Ռուբեն Վարդանյան. «Ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ» - Mediamax.am

931 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ»



Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մայիսի 9-ին ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված համաժողովրդական հանրահավաքում:

Ներկայացնում ենք հատվածներ Ռուբեն Վարդանյանի ելույթից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս):

 

Կարմիր գծերի խախտումը եւ պայքարը

 

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, տեղադրելով անցակետ, խախտեց կարմիր գիծը: Կարմիր գիծն ինձ համար դա այն է, երբ դու այլեւս չես կարող ասել՝ լավ, դա ինձ հետ չի կատարվում, ես ձեզ լավ չեմ լսել, գուցե ես ճիշտ չեմ հասկացել: Երբ քեզ ամենավատ բառերով վիրավորում են, դու պետք է պատասխան տաս, եւ այդ պատասխանը  միակն է՝ դու պետք է պայքարես, այլ տարբերակ չկա: Այլ տարբերակում դու դառնում ես ստրուկ, դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել եւ սրբել ոտքերը:

 

Ինձ համար եւ բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետեւ մենք իրավունք չունենք համակերպվել նրա հետ, որ մեր անձնագիրը ուրիշներն են ստուգելու: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը Հայաստան:

 

«Ռեօկուպացիա»

 

Այս ճանապարհով ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել, սա ռեօկուպացիա է, իսկ մենք դա ոչ մեկին թույլ չենք տալու: Ասենք ո՛չ ռեօկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերը, մեր գերեզմանները, մենք պաշտպանում ենք մեր հողի վրա մեր օրենքներով ապրելու մեր իրավունքը, մենք ոչ մեկի վրա հարձակվել չենք ուզում, մենք պարզապես ուզում ենք հանգիստ եւ երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող տեղի ունենալ այնպիսի իրավիճակում, երբ ճակատին ատրճանակ են  ուղղում:

 

«Ո՞րտեղ են միլիոնավոր ստորագրությունները»

 

Կոչ եմ անում ողջ Հայկական աշխարհին՝ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք՝ որտե՞ղ են միլիոնավոր ստորագրությունները, ինչու է  ընդամենը 120 հազար, ինչու ողջ Հայկական աշխարհը մեր կողքին կանգնած չէ: Արժանապատվությունը բոլորին է վերաբերում, ոչ թե միայն արցախցիներին: Մենք բոլորս դա միասին պետք է անենք:

 

Ես հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը ունի խնդիրներ, որպես պաշտոնյաներ՝ դուք ինչ-որ սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, ի՞նչն է խանգարում ձեզ մարդ մնալ, ի՞նչն է  խանգարում ձեզ միանալ այս շատ կարեւոր շարժմանը: Ձեր ընտանիքները, ձեր երեխաները ինչու չեն ստորագրել: Որտե՞ղ եք դուք: Դուք պետք է ցույց տաք, որ նախ դուք հայ եք, հետո՝ ղեկավար: Կարեւոր է իմանալ, որ արժանապատվությունը շատ դժվար է կերտվում, ու շատ հեշտ է կորսվում: Մի՛ արեք դա, դուք, որ ձեր տաք տեղերում նստած գոռում եք Արցախի մասին, ինչո՞ւ կանգնած չեք Արցախի կողքին:

 

Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ողջ Հայկական աշխարհի: Հավատացեք՝ այլ տարբերակ չկա, եթե չլինի Արցախը, չի լինի Հայկական աշխարհը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին