Երեւան: Մեդիամաքս: ԵՄ-ի 10 երկրներ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ «Ազատություն» ռադիոկայանի «ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրելու» պատրաստակամության մասին, որը փակվելու սպառնալիքի տակ է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորման կրճատման պատճառով:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Էստոնիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Սլովենիան եւ Շվեդիան։
Նրանում ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանը «կենսական դեր է խաղացել քաղաքացիներին անկախ, անկողմնակալ եւ փաստերի վրա հիմնված տեղեկատվություն տրամադրելու գործում, հատկապես այն շրջաններում, որտեղ մամուլի ազատությունը վտանգի տակ է»:
«Սառը պատերազմի ողջ ընթացքում այն հուսալի լուրերի կենսական աղբյուր է հանդիսացել երկաթե վարագույրի հետեւում գտնվող լսարանի համար՝ առանցքային դեր խաղալով մեր շատ երկրների պատմության մեջ»,- ասվում է փաստաթղթում։
Հայտարարության հեղինակները նշում են, որ «Ազատություն» ռադիոկայանը «նպաստում է եվրոպական անվտանգության ապահովմանը», եւ դրա լուծարումը «նվեր կլինի Եվրոպայի հակառակորդներին»։
«Ազատություն ռադիոկայանին» աջակցելու նախաձեռնությունը առաջարկվել է Չեխիայի կողմից։ Ինչպես գրում է Politico-ն, հենց Պրահան է բարձրացրել այդ հարցը մարտի 17-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: