Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման քննարկել են ղարաբաղյան կարգավորման թեման՝ հուլիսի 6-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրի ղեկավարի, տեղեկացրել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում իրավիճակի արագ կայունացմանն աջակցելու ու խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր գնահատական է տվել Ռուսաստանի ջանքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», - ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Սպիտակ Տան հաղորդագրության մեջ ասված է.
«Նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները քննարկելու նպատակով: Նախագահ Օբաման հայտնել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին ջանքերը ակտիվացնելու պատրաստակամության մասին՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»:
















