Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ երեկ կայացված որոշմանը ստիպված ենք գնացել, բայց «չենք պարտվել եւ ամեն ինչ առջեւում է»։
Նա ասել է, որ 43 օր մարտական գործողությունների արդյունքում Արցախը կորցրել էր Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, մասեր Հադրութի, Մարտունի, Ասկերանի շրջաններից, եւ ամենագլխավորը՝ Շուշին։
«Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ՝ նոյեմբերի 8-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով, որոնք կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել եւ կանգնեցնել, բայց խնդիրները մեծ էին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր։ Մարտական գործողությունները՝ տեղափոխվելով մեր առաջնագծի թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող զինծառայողների համար։ Շրջափակման մեծ հնարավորություններ կառաջանային»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Նա հայտարարել է, որ պատերազմում չհաջողելու պատասխանը «բոլորս ենք տալու»։
«Մենք գիտեինք, որ մեր Պաշտպանության բանակում խնդիրեր կային։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, հանգստանալու, բուժելու հնարավորություն չունեինք, ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն։ Եվ այդ ամենով հանդերձ՝ կարողանում էինք դիմակայել։ Ես առաջին հերթին խոնարհվում եմ մեր ժամկետային զինծառայողների, ինչպես նաեւ բոլոր զոհվածների ընտանիքիների առջեւ։ Ստիպված էինք գնալ այս որոշմանը, որպեսզի այդ նույն զինծառայողների կյանքը խնայեինք»,- ասել է նա։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «ամեն ինչ առջեւում է, Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր են ունեցել, բայց կարողացել ենք իմաստուն որոշումներ կայացնել, հաջողություններ արձանագրել»։
«Իսկ ո՞վ է ասել, որ սրանով է ավարտվում ամեն ինչ։ Մենք ավելի սթափ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն։ Մեր ամենամեծ հակառակորդը եղել է պառակտումն ու խուճապը։ Համազգային խնդիրները դեռեւս առջեւում են, մեր տեսիլքը չի խամրել, ունենք երազանք, երազած հայրենիք»,- ասել է նա։
Արցախի նախագահը սթափության կոչ է արել՝ նշելով, որ քաղաքացիական պատերազմն ավելի մեծ սպառնալիք է ողջ Հայաստանին ու Արցախին, դրա համար պետք է համախմբված լինել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: