ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ» վերականգնել անխափան տարանցումը - Mediamax.am

Մարտ 06, 2026
2723 դիտում

ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ» վերականգնել անխափան տարանցումը


Լուսանկարը` ukrinform.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն այսօր Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ վերականգնել անխափան տարանցումը [Լաչինի միջանցքով]»։

Ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում՝ ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, ասել է.

 

«Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է նրանով, որ Լաչինի միջանցքը խցանված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների կրիտիկական պակասորդ առաջացնելով։ Այս փաստերն անվիճելի են։

 

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` հավատարիմ մնալով նախկինում ստանձնած պարտավորություններին: Լաչինի ճանապարհով մասնավոր եւ առևտրային երթևեկության շարունակական խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին կարևոր օգնության համար և կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել այս տարածքում ապրող բնակչության անհատական իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները պարտավոր են ապահովել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից»:




Մեր ընտրանին