Էրիկ՝ Դիրքից փախչելով մի լավ ջարդ կերան - Mediamax.am

exclusive
39147 դիտում

Էրիկ՝ Դիրքից փախչելով մի լավ ջարդ կերան


Էրիկը
Էրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի հյուսիսում Մեդիամաքսի թղթակիցը հանդիպել է ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանին, ով ապրիլի լույս 3-ի գիշերը մասնակցել է նախորդ գիշերվա ընթացքում  հակառակորդի կողմից գրավված հայկական երկու դիրքը վերադարձնելու գործողությանը: 

 

***

 

Երբ պատերազմը սկսվեց, գումարտակում էի: «Տագնապ» հրահանգ ստացանք: Ապրիլի 2-ի առավոտյան բարձրացանք դիրքեր: Հակառակորդը վերցրել էր մեր՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված դիրքերից: Պետք է դրանք վերադարձնեինք: Առաջին փորձը կատարեցինք ապրիլի 2-ին՝ կեսգիշերին մոտ: Բայց կես ճանապարհից հետ կանգնեցինք՝ հակառակորդին ավելի հանկարծակի բերելու համար: Լուսադեմին՝ ժամը 5-ին մեր երկու դիրքերն արդեն մեզ մոտ էին:

 

Բուն գործողությունը մոտ մեկ ժամ տեւեց: Հակառակորդը, որ տեղավորվել էր մեր երկու դիրքում, մեզանից թվով երեք անգամ ավել էր: Երբ կրակոցներով մտանք դիրք, նրանք փորձեցին պայքարել, հետո զգացին, որ վատ իրավիճակում են հայտնվում: Մի մասը տեղում զոհվեց, մի մասն էլ փախուստի դիմեց, բայց ճանապարհին էլ չխուսափեց մեր տղաների գնդակներից: Մի խոսքով՝ լավ ջարդ կերան: Բոլորը տարիքով մեծ էին՝ մոտ 40 տարեկան հատուկ նշանակության ջոկատի տղաներ:

 

***

 

Երբ ասում են «դիրք եք հետ բերել», մի տեսակ զայրանում եմ, հետո զգում, որ ես էլ եմ էդպես խոսում: Իրականում էդ ժամանակ էլ են դրանք մեր դիրքերը եղել, ուղղակի թշնամին ներս ա սողոսկել, բայց դա ժամանակավոր էր:

 

Էդ մի քանի ժամը, որ իրանք մեր դիրքում էին, բոլորիս մոտ միեւնույն՝ տհաճ զգացողություն էր. սա մեր հողն է, մեր դիրքը, այստեղ մենք պետք է կանգնենք ու պահենք մեր սահմանը: Թուրքն այստեղ անելիք չունի, երբեք էլ չպետք է ունենա:

 

***

 

Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իմ ու ծառայակից ընկերներիս կյանքում: Պատերազմի առաջի օրերին շատ բան տեսանք: Հակասություններով լի օրեր էին՝ եւ տխրել ենք՝ ընկեր կորցրել, ե՛ւ ուրախացել՝ մեր հարազատ դիրքում կանգնելուց ու թշնամուն հետ շպրտելուց:

 

Երեք ամսից ես ու ծառայակից ընկերներիցս շատերը զորացրվելու ենք, բայց վստահ ենք՝ սահմանին ամուր տղերք են կանգնած, որոնք թուրքին չեն թողնի մոտենալ մեր հողին:

 

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին