Կառլոսն ու ընկերները, Գորիսի հավաքները եւ միջազգային մեդիայի «գաղտնիքները» - Mediamax.am

exclusive
4491 դիտում

Կառլոսն ու ընկերները, Գորիսի հավաքները եւ միջազգային մեդիայի «գաղտնիքները»


Լուսանկարը` ՀԲԸՄ

Կառլոս Զուրուտուզան Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում
Կառլոս Զուրուտուզան Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում

Լուսանկարը` Ricardo García Vilanova

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Կառլոս Զուրուտուզան Շուշիի հրթիռակոծված մշակույթի տանը
Կառլոս Զուրուտուզան Շուշիի հրթիռակոծված մշակույթի տանը

Լուսանկարը` Ricardo García Vilanova

Լուսանկարը` ՀԲԸՄ

Տիրան Կիլիկյանը
Տիրան Կիլիկյանը

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ

Լուսանկարը` ՀԲԸՄ


2023թ. ամռանը Մեդիամաքսի լրագրող Գայանե Ենոքյանը մասնակցել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպվող «Սթորիթելինգը լրագրության մեջ. անհերքելի փաստերից մինչեւ բարդ բովանդակություններ» դասընթացին: Վերջինիս նպատակն է հայ լրագրողներին զինել անհրաժեշտ գործիքակազմով՝ Հայաստանի եւ Արցախի թեմաներով միջազգային մամուլի հետ աշխատելու համար:

 

Դասընթացի այս տարվա մասնակիցները նոր էին սովորում ձեռքբերված տեսական գիտելիքը գործնականում կիրառել, երբ սեպտեմբերի 19-ի աղետի բերումով արդեն իսկ ստիպված էին թրծվել արտակարգ պայմաններում: Այդուհանդերձ, դասընթացի շնորհիվ նախորդ տարիներից ի վեր ձեւավորված լրագրողների համայնքը կարողացավ մի շարք հոդվածներ հրապարակել աշխարհի առաջատար լրատվամիջոցներում՝ ցույց տալով, որ տեղի ունեցածն Արցախի էթնիկ զտում էր:

 

Նախքան աղետալի իրադարձությունները Մեդիամաքսը զրուցել էր նախաձեռնության հեղինակների հետ դրա գաղափարի ու նպատակների շուրջ:

 

Լիբիա, Իրաք, Արեւմտյան Սահարա, իսկ հետո՝ Արցախ

 

Ծագումով բասկ ֆրիլանսեր Կառլոս Զուրուտուզան, որը լրագրության ոլորտում է արդեն 20 տարի, լավ գիտի այն դժվարությունները, որոնց բախվում են սկսնակ լրագրողները: Երբ նա նոր էր սկսում իր գործունեությունը, չկային սոցիալական ցանցեր եւ համացանցի համատարած հասանելիություն, ուստի խմբագիրների հետ կապ հաստատելն ու պատմություններ առաջարկելն իրական մարտահրավեր էր: Թեեւ այսօր իրականությունը բոլորովին այլ է, միջազգային մամուլի խմբագիրների հետ կապեր ստեղծելը շարունակում է որոշակի հմտություններ պահանջել:

Կառլոս Զուրուտուզան Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում Կառլոս Զուրուտուզան Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում

Լուսանկարը` Ricardo García Vilanova

«Ինձնից տարիներ պահանջվեցին, մինչեւ հասկացա՝ ինչպես պատշաճ կերպով պատմություն առաջարկել: Մեծ մասամբ դա բազային գիտելիք է, սակայն ինչ-որ մեկը պետք է քեզ բացատրի՝ ինչպես առաջարկել, ինչպես կառուցել պատմությունը: Սա պատճառներից մեկն էր, որ սկսեցինք դասընթացներ վարել»,- հիշում է Կառլոսը:

 

Լիբիայում, Սիրիայում, Քուրդիստանում եւ այլ կոնֆլիկտային գոտիներում աշխատելիս՝ Կառլոսին որպես fixer-ներ (տեղացի օգնականներ) օգնում էին տեղացի երիտասարդները, որոնք անգլերեն լավ գիտեին: Նա փորձում էր քաջալերել իր օգնականներին, որ նրանք սկսեն հրապարակվել միջազգային մամուլում եւ հենց նրանք պատմեն իրենց երկրի պատմությունը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Ասում էի, որ իրենց ավելի հեշտ է, իրենք գիտեն՝ ինչ է կատարվում, թարգմանության կարիք չունեն, պարզապես պետք է սովորեն՝ ինչպես առաջարկել պատմությունը եւ ինչպես կառուցել այն: Ես կարողացա օգնել որոշ երիտասարդների, եւ մի օր մենք որոշեցինք, որ այս աշխատանքը պետք է համակարգված իրականացնել»,- պատմում է Կառլոսը:

 

2016 թվականին Կառլոսը ֆրիլանս լուսանկարիչ Անդոնի Լուբակիի եւ BBC-ի լրագրող Ջոուան Աբդիի հետ հիմնեցին Ronak Press հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել կոնֆլիկտի գոտիներում գտնվող տեղացի լրագրողներին միջազգային մամուլի հետ աշխատելու հարցում:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Նրանք հասցրել են դասընթացներ իրականացնել Լիբիայում, Արեւմտյան Սահարայում, Քուրդիստանում, Իրաքում: 2020 թվականի Արցախյան պատերազմը նրանց բերեց Հայաստան:

 

Տեղեկատվական վակուում

 

«Ես շրջապատված էի բազում միջազգային լրագրողներով, որոնք ոչինչ չգիտեին Ղարաբաղի մասին, այդուհանդերձ պատմություններ էին վաճառում միջազգային մամուլին: Հիմնականում դրանցում բացակայում էր կոնֆլիկտի նախապատմությունը, չկար իրավիճակի պատշաճ ընկալում»,- 44-օրյա պատերազմի օրերն է հիշում Կառլոսը:

 

Մյուս կողմից նա հանդիպում էր նաեւ տեղացի լրագրողների, որոնք թեեւ ունեին իրավիճակի վերաբերյալ ամբողջ գիտելիքը, սակայն չէին տիրապետում միջազգային մամուլի հետ աշխատելու հմտություններին:

 

«Նրանք ավելի շատ ակտիվիստներ էին, քան լրագրողներ, նրանց մտքում «կարմիր գծեր»-ն այնքան շատ էին, որ խանգարում էին լրագրողական պատմություն գրելուն: Դա ցավալի է, որովհետեւ հենց նրանք են, որ պետք է լինեն պատմությունը պատմողը»,- ասում է Կառլոսը:

Կառլոս Զուրուտուզան Շուշիի հրթիռակոծված մշակույթի տանը Կառլոս Զուրուտուզան Շուշիի հրթիռակոծված մշակույթի տանը

Լուսանկարը` Ricardo García Vilanova

Իսպանացի լրագրողին զարմացնում էր հայկական պաշտոնական տեղեկատվությունը, որովհետեւ տեղում գտնվելով նա բոլորովին այլ պատկեր էր տեսնում:

 

«Անգամ երբ Շուշին արդեն անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո, մեզ շարունակում էին ասել, թե ամեն ինչ կարգին է: Մի շարք այլ հանգամանքների հետ սա եւս այն պատճառներից էր, թե ինչու ամենն այդպես ավարտվեց»,-ասում է Կառլոսը:

 

2020թ. նոյեմբերի առաջին օրերն էր, երբ Կառլոսը մյուս բոլոր լրագրողների հետ միասին հաղորդագրություն ստացավ, որ պետք է շտապ մեդիա կենտրոն գալ, բոլոր լրագրողներին դուրս էին բերում: Այս մասին նա գրառում կատարեց թվիթերում, որից հետո Հայաստանի պետական մարմիններից նրան հորդորեցին հեռացնել այն:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Իմ այդ գրառմանը նաեւ շատ հայեր ատելության խոսքով արձագանքեցին՝ ասելով, որ այդ տեղեկատվությունը կեղծ է: Ես հասկացա, թե իրականում ինչքան քիչ գիտեն մարդիկ այն մասին, թե ինչ էր կատարվում Ստեփանակերտում»:

 

Վերադառնալով Երեւան՝ Կառլոսը հանդիպում է Տիրան Կիլիկեանին: Այս ծանոթությունից էլ ծնվում է հայ լրագրողների դասընթացների շարքը:

 

Գաղափարից իրագործում

 

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մասը կազմող «Երիտասարդ արհեստավարժների» (Young professionals) ծրագրով աշխարհի մի շարք քաղաքներում ստեղծվել են հայ երիտասարդներից բաղկացած ֆոկուս խմբեր՝ նպատակ ունենալով համախմբել սփյուռքում գտնվող հայերին եւ ամրացնել նրանց կապը Հայաստանի ու Արցախի հետ:

 

2020 թվականին Տիրան Կիլիկեանը հիմնում է YP Madrid-ը, որի գործունեության մեկնարկից ամիսներ անց սկսվում է պատերազմը: Սա ստիպում է Տիրանին փոխել խմբի ծրագրերի ներհամայնքային ուղղությունը դեպի Հայաստան եւ Արցախ:

 

«Պատերազմի օրերին պատվիրակություն կազմեցինք եւ եկանք Հայաստան՝ մեզ հետ բերելով իսպանացի պատգամավորների եւ լրագրողների: Տեսնում էին, որ միջազգային լրատվամիջոցներով Արցախի պատերազմի մասին չէր խոսվում եւ դա հուսալքում էր մեզ»,- հիշում է Տիրանը:

 

Նոյեմբերի 7-ին Տիրանը տեղեկանում է, որ միեւնույն հյուրանոցում, որտեղ իրենք են հաստատվել, նաեւ իսպանացի մեկ այլ լրագրող կա, ում անունը նախկինում արդեն լսել էր՝ Կառլոս:

Տիրան Կիլիկյանը Տիրան Կիլիկյանը

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Գնացի հետը զրուցելու եւ նա ինձ ասաց մեկ բան, որին հավատալ չէի ուզում: Ասաց, որ իրավիճակը շատ վատ է եւ 24-48 ժամից պատերազմը տանուլ ենք տալու»,- հիշում է Տիրանը:

 

Ամիսներ անց Կառլոսը եւ Տիրանը նորից են զրուցում միջազգային մամուլում Հայաստանի եւ Արցախի մասին քիչ լուսաբանման պատճառների շուրջ: Կառլոսը Տիրանին բացատրում է, որ միջազգային լրագրողները կոնֆլիկտի նրբություններին չեն տիրապետում, իսկ հայ լրագրողները չգիտեն՝ ինչպես աշխատել պատերազմական իրավիճակներում եւ գրել արեւմտյան լրագրության չափանիշներով, ուստի նրանց պետք է սովորեցնել:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Դասընթացների գաղափարը շատ հավանեցի: ՀԲԸՄ-ն ֆինանսավորեց ծրագիրն ու 2021 թվականի ամռանը Գորիսում կազմակերպեցինք սթորիթելինգի մեկշաբաթյա առաջին դասընթացը: Հայ լրագրողների հետ աշխատելու համար մեծ պատրաստակամությամբ Հայաստան ժամանեցին Կառլոսը, Անդոնին ու Ջոուանը»,-պատմում է Տիրանը:

 

Մասնակիցների երեք սերունդ

 

Երեք տարի շարունակ ՀԲԸՄ-ի եւ տարբեր այլ գործընկերների ջանքերով դասընթացների շարքն իրականություն է դառնում: Դրան արդեն իսկ մասնակցել են մի քանի տասնյակ լրագրողներ կամ ոլորտով հետաքրքրված սկսնակներ ինչպես ՀՀ-ից այնպես էլ Արցախի Հանրապետությունից:

 

«Դասընթացներն անում ենք Գորիսում, որովհետեւ Երեւանը կարծես պղպջակի մեջ լինի, միշտ երաժշտություն եւ քեֆ կա, իսկ Գորիսում լարվածությունն ավելի զգալի է: Սա նաեւ եւս մեկ միջոց է մասնակիցներին ընտրելուն, որովհետեւ դասընթացի նկատմամբ լուրջ տրամադրվածություն չունեցողը Գորիս հասնել չի ցանկանա»,-ասում է Տիրանը:

 

Դասընթացի մասնակիցներին ընտրում են մի քանի հիմնական չափանիշներով, որոնցից ամենակարեւորը հրապարակվելու մոտիվացիան է: Լրագրող լինելը պարտադիր չէ, պետք է լավ անգլերեն իմանալ եւ հաստատակամություն ունենալ միջազգային խմբագիրներին պատմություններ առաջարկել այնքան ժամանակ, մինչեւ կստանաս դրական պատասխան: Աշխարհում կատարվող իրադարձություններն այնքան շատ են, իսկ Հայաստանը քարտեզի վրա շատ փոքր է, ուստի հատկապես առաջատար լրատվամիջոցների դռները թակելիս պետք է զինվել համբերությամբ ու ջանասիրությամբ:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Դասընթացն անցնում է հիմնական մի քանի ուղղություններով՝ տպագիր մամուլ, վիդեո եւ լուսանկարչություն:

 

«Դասընթացավարները մեծ նվիրումով են աշխատում մասնակիցների հետ, որովհետեւ հավատում են իրենց գործի կարեւորությանը: Դասընթացի ավարտից հետո էլ նրանք շարունակում են ամեն կերպ աջակցել, որ հմտությունները գործնականում կիրառվեն, մասնակիցները հրապարակվեն»,- ասում է Տիրանը:

 

Այս տարվա դասընթացին միջազգային լրագրողների խմբին միացել էր նաեւ Associated press-ի խմբագիր Աբբի Սեւելը, որը տեսական դասերից հետո հետեւողականորեն խմբագրեց մասնակիցների պատրաստած հոդվածները՝ դրանք դարձնելով հրապարակման համար պատրաստ:

 

200-ից ավելի հոդվածներ

 

Դասընթացի շրջանավարտները արդեն 200-ից ավելի հոդվածներ են հրապարակել Արցախի եւ Հայաստանի մասին: Դրանցից շատերը տեղ են գտել առաջատար այնպիսի լրատվամիջոցներում. Assosiated Press, BBC, Euronews եւ այլն:

 

Օրինակ՝ դասընթացի շրջանավարտ Սիրանուշ Սարգսյանը, որ Արցախից է, ակտիվորեն աշխատել է BBC-ի, Assosiated Press-ի, The Guardian-ի, LeFigaro-ի եւ այլ լրատվամիջոցների հետ ինչպես շրջափակման, այնպես էլ պատերազմի եւ բռնագաղթի օրերին:

Լուսանկարը` ՀԲԸՄ

Մասնակիցներից Անուշ Ղավալյանը, որը եւս Արցախից է, դասընթացից հետո հրապարակվել է իսպանական, իտալական, հունական մամուլում:

 

«Առաջին անգամն ամենադժվարն էր, բայց ստացվեց Կառլոսի օգնությամբ: Դրանից հետո շարունակեցի գրել, թեման հիմնականում Արցախն էր՝ կոնֆլիկտ, մարդու իրավունքներ եւ այլն»,- ասում է Անուշը:

 

Նրա կարծիքով՝ շատ կարեւոր է ծրագրի արդյունքով ստեղծված համայնքը, որի շնորհիվ մասնակիցները շարունակական կապի մեջ են դասընթացավարների հետ, ինչպես նաեւ ծանոթանում են այլ տարիների մասնակիցներին:

 

«Մեզնից լավ մեր խնդրին ոչ ոք չի տիրապետում: Պետք է փորձենք շատ հրապարակվել միջազգային մամուլում կամ գոնե ուղղորդենք արտերկրի լրագրողներին, որ տեղեկատվությունը ճիշտ հաղորդեն»,- ասում է նա:  

 

Առաքելությունն իրագործված է

 

Կառլոսն իր ուսանողներին խորհուրդ է տալիս մոռանալ մարդկանց օգնելու իրենց ցանկության մասին, որովհետեւ դա հստակ երևում է հոդվածում եւ թուլացնում դրա վստահելիությունը:

Լուսանկարը` ՀԲԸՄ

«Վստահելիությունը միակ բանն է, որ ունի լրագրողը: Եթե այն կորցնի, բացի քարոզչական մամուլից այլեւս ոչ մի տեղ չի կարողանա հրապարակվել: Երբ կապվում եք միջազգային մամուլի հետ, առաջին բանը, որ նրանք տեսնում են այն է, որ դուք հայ եք, ուստի ձեզ հետ արդեն ավելի զգույշ կլինեն: Եթե նկատեն թեկուզ աննշան փորձ պատմությունը մանիպուլացնելու, ոչինչ չի ստացվի»,- ասում է Կառլոսը:

 

Նրա խոսքով՝ ամենաբարդ փուլը սկսվում է բուն դասընթացից հետո, երբ փորձում է մասնակիցներին «զբաղված» պահել, օգնել հրապարակվել այնքան ժամանակ, մինչեւ նրանք արդեն դա ինքնուրույն կանեն:

 

Կազմակերպիչները հույս ունեն, որ կշարունակեն դասընթացի իրականացումը: Դա նաեւ կախված է նախորդ փուլերի մասնակիցներից ու նրանց ցույց տված արդյունքներից:

 

Երկար տարիներ լրագրությամբ զբաղվելուց հետո սեփական հեղինակությամբ հոդվածների հրապարակումը Կառլոսի համար սովորական երեւույթ է, մինչդեռ իր ուսանողներից յուրաքանչյուրի հոդվածը պարգեւատրության է նման:  

 

«Երբ արդեն հունի մեջ են ընկնում ու կարողանում են ինքնուրույն հրապարակվել, ինձ համար առաքելության իրագործում է»,- ասում է Կառլոսը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին