Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ առարկայական են դառնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է նախապատրաստում:
Այս մասին նա հայտարարել է Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ:
«Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երեւույթ։ Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ բնակչության կողմից ահազանգվում է ցեղասպանությունը որպես սպառնալիք։ Այդ ահազանգերին պետք է լուրջ վերաբերվենք:
Թվում էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեխանիզմներ է ստեղծել ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, սակայն հետագայում տեսանք իրողություններ, որոնք հնչող մտահոգություններն ավելի առարկայական են դարձնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցող սադրանքներն անմիջական կապ ունեն հնարավոր ցեղասպանության հետ:
«Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող կամ հնարավոր գործարկվելիք կոմունիկացիաների հետ: Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. փակել այն, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ բնակչությանը դատապարտել ցեղասպանության երեք սցենարով»,- ասել է նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջին սցենարը զուտ հայաթափումն է, երբ ԼՂ հայերը հնարավորություն չեն ունենա ապրել իրենց տներում, իրենց հողում:
«Հաջորդ սցենարն ինքնության կորուստն է. այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների, պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որը մենք տեսել եւ տեսնում ենք»,- ասել է նա:
Հայաստանի վարչապետը նշել է, որ իր համոզմամբ՝ «ցեղասպանության կանխարգելման գլխավոր գործիքը երկխոսությունն է եւ համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: