Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զեկույցներով հանդես են եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
ԱԴԾ ղեկավարը, մասնավորապես, հայտնել է, որ ռուս սահմանապահները Հայաստանում տեղակայել են 5 լրացուցիչ կետ. 2-ը՝ Հայաստանի և Նախիջևանի սահմանին (Երասխ եւ Պարույր Սևակ), 2-ը՝ Հայաստանի և Իրանի սահմանին եւ հինգերորդը՝ Թեղ գյուղի մոտ:
Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրները շատանում են: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինչեւը ասել է, որ որոշումն ընդունելուց հետո 8 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ առաքելությունը:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ հրամանագիր է ստորագրել Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն հիմնելու մասին, որը կօգնի լուծել հումանիտար խնդիրները և վերականգնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Կենտրոնը կզբաղվի փախստականների մշտական բնակության վայրեր վերադարձի գործընթացին աջակցելով, Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների հետ փոխգործակցությամբ`Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու եւ բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը ասել է, որ «շատ է ակնկալում», որ կենտրոնի աշխատանքին միջազգային աջակցություն կլինի, մասնավորապես, ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: