Փաշինյանը Մյունխենի քննարկումը «շրջադարձային» է որակել - Mediamax.am

Մարտ 03, 2026
5796 դիտում

Փաշինյանը Մյունխենի քննարկումը «շրջադարձային» է որակել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շրջադարձային» է որակել նախորդ շաբաթ Մյունխենում կայացած իր հանրային քննարկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետն ասել է, որ 2018 թվականի մայիսից հետո Ադրբեջանը փորձում էր համոզել միջազգային հանրությանը, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի: Նրա խոսքով, Մյունխենի քննարկումն ապացուցեց, որ հենց Ադրբեջանն է հանդես գալիս ապակառուցողական, երբեմն էլ ռասիզմի հասնող դիրքերից:

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իր կարեւորագույն նախընտրական խոստումներից  էր այն, որ ԼՂ կարգավորման գործընթացում ինքը «ժողովրդից գաղտնիքներ չի ունենալու»:

 

Վարչապետի խոսքով, կարելի է արձանագրել, որ կարգավորման գործընթացում այլեւս կա նոր բովանդակություն, որն ինքը պայմանական անվանում է «Մյունխենյան սկզբունքներ»:

 

Նիկոլ Փաշինյանը կրկնել է Մյունխենում հնչեցված իր թեզն այն մասին, որ «չկա տարածքների խնդիր, կա անվտանգության խնդիր»: Նա մանրամասնել է, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել «ոչ թե հաճույքի համար, այլ այն պատճառով, որ այլ տարբերակ չեն ունեցել»: 

 

Վարչապետն ասել է, որ նպատակը եղել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հնարավորինս հեռացնել Արցախի սահմաններից, եւ «եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը կարող է առաջարկել անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ գործիքներ, հայ ժողովուրդը պատրաստ է դա քննարկել»:




Մեր ընտրանին