Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերի կարծիքով, Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
«Եվրոպայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները հիմնված են խորը հակասության վրա: Երկու կողմն էլ վիճում են նաեւ պատմության շուրջ՝ դրա մասին է վկայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճը», - գրում է Ֆիշերը «Ռեալիզմ՝ Եվրոպայի եւ Թուրքիայի համար» հոդվածում:
«Հարաբերությունները կարող են էլ ավելի վատթարանալ այս գարնանը, երբ գերմանական Բունդեսթագը քվեարկի 1915թ. հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչ անող բանաձեւը: Ամենայն հավանականությամբ, այդ առաջարկին հավանություն կտա տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը, ինչը կուժեղացնի Էրդողանի կառավարության հետ եղած լարվածությունը», - նշել է գերմանացի քաղաքական գործիչը:
















