The Guardian-ը լայնորեն կներկայացնի հայերի պատմությունները - Mediamax.am

exclusive
45541 դիտում

The Guardian-ը լայնորեն կներկայացնի հայերի պատմությունները


Լուսանկարը`


Բրիտանական The Guardian թերթը հատուկ ուշադրություն է դարձնում Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Վերջերս Երեւան էր ժամանել թերթի Մերձավոր Արեւելքի բաժնի խմբագիր Իէն Բլեքը եւ մի շարք հոդվածներ հրապարակել: Բացի այդ, թերթը իր ընթերցողներին առաջարկել էր ներկայացնել Ցեղասպանության հետ կապված իրենց պատմությունները: Մեդիամաքսը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ այդ նախաձեռնության մասին եւ զրուցեց The Guardian թերթի աշխատակից Մեյվ Շելրոուի հետ, որը նախագծի պատասխանատուն է:

 

- Ինչպե՞ս ծագեց Հայոց Ցեղասպանության մասին պատմություններ հավաքելու գաղափարը:

 

- Մտահղացումն առաջացավ The Guardian-ի նմանատիպ Առաջին Համաշխարհային պատերազմին նվիրված նախագծից: Երբ The Observer-ի լրագրող Թոբի Հելմը ներկայացրեց իր պապի՝ պատերազմական ժամանակաշրջանի փորձը՝ հիմնված նրա օրագրի գրառումների եւ վերջերս գտնված նամակների վրա, մենք խնդրեցինք մեր ընթերցողներին նույն բանն անել եւ Եվրոպայի տարբեր մասերից հավաքեցինք ավելի քան 800 պատմություն, որոնք տեղ գտան մեր նախագծում:  

 

- Որքա՞ն պատմություն եք արդեն ստացել Հայոց ցեղասպանության մասին: 

 

- Ավելի քան 500: Մենք «առաջին ձեռքից» ստացել ենք բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես կոտորածը կանխորոշեց ընտանիքների զարգացման հետագիծը առաջիկա 100 տարվա համար: Ինչպես նշեց մեր ընթերցողներից մեկը՝ «աշխարհում գրեթե չկա հայկական ընտանիք, որը չունի 1915թ-ին վերաբերող պատմություններ»:

 

Բազմաթիվ մարդիկ նաեւ գրում էին մեզ, որպեսզի պարզապես երախտագիտություն հայտնեն The Guardian-ին նրա համար, որ ուշադրություն ենք դարձրել այդ թեմային: Անգամ Ստեփանակերտից հարսանիքի հրավեր ենք ստացել: 

 

- Պատրաստվու՞մ եք ստուգել պատմությունների հավաստիությունը: Եթե այո, ինչպիսի՞ն է լինելու ստուգման մեխանիզմը: 

 

- Ընթերցողների մասնակցությամբ ստեղծված բոլոր նախագծերի բովանդակության հավաստիության ստուգումը The Guardian-ի աշխատանքի անբաժան մասն է: Մենք բոլորին խնդրում ենք թողնել էլեկտրոնային հասցեն եւ կապվում ենք մարդկանց հետ՝ մանրամասները ճշտելու նպատակով: Մեր կողմից օգտագործվող բազմաթիվ պատմությունները հիմնվում են Ցեղասպանության ականատեսների ժառանգների կողմից գրի առնված վկայությունների վրա, եւ վերապրողներից ոմանք դեռ ողջ են:

 

Մենք փորձել ենք ներկայացնել վկայությունները՝ հիմնվելով իրադարձությունների լայնորեն ընդունված պատմական տարբերակի հիման վրա, ընդունելով, որ դրանք դեռ վեճերի առարկա են հանդիսանում: Դժվար է ամբողջովին ստուգել վկայությունների բոլոր մանրամասները, քանի որ շատ մարդիկ արդեն կենդանի չեն եւ պատմությունները փոխանցվում էին սերնդից սերունդ, այդ պատճառով մենք պետք է թափանցիկ լինենք տվյալ հարցում:

 

- Ինչպե՞ս եք ընտրելու պատմությունները հրապարակման համար: Ենթադրում եմ, որ բոլոր պատմությունների հրապարակումն անհնար է:

 

- Ինձ համար կարեւոր է, որ մենք առավելագույնս օգտագործենք ստացված նյութերը: Այժմ աշխատում եմ մի նյութի վրա, որը կառուցված է այն վկայությունների վրա, որոնք 100-ամյակի կապակցությամբ հրապարակվելու են մեր կայքում: Մենք նաեւ ստեղծելու ենք այլ պատմությունների հավաքածու՝ ինտերակտիվ շաբլոնի տեսքով. դա ձեւաչափ է, որը մենք օգտագործել ենք ԱՄՆ-ում ռասայական խնդիրներին եւ աշխարհում LGBT համայնքի փորձին նվիրված նախագծերում: Այս նյութերը՝ 100-ամյակին նվիրված այլ նյութերի հետ մեկտեղ կարելի է գտնել այստեղ:

 

- Կարո՞ղ են արդյոք հավաքած պատմությունները առանձին գիրք կամ մուլտիմեդիա նախագիծ դառնալ:

 

- Ինչպես արդեն նշեցի, մեզ համար կարեւոր է օգտագործել ստացված նյութերի առավելագույն քանակը: Տվյալ փուլում գիրք հրատարակելու կամ մուլտիմեդիա ձեւաչափ ստեղծելու ծրագրեր չունենք, սակայն ես վստահ եմ, որ կարելի է անել ավելին, եւ մենք բաց ենք գաղափարների քննարկման համար:

 

Մեյվ Շերլոուի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին