Ռուսաստանի ԱԳՆ. Ղարաբաղը լքելու հայերի որոշումը «կամավոր» է եղել - Mediamax.am

3624 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ. Ղարաբաղը լքելու հայերի որոշումը «կամավոր» է եղել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան», իսկ հայերը Ղարաբաղը լքել են «կամավոր»։

«Ինչպես գիտեք, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բախումների արդյունքում Ղարաբաղն անցել է Բաքվի լիակատար վերահսկողության ներքո։ Ռուսաստանյան ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվեց խուսափել զգալի զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում։ Պետք է նշել, որ սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան։ Հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Այն ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը չէր լուծվել։

 

Հիմա Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս կապակցությամբ կարեւոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձն ապահովելու համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները եւ անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի։

 

Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։ Գործընկերների հետ մեր երկխոսությունը կառուցողական է. բոլոր առաջացող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի կերպով։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025 թվականի նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջված լինելուց եւ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է դիվանագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին