Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
EVN Report-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը նախ ասել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն ընդունելի իր համար:
Սակայն, շարունակել է դիվանագետը, իրեն զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին:
«Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի», - ասել է Ռիչարդ Միլսը:
Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: