Beginnings. մանկության երազանքը եւ ժամանակի ավազը Yandex Armenia-ի գրասենյակում - Mediamax.am

exclusive
5166 դիտում

Beginnings. մանկության երազանքը եւ ժամանակի ավազը Yandex Armenia-ի գրասենյակում



Մոսկովյան 35 հասցեով տեղակայված Yandex Armenia-ի նոր գրասենյակում բացվել է Beginnings ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս տեղեկատվական տեխնոլոգիաների պատմությանը եւ ոչ միայն։

 

Ցուցահանդեսի մասին պատմել է դրա համադրող, քաղաքի հետազոտող Լյուդմիլա Ստարոստովան։

 

Լյուդմիլան ներկայացնում է Dillijan Space գիտահետազոտական եւ մշակութային կենտրոնը, որը ստեղծվել էր 2023 թվականի նոյեմբերին Դիլիջանում։ Այն զբաղվում է քաղաքի հետազոտություններով, ցուցահանդեսների, դասախոսությունների եւ քննարկումների կազմակերպմամբ:

 

Dillijan Space-ը խթանում է քաղաքի մշակութային կյանքի զարգացումը եւ նոր հնարավորություններ ստեղծում քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար։

 

Ազատությունը, սերը եւ Արարատը Յանդեքսի առաջին սերվերում

 

Հայաստանում նոր գրասենյակի բացմանը պատրաստվելով, Յանդեքսը որոշել է ցուցահանդես կազմակերպել՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների պատմությանը։ Ցուցահանդեսի կուրացիայի համար հրավիրեցին Dillijan Space-ը, եւ մենք մեր դիզայներ Նադյա Ռոմանովայի հետ մշակեցինք էքսպոզիցիան:

 

Մեզ օգնեցին Հայաստանի Ազգային արխիվը, Երեւանի ճարտարագիտական քաղաքի գիտության եւ տեխնիկայի թանգարանը եւ Մոսկվայի Յանդեքս թանգարանը՝ մի շարք ցուցանմուշներ այնտեղից են։ Օգնում էին նաեւ մարդիկ, ովքեր աշխատել են ոլորտում։ Ուզում եմ առանձնացնել Համլետ Հարությունյանին, որը երկար տարիներ ղեկավար պաշտոն է զբաղեցրել Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում եւ մեզ շատ կարեւոր խորհրդատվություն է տրամադրել։

 

Ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշներից է Յանդեքսի առաջին սերվերը, որից 1997 թվականին, կարելի է ասել, սկսվել է համացանցում որոնումը։ Այն հատուկ բերվել էր Մոսկվայից։ Սերվերի կողքի մասը բաց է, որպեսզի այցելուները կարողանան տեսնել դրա «միջուկը»:

 

Այնտեղ ներբեռնված է թվային Աստվածաշունչը՝ աշխարհում ամենաշատ կարդացվող գիրքը: Այն Արկադի Վոլոժի՝ Յանդեքսին նախորդող ընկերության առաջին պրոդուկտներից է, եւ այցելուները կարող են որոնումներ իրականացնել Աստվածաշնչի տեքստում։ Օրինակ, գրեցի «ազատություն» բառը եւ տեսանք, թե Աստվածաշնչում որքան շատ է գրված ազատության մասին։ Կարող ենք փնտրել «սեր» բառը եւ տեսնել, թե Աստվածաշնչի դարաշրջանում մարդիկ ինչպես էին հասկանում այս զգացումը։ Հայերը սիրում են փնտրել «Արարատ» բառը (ժպտում է – խմբ.): Ինքը՝ Արարատը, այստեղ չկա, սակայն կա «արարատյան» ածականը։

 

Ժամանակի ավազը եւ հայկական Միքի Մաուսը

 

Կարծում եմ՝ շատ կարեւոր է ժամանակակից լեզվով խոսել անցյալի մասին։ Այս առումով ցուցահանդեսի դիզայները մի քանի հետաքրքիր բացահայտումներ ունեցավ։ Օրինակ, նա առաջարկեց համարակալել ցուցանմուշները՝ օգտագործելով երկուական կոդավորման համակարգ՝ 0 եւ 1:

 

Օգտագործելով չորս թիվ՝ մենք անուններ տվեցինք 16 ցուցանմուշի։ Մեկ այլ հետաքրքիր լուծումը ավազի վրա էքսպոզիցիան է: Այն շատ խորհրդանշական է, քանի որ մեծ դժվարությամբ էինք գտնում ցուցանմուշները. կարելի է ասել, որ հնագետների նման մաքրում էինք այն ժամանակի ավազներից:

 

Մեզ չհաջողվեց գտնել հայկական ամենահայտնի էլեկտրոնային-հաշվողական մեքենաներից մեկը՝ «Նաիրին», սակայն ցուցադրում ենք դրա փոքր մոդելը, որը նման է աշխատասեղանի՝ կառավարման վահանակով։

 

Ցուցանմուշների թվում է հայկական արտադրության «Էլեկտրոնիկա» խաղային կոնսոլը, որի վրա հայերեն տառերով գրառում կա։ «Էլեկտրոնիկա»-ն Nintendo խաղային կոնսոլի տեղայնացումն էր, եւ եթե խորհրդային տարբերակում խաղի հերոսը «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի գայլն էր, ապա Հայաստանում հերոսները Միքի եւ Մինի Մաուսներն էին։

 

Այցելուները շատ են սիրում նաեւ համակարգչային մկնիկները՝ «Մարսիանկա» եւ «Կոմետա» անուններով:

 

Մեզ մոտ ցուցադրված են արխիվային որոշ փաստաթղթեր եւ հեռագրեր, որոնք թույլ են տալիս պատկերացնել ամենահայտնի էլեկտրոնային-հաշվողական մեքենաների արտահանման աշխարհագրությունը։ Օրինակ՝ «Խնդրում ենք հաստատել «Հրազդան-3» մեքենան Լեհաստանին մատակարարելու հնարավորությունը», «Խնդրում ենք շտապ տեղեկացնել մասնագետների՝ երկրորդ «Հրազդան-3» մեքենան տեղադրելու համար Հունգարիա մեկնելու պատրաստակամության մասին»։

 

Ցուցահանդեսի ինտերակտիվ հատվածը ներառում է հատվածներ վավերագրական, գեղարվեստական ֆիլմերից եւ հաղորդումներից, որոնք պատմում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, գիտնականների կյանքի, ինչպես նաեւ Յանդեքսի պատմության մասին։

 

Յանդեքսի «Կյանքի ծառը»

 

Ցուցահանդեսին պատրաստվելով՝ զրուցեցինք Yandex Armenia աշխատակիցների հետ եւ հարցրեցինք՝ ի՞նչ է Յանդեքսն այսօր։ Ստացված պատասխանների հիման վրա մտքումս  որոշակի պատկեր առաջացավ՝ ընկերության «ծառ»:

 

Յանդեքսը բազմաթիվ պրոդուկտներ ունի, որոնք որոշեցինք ներկայացնել՝ ելնելով դրանց կարեւորությունից մարդու կյանքում։ Առանձնացրեցի 5 նպատակ՝ զարգացնել, հաջողության հասնել, խնայել, վաստակել, զվարճանալ, եւ յուրաքանչյուր նպատակ կապեցի ծառայությունների հետ, որոնք օգնում են հասնել դրան: Սարդոստայն ստացվեց։ Այն հստակ ցույց է տալիս, որ նախ՝ Յանդեքսն ունի մեկից ավելի ծառայություններ յուրաքանչյուր նպատակի համար, եւ երկրորդը՝ ընկերության նույն ծառայությունը կարող է բավարարել տարբեր կարիքներ։

 

Մեր դիզայներ Նադյան եւս մեկ հետաքրքիր բան մտածեց. սարդոստայնում ավելացրեցինք ծառայություն, որն իրականում գոյություն չունի: Այդպես ստուգում ենք եւ՛ Յանդեքսի այցելուներին, եւ՛ աշխատակիցներին: Ասեմ, որ գործը հեշտ չէ (ժպտում է – խմբ.):

Մեր ներկան դա սկիզբն է

 

Ցուցահանդեսի «Beginnings» անվանումը բավականին լայն է մեկնաբանվում։ Ինչի՞ց է ամեն ինչ սկսվում: Մանկության առաջին հոբիի՞ց: Երազանքի՞ց։ Մենք ներկայացնում ենք «Գիտություն եւ կյանք» ամսագրի «Փոքրիկ հնարքներ» բաժնի ընտրանին: Մի տղա հավաքում էր դրանք, կարդում, հետո մեծացավ ու ընդունվեց մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։

 

Եթե փիլիսոփայորեն նայենք, թեեւ խոսում ենք անցյալից, դա մեզ դրդում է մտածել ներկայի մասին: Հենց մեր ներկան կարող է ինչ-որ բանի սկիզբ դառնալ։ Սկիզբն այն ամենն է, ինչ մեզանից յուրաքանչյուրն այսօր անում է կյանքում:

 

Beginnings ցուցահանդեսը կարելի է այցելել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 18:00-ին անցկացվում է խմբակային էքսկուրսիա՝ նախնական գրանցմամբ: Մուտքն անվճար է։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարը՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին