Փաշինյանն ասել է, որ Արցախում առաջացել է նաեւ բնապահպանական ճգնաժամ - Mediamax.am

3813 դիտում

Փաշինյանն ասել է, որ Արցախում առաջացել է նաեւ բնապահպանական ճգնաժամ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է 27 գործողություն՝ մասնակի կամ ամբողջությամբ արգելափակելով գազամատակարարումը: Ադրբեջանն արգելափակել է նաեւ ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը: ԼՂ մեր հայրենակիցներն իրենց տները տաքացնելու համար սկսել են փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի:

 

Սրանով հօդս է ցնդում Ադրբեջանի իբր «բնապահպանական» նպատակադրումները, քանի որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, հանգեցրել է բնապահպանական ճգնաժամի»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, «ինչը հավատում ենք, որ անկոտրում է»:

 

«Մենք պետք է ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում առաջացած հումանիտար, հիմա նաեւ բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու հարցում:

 

Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը եւ ԼՂ-ում հաստատված հումանիտար ու բնապահպանական ճգնաժամը պետք է ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, քանի որ միայն միջազգային  հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունն ու սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին