«Վարպետ» Մարատի «ազարտի» արդյունքը՝ 5 տանկ եւ 1 ՀՄՄ - Mediamax.am

exclusive
29457 դիտում

«Վարպետ» Մարատի «ազարտի» արդյունքը՝ 5 տանկ եւ 1 ՀՄՄ


Մարատ Պետորոսյանը
Մարատ Պետորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժին մարդկային, նյութական մեծ վնաս հասցրած ու սխրանքներ գործած հայ զինվորականներից շատերը երիտասարդ էին՝ շարքային զինվորներ:

 

Նրանցից մեկը ՊԲ զինծառայող, սերժանտ Մարատ Պետորոսյանն է:

 

Ապրիլի 2-4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հարավում գտնվող Լալա Լագա բարձրունքի դիմացի դիրքից Մարատը «ֆագոտով» ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ):

 

Իր սխրանքի համար 19-ամյա զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 

Արցախի հարավում նորօրյա հերոսն ու տարածքի պաշտպանությունը ղեկավարող գնդապետը Մեդիամաքսի թղթակցին պատմել են, թե ինչպես է Մարատը ոչնչացրել թշնամու զինտեխնիկան:

 

«Ապրիլի լույս 2-ի գիշերը «տագնապ» հրաման ստացանք, լուսադեմին մեզ տարան դիրքեր, բայց առաջին բնագծում չէինք: Ինձ՝ մեր հաշվարկի մյուս տղաների հետ, հրամանատարությունը որոշեց ուղարկել առաջին գիծ, որից հետո էլ եղավ այն, ինչ գիտեք»,-պատմում է Մարատն ու հավելում՝ մինչ այդ երբեք ֆագոտով չէր կրակել:

 

Տեղի պաշտպանությունը ղեկավարող գնդապետ Արարատ Մելքումյանը ցույց է տալիս հակառակորդի՝ դեպի հայկական կողմ շարժված տանկերի ճանապարհն ու վայրը, որտեղից Մարատը խոցել է դրանք:

 

«Տարածքը դիպուկահարի նշանառության տակ էր, Մարատը սողալով գալիս էր առաջ, կրակում ու հետ գնում: Սկզբում չէի հավատում, թե կկարողանա տանկ խոցել, անգամ կատակեցի՝ «դու քաղաքի տղա ես, քեզանից ի՞նչ «ֆագոտչիկ»», բայց նա հակառակն ապացուցեց: Բարձրաստիճան հրամանատարներից մեկն էլ, ով այդ ընթացքում այստեղ էր, ծիծաղեց ու ասաց՝ «Վարպետի գործիքները բերեք, տեսնենք՝ ինչ է անում»: Մարատի առաջին կրակոցը շեղ գնաց, երկրորդը ուղիղ նշանակետին հասավ ու խոցեց թշնամու տանկը: Մի քանի ժամ հետո երկրորդ տանկը խոցեց: Ես իմ թերահավատ խոսքը հետ վերցրեցի, Մարատի մականունն էլ մնաց «վարպետ»»,-ասում է Արարատ Մելքումյանը:

 

«Ապրիլի 3-ին էլ երկու տանկ ու մեկ ՀՄՄ խփեցի: Իսկ ապրիլի 4-ին՝ մեկ տանկ: Մեկ տանկ էլ ընկերս՝ Հայկ Մելքումյանն է խփել: Ապրիլի 5-ին արդեն տանկ չկար, որ խփեինք»,- ծիծաղով պատմում է Մարատը:

 

Ոչ միայն հրամկազմը, Մարատն ինքն էլ սկզբում չի հավատացել, թե այդքան տանկ կարող է խոցել: «Հետո, երբ ստացվեց, ասես ազարտի մեջ հայտնված լինեի, անընդհատ մտածում էի՝ հենց երեւա, պետք է խոցեմ: Ամենակարեւորը, որ մեր գործողության արդյունքում հակառակորդը շեղվեց իր գործից ու հետ փախավ»,-ասում է սերժանտ Պետրոսյանը:

 

Հակառակորդի 5 տանկ եւ 1 ՀՀՄ-ն խոցելու համար «վարպետը» 10 արկ է օգտագործել:

 

Մարատը 14 ամիս է՝ ծառայում է: Մասնագիտությամբ տնտեսագետ է, զորացրումից հետո մտադիր է շարունակել ուսումը: Զբաղվում է սպորտով՝ բռնցքամարտով ու սանդա ուշույով:

 

Ասում է՝ 19 տարեկանում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանանալը մեծ պատիվ է իր համար, բայց դրա ողջ լրջությունը դեռ չի գիտակցում. առաջնագծում մտածելու ժամանակ չկա:

 

«Հաճելի է, երբ քայլդ գնահատվում է, բայց դա արել եմ իմ հայրենի հողի համար, որը պահելը բոլորիս պարտքն է: Ծառայության ամենահաճելի պահերն առաջնագծում կանգնելն ու հողդ պաշտպանելն է. այնտեղ քեզ իրական զինվոր ես զգում»,-ասում է Մարատը:

 

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին