Բենիկ Համբարձումյանը՝ «կամիկաձե» ԱԹՍ-ն խոցած զինվորը - Mediamax.am

exclusive
20171 դիտում

Բենիկ Համբարձումյանը՝ «կամիկաձե» ԱԹՍ-ն խոցած զինվորը


Բենիկ Համբարձումյանը
Բենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիկ Համբարձումյանը
Բենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիկ Համբարձումյանը
Բենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն հայկական կողմի դեմ օգտագործեցին իսրայելական արտադրության Harop/Harpy 2 անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ ամերիկյան Jane’s Defence Weekly շաբաթաթերթի, արտադրության օրվանից առաջին անգամ կիրառվեցին ռազմական գործողությունների ժամանակ:

 

«Կամիկաձե» անօդաչու թռչող սարքը թիրախի հայտնաբերման դեպքում վերածվում է ինքնակառավարվող ինքնաթիռ-արկի: Արցախի հարավում Մեդիամաքսի թղթակիցը հանդիպել է ՊԲ զինծառայող, 20-ամյա Բենիկ Համբարձումյանին, որը խոցել է այդ սարքերից մեկը:

 

***

 

Ապրիլի լույս 2-ի գիշերվա ժամը 4-ին արդեն դիրքերում էինք: Մինչ այդ ստացել էինք տագնապի հրամանն ու եկել մարտական առաջին աստիճանի պատրաստության: Առաջին անգամ էինք նման լայնամասշտաբ գործողության մասնակցում, բայց ջոկատի բոլոր տղաները մեծ պատասխանատվությամբ ու խիզախությամբ էին գործում: Ամեն օր ու ամեն ժամ տարբեր առաջադրանքներ էինք ստանում:

 

Հիմնական լարվածությունը կապված էր անօդաչու թռչող սարքերի հետ, որոնք, խախտելով օդային տարածքը, փորձում էին հետախուզական աշխատանք կատարել, իսկ  «կամիկաձե»  տեսակի ԱԹՍ-ները՝ ոչնչացնել թիրախը:

 

Ապրիլի լույս 4-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 4:00-ին, հակառակորդը մեր տարածք էր ուղարկել հերթական «կամիկաձե»-ն, որի նպատակը մեր մարտական դիրքը խոցելն էր: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց շեղել նրան իր նպատակից:

 

Մեր կայանքներից եւս մեկն աշխատում էր այն խոցելու ուղղությամբ: ԱԹՍ-ն մոտենում էր մեզ: Տեսանելիությունը բավական վատն էր, ձայնից հասկացա, որ արդեն մեր գլխավերեւում է, արագ կարգի բերեցի կայանքը ու սպասում էի հարմար պահի:

 

Վայրկյաններ անց հնարավոր եղավ որսալ թիրախը, որը գտնվում էր մեզանից 1200 մետր բարձրության վրա: ԶՈՒ-23-2 տիպի զենիթային կայանքից խոցեցի այն, երկրորդ կրակահերթից արդեն ձայնն անհետացավ, րոպեներ անց իմացանք, որ այն վայր է ընկել մեզանից բավական հեռու տարածքում:

 

Դրան հաջորդող օրերին ու մինչ այսօր աշխատում ենք նույն զգոնությամբ՝ խոցման գոտի մտնելուն պես ոչնչացնելով հակառակորդի ցանկացած նշանակետ ու թույլ չտալով որ հետախուզություն կատարի:

 

***

 

Արդեն 22 ամիս է՝ ծառայում եմ: Այս ամիսների ընթացքում կյանքը նորովի եմ հասկացել. ճիշտ է, ծառայությունն իր դժվարություններն ունի, բայց դրական կողմերը միշտ գերակշռում են: Բանակը պետք է լինի ցանկացած տղայի կյանքի մեծագույն ուսուցիչը, որին լսելու ու սիրելու դեպքում ավելի ճիշտ կապրեն:

 

***

Այս պատերազմում մի բան հասկացա՝ հայ ազգը միշտ եղել է ու կմնա միահամուռ, ամենակարեւոր պահերին դառնալով մի բռունցք ու թույլ չտալով թշնամուն մոտենալ իր հողին:

 

Ամենակարեւոր գիտակցումը, որն ինձ, որպես մարդ, «դուխ» է տվել պատերազմի օրերին, ընկերներիս նվիրվածությունն է: Տեսնում ես, որ, անկախ իրավիճակից, ընկերդ միշտ կանգնած է թիկունքումդ՝ պատրաստ սեփական արյան գնով փրկել քո կյանքը:

 

***

 

Սահմանին ամուր ու իրենց գործից տեղյակ տղաներ են կանգնած, որ սահմանից հեռու կյանքն իր բնական հունով ընթանա: Թող բոլորը հանգիստ լինեն, իսկ բանակում տղա ունեցողները զինվեն համբերությամբ ու հպարտությամբ, որ իրենց որդին զինվոր է՝ հայրենի հողն ու իրենց անդորրը պաշտպանող զինվոր:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին