս մեդիա ընկերությունն ունի 6 լրատվական կայքեր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Զրույցի ընթացքում մեդիայի տրանսֆորմացիաներն Արա Թադեւոսյանը ներկայացրեց ինչպես միջազգային, այնպես էլ սեփական փորձի օրինակներով. լսարանի հետ միակողմանի կապից մինչեւ քաղաքացիական լրագրության ձեւավորում, դասական բրոադքասթինգից մուլտիմեդիա հարթակներ, ավանդական ԶԼՄ-ներից ալգորիթմիկ մեդիայի ժամանակաշրջան ու արդեն իսկ արհեստական բանականության ռազմավարություններ։ 

 

Հանդիպման ավարտին հարցուպատասխանը կենտրոնացավ հենց ժամանակակից իրողությունների վրա։ Մասնակիցները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են այսօր արհեստական բանականության հիմքով գործիքները կիրառվում Մեդիամաքսի խմբագրությունում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջիկա դասերը կլինեն Հայաստանյան մեդիա միջավայրի, խմբագրական ռազմավարությունների, հատուկ նախագծերի, մեդիաների ինքնակարգավորման ու էթիկայի հարցերի, լսարանի հետ աշխատանքի եւ այլ առանցքային թեմաների շուրջ։ 

 

Իսկ առանցքում միշտ կմնա Մեդիամաքսի հիմնադրման օրից անփոփոխ տեսլականը՝ փորձել աշխարհն ավելի լավը դարձնել։ 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին