Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «բազմակարծիք, թափանցիկ և անկախ լրատվամիջոցների խթանումը կարևոր է Հայաստանի համար»:
«Կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ լրատվամիջոցների իրական անկախությունն ապահովելու համար։ Սակայն արդի ժամանակներում, որում ապրում ենք, մենք պետք է ապահովենք լրատվամիջոցների անկախությունը ոչ միայն կառավարություններից։ Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության աճող միտումների պայմաններում ազգային անվտանգության հարց է դառնում լրատվամիջոցների անկախությունը պաշտպանել նաև ուրիշներից։ Եվ սա հանգեցնում է լրատվամիջոցների արմատներին և դրանց բնույթին։ Ի՞նչի մասին են լրատվամիջոցները և ո՞րը պետք է լինի լրատվամիջոցների նպատակը։ Ես հավատում եմ, որ լրատվամիջոցների դերը հանրային գործին ծառայելն է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կառավարություններին հաշվետու պահելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը և բարեփոխումների խթանումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Փարիզի խաղաղության համաժողովի ջրջանակում անցկացված Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին:
«Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ինդեքսներում: Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ 2019-ից 2024 թվականներին Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդ տեղից բարձրացել է 34-րդ տեղը, մամուլի ազատության առումով։
Մենք շարունակում ենք ամրապնդել մեր մամուլի միջավայրը և պահպանել լրագրողական ազնվությունը որպես էական հանրային բարիք՝ գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակակետ չէ, այլ շարունակական պայքար՝ այն սկզբունքները պաշտպանելու և ամրապնդելու համար, որոնց վրա այն հիմնված է», - ասել է վարչապետը:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: