15 խմբագիրներ կոչ են արել կարգավորել առցանց ԶԼՄ-ների դաշտը - Mediamax.am

127152 դիտում

15 խմբագիրներ կոչ են արել կարգավորել առցանց ԶԼՄ-ների դաշտը


Լուսանկարը` http://www.liberatemedia.com/


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը միացել է մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությանը, որի նպատակը զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության եւ պատասխանատվության առկա խնդիրների բարձրաձայնումն է:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։

 

Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ

 

- Զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարեւոր են, եւ մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների եւ մի խումբ լրագրողների բարի կամքն այլեւս բավարար չէ։ Մի կողմից թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի ավանդական աղբյուրները, մյուս կողմից չեն կարողանում մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ, որոնց մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը։ Մեծ թվով կայքեր իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների եւ հոդվածների շնորհիվ։ Իսկ գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում մեր հեղինակությանը։

 

- Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը: Քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի անհնար է դարձել դրա միջոցով կարգավորել օրեցօր զարգացող տեխնոլոգիական հնարավորություններից բխող իրավահարաբերությունները: Արդյունքում այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ ինտերնետային շատ կայքեր հաճախ միայն անվանում ունեն` չունենալով իրավական որեւէ կարգավիճակ: Ասել է թե` թողարկման պատասխանատու չունեցող կայքերը ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի տարբեր անձերի եւ ուժերի ձեռքին՝ նրանց մրցակիցների, երբեմն նաեւ իրենց համար անցանկալի լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների դեմ։ Մամուլին բնորոշ կանոններով չաշխատող կայքերը լրատվության հետ կապ չունեն եւ իրենց գործունեությամբ աղտոտում են լրատվական դաշտը:

 

Ուստի կոչ ենք անում.

 

1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

 

2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։

 

3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաեւ հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր եւս կիրականացվեն»:

 

Հայտարարությունը ստորագրել են.

 

1.  «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը

2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը

3. Առցանց Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը

4. «168 ժամ» թերթի եւ 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը

5. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը

6. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը

7. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը

8. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը

9. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը

10. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը

11.  «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը

12. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը

13. panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը

14. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը

15. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին