Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է «առաջնագծի շահերի» մասին եւ ներկայացրել որոշումը կայացնելու պահին եղած իրավիճակն Արցախում:
Աղդամի, Լաչինի ու Քելբաջարի մասին
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե համաձայնվել եմ Աղդամը, Լաչինն ու Քելբաջարը հանձնել Ադրբեջանին: Շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը, ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, քանի որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ են: Այս կարծիքը կիսում էր նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ իրականում, այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ ըստ ռազմական ու ոչ ռազմական գնահատականի կարող էին չպահել. «Եթե փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր, ռազմական գործողությունները շարունակվեին, ապա մեծ հավանակնություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»։
Իրավիճակը՝ որոշումը կայացնելու պահին
Նիկոլ Փաշինյանի խոսքում՝ որոշումը կայացնելու պահին եղել է մի իրավիճակը, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո:
«ԶՈւ գլխավոր շտաբի ու Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ շատ թույլ կամ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը, եւ եթե տեղի ունենար հանկարծ Ստեփանակերտի առումը, այն մեր հազարավոր զինվորներին կթողներ շրջափակման մեջ եւ արդյունքում մենք կկորցնեինք նաեւ այն մնացածը, ինչ-որ այդ փաստաթղթով արձանագրված է»,- ասել է Փաշինյանը:
«Եթե պատերազմը շարունակվեր»
«Ստեփանակերտը, Ասկերանը անպաշտպան էին, Մարտունիում պաշտպանությունն անկայուն էր, եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության, մեծ էր հավանականությունը, որ Ասկերանով կամ Մարտունիով մեր 5-րդ, 6-րդ նույնիսկ 7-րդ պաշտպանական շրջանները կարող էին հայտնվել շրջափակման ու մեջ ու այդ դեպքում հազարավոր զինվորների կյանքը կհայտնվեին վտանգի տակ»,- ամփոփել է վարչապետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: