Մեկնարկել է «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը» - Mediamax.am

1470 դիտում

Մեկնարկել է «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը»։

Հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է, այն իրականացնում են Ինտերնյուզ կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երեւանի մամուլի ակումբը եւ «Զինք նեթվորք»-ը։

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ասել է, որ ծրագիրը հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից նախկինում ֆինանսավորված մի շարք նախաձեռնությունների վրա, «որոնք առանցքային դեր են ունեցել ոչ միայն Հայաստանում անկախ լրատվամիջոցների ամրապնդման, այլ նաեւ մեդիագրագիտության կենսական հմտությունների տարածման գործում»:

 

Նա նշել է, որ այս ծրագիրը մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ ամենախոշոր ներդրումն է հայաստանյան մեդիա դաշտում։

 

Ծրագրի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ «կիրառելով նորարարական մոտեցումներ՝ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը եւ կձեւավորի նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար»:

 

«Ծրագրի հավակնոտ նպատակներից է ստեղծել մեդիայի աջակցության անկախ ու թափանցիկ հիմնադրամ, որը կսատարի լրատվամիջոցների կայուն գործունեությանը: Լրագրության գերազանցության աքսելերատորի միջոցով ծրագիրը գործնական ուսուցում եւ մենթորություն կտրամադրի մեդիա մասնագետների եւ բովանդակություն ստեղծողների համար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

«Մենք աշխատելու ենք տարբեր ուղղություններով՝ կայացնելու մեդիա դաշտն ու դարձնելու այն ավելի կենսունակ, զարգացնելու հանրության քննադատական մտածողությունը եւ մշակելու դաշտի արդյունավետ կարգավորումներ՝ ի նպաստ ողջ հասարակության», - ասել է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին