Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները չեն հաշտվի որեւէ կարճաժամկետ կամ երկարաժամկետ գործողությունների հետ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացմանը»։
Այս մասին դիվանագետն ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի գնահատում» լսումների իր բացման խոսքում։
«Ներկայիս հումանիտար իրավիճակն անընդունելի է։ Լաչինի միջանցքով եւ այլ երթուղիներով մարդասիրական մուտքը պետք է հասանելի դառնա հիմա։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է։ Մենք վստահեցնում ենք կոմիտեին, որ այս սկզբունքները կշարունակեն ուղղություն տալ տարածաշրջանում մեր ջանքերին», - ասել է Քիմը:
«Խաղաղության բոլոր բանակցությունների համատեքստում մենք հստակ հասկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները եւ անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Դա ցանկացած կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կարեւոր տարր է: Ադրբեջանը պետք է ապահովի նրանց իրավունքների հարգման եւ իրենց տներում մնալու եւ առանց վախի ապրելու կարողության այնպիսի երաշխիքներ, որոնք կարող են միջազգայնորեն հաստատվել»,- ասել է Յուրի Քիմը:
Նա նշել է, որ «Հարավային Կովկասում խաղաղությունը տարածաշրջանը փոխակերպելու եւ ԱՄՆ շահերն առաջ տանելու ներուժ ունի»։
«Այժմ մենք ռազմավարական հնարավորություն ունենք պայքարելու տարածաշրջանում այնպիսի խաղացողների վնասակար ազդեցության դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը՝ հասնելով կայուն խաղաղության, որը կընդլայնի մեր երկկողմ տնտեսական եւ անվտանգության համագործակցությունը եւ կապահովի ավելի մեծ էներգետիկ անվտանգություն եվրոպացի գործընկերներին եւ դաշնակիցներին», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը։
«Միացյալ Նահանգները կարող են ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանում անվտանգության ոլորտում՝ ամրապնդելու յուրաքանչյուր երկրի վստահությունն ու կարողությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը», - ասել է Յուրի Քիմը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: