19-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը. երեք տանկ՝ 30 րոպեում - Mediamax.am

exclusive
59519 դիտում

19-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը. երեք տանկ՝ 30 րոպեում


Ռաֆայել Հովհաննիսյանը
Ռաֆայել Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլյան պատերազմը շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի լրջության, ռազմական տեխնիկայի տեսակների, ներգրավված ուժերի եւ միջոցների քանակի տեսանկյունից աննախադեպ էին անգամ ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ:

 

Սակայն, այս պատերազմում եւս, մենք ունեցանք երիտասարդ հերոսներ: Նրանցից մեկը ԼՂՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանն է:

 

Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի նախահարձակ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած ծառայության համար ՀՀ նախագահի կողմից Ռաֆայելը պարգեւատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

 

19-ամյա գյումրեցին «ֆագոտով» 30 րոպեում խոցել է հակառակորդի 3 տանկ:

 

«Ապրիլի 2-ի առավոտյան արդեն դիրքերում էինք: 10:30-ի սահմաններում, մեր հրամանատարական դիտարկման կետից խոցեցի հակառակորդի առաջին տանկը: Թշնամին մեր ուղղությամբ էր շարժվում 11 տանկով: Առաջին տանկը խոցելու պահին չէի մտածում արդյունքի մասին. նպատակս մեկն էր՝ հնարավորինս շեղել թշնամու մտադրությունը», - պատմում է նա:

 

Ռաֆայելը 3 տանկը խոցել է 4 արկով: Առաջին երկուսը միանգամից խոցվել են, իսկ երրորդին ուղղված առաջին արկը վրիպել է, երկրորդը՝ հասել նշանակետին:

 

Ռաֆայելը դեռ ժամանակ ու առիթ չի ունեցել լիարժեք գիտակցելու, թե ինչ է իրականում կատարվել:

 

«Այդ թեժ պահերից հետո միայն հասկացա, որ ես եմ տանկերը խոցել»:

 

Շփման գծի հյուսիսային հատվածում՝ մարտերի ամենաթեժ կետերում, բոլորը գիտեն՝ «Գյումրին թշնամական վեց տանկ է խոցել»: Մյուս երեքի նշանառուն Ռաֆայելի ընկերն է՝ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, գյումրեցի Շուլի Հակոբյանը:

 

«Երբեք չէի մտածի, որ այս տարիքում նման շքանշանի կարող եմ արժանանալ. գիտեմ, որ դա մեծ բան է: Վստահ եմ՝ տարիներ անց միայն կգիտակցեմ այս շքանշանի իրական արժեքն ու կհպարտանամ դրանով: Ապրիլյան պատերազմը ստիպեց շատ բան հասկանալ՝ շատ ավելի լուրջ մոտենալ կյանքին ու մեր առջեւ դրված խնդրին: Այս պատերազմը շատ անսպասելի էր: Մինչ դա մենք միայն լսել էինք պատերազմի մասին, իսկ հիմա բոլորս շատ ավելի զգոն ու պատրաստված ենք»:

 

Ռաֆայելը 22 ամիս է՝ ծառայում է: Վստահ է՝ Արցախյան պատերազմում հաղթանակը, ինչպես մերը եղել է, այնպես էլ շարունակելու է մերը մնալ:

 

«Սա մեր պապերի հողն է, այն պահելը՝ բոլորիս պարտքը:  Թող բոլոր մայրերը հանգիստ լինեն՝ հակառակորդը՝ մեր նշանառության ներքո է», - ասում է նորօրյա հերոսը:

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին