Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան կարգավորման սկզբունքներն անփոփոխ են - Mediamax.am

Հոկտեմբեր 13, 2025
7747 դիտում

Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան կարգավորման սկզբունքներն անփոփոխ են


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` President.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներով:

 

«Իհարկե, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում նրա «անձնական մեծ ներդրման համար»:

 

«Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք ՌԴ նախագահի հետ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման եւ նոր լարվածության:

 

«Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ եւ իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90%-ով՝ «հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում»: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ վեց ամսվա ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 12%-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին