Ջուլիո Մեոտի. «Քաջ հայերը Եվրոպային խիզախության դաս են տալիս» - Mediamax.am

10479 դիտում

Ջուլիո Մեոտի. «Քաջ հայերը Եվրոպային խիզախության դաս են տալիս»


Լուսանկարը` Արցախի ՊԲ


Այս շաբաթ Arutz Sheva իսրայելական պարբերականում լույս տեսած սյունակներից մեկը վերաբերում է Արցախյան հակամարտությանը, ահաբեկչական խմբավորումների դեմ հայերի մղած պայքարին ու Թուրքիայի սադրիչ գործողությունների նկատմամբ Եվրոպայի անտարբերությանը: Սյունակի հեղինակը իտալացի լրագրող Ջուլիո Մեոտին է, նա շաբաթական երկու անգամ սյունակ է գրում Arutz Sheva-ի համար:

 

Իտալացի լրագրողն ընդգծում է՝ մինչ հայերը արցախյան պատերազմում պայքար են մղում Թուրքիայի ուղարկած իսլամիստ վարձկանների դեմ, Եվրոպան, միայնակ թողելով հայերին, աչք է փակում Թուրքիայի կողմից իրականացվող սադրիչ եւ ահաբեկչական գործողությունների վրա:

 

««Արեւմուտքի համար, որտեղ ոչ ոք, կարծես, այլեւս չի ցանկանում կռվել կամ մտածել սեփական ավանդույթների մասին, որտեղ թքում են իրենց պատմության վրա, տապալում են արձանները, ջնջում սեփական մշակույթը, որտեղ հողն այլեւս չի արձագանքում, հայերը՝ սփռված աշխարհով մեկ, մոռացված եւ պատնեշավորված, այժմ պատերազմում են Թուրքիայի կողմից ղեկավարվող իսլամական Ումմա համայնքի դեմ: Նրանք ցույց են տալիս մեզ մի ուղի, որում մենք մեզ թույլ չենք տալիս թաթախվել»,- գրում է Ջուլիո Մեոտին:

 

Սյունակագիրը նշում է, որ «Եվրոպան քնած է ՝ կոմայի մեջ է»: Եվ սա նույն սպառնալիքն է, որ տարիներ շարունակ խանգարում էր եվրոպական շատ խորհրդարանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Գաղտնիք չէ, որ ահաբեկչական այս հրեշավոր խմբի թիրախը հայ ժողովուրդն է, նրանց քաղաքներն ու գյուղերը, նրանց ազատ ապրելու իրավունքը: Եվրոպան անօգնական է թուրքական էքսպանսիոնիզմի առջեւ` Լիբիայում, Սիրիայում, ընդդեմ Հունաստանի, միգրանտների, հիմա էլ Հայաստանի: Մեզ ղեկավարում են այնպիսի սպասավորներ, որոնք պատրաստ կլինեն «Գորշ գայլ» դառնալ թուրքական գետնանուշի մեկ ափսեի համար:

 

Իսլամիստ վարձկանների եւ բռնի վարչակարգերի այս պատերազմում հայերը ամբողջովին միայնակ են թողնված երկչոտ Եվրոպայի կողմից, որը ոտքով եւ ձեռքով կապված է Թուրքային»,- գրում է իտալացի լրագրողը:

 

Նա արեւմտյան երկրներին կոչ է անում ոչ միայն գնալ Կանադայի հետքերով, որը դադարեցրեց Թուրքիային զենքի վաճառքը, այլեւ անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես միջազգային օրենքներով պաշտպանված ինքնիշխան երկիր:

 

Պատրաստեց Ամալի Խաչատրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին