Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական Զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին եւ վերջին շրջանում հակառակորդի ձեռնարկած բոլոր փորձերը ձախողվել են:
ՀՀ նախագահն այդ մասին ասել է ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական բոլոր ստորաբաժանումները՝ ջոկից մինչեւ կորպուս, ունեն կազմակերպվածության շատ բարձր մակարդակ:
Խոսելով հրադադարը խախտելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ՀՀ նախագահն ասել, որ դրանով Բաքուն փորձում է միջազգային հանրության «հիշեցնել», որ պատերազմը չի ավարտվել եւ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար:
«Բացի դրանից, փորձում էին հայերի «աչքը վախեցնել»: Տեսաք, թե այդ խաբկանքը ինչ հետեւանքներ ունեցավ», - նկատել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է պատերազմի չավարտված լինելը շահարկել իր վարած կոշտ ներքին քաղաքականությունը արդարացնելու համար:
Սերժ Սարգսյանը նաեւ մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերը կարող են «երկրի երեսից ջնջել Երեւանը»:
«Ռուսաստանի նախագահի հետ մեր եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շատ ճիշտ ասաց, որ կողմերը տեղյակ են միմյանց ռազմական հնարավորությունների մասին: Այո, Ադրբեջանի զինված ուժերը կարող են Նախիջեւանից հասնել Երեւանի սահմաններին: Սակայն նման գործողությունները անպատիժ չեն մնում: Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք 300 կիլոմետրից ավել շառավղով կարող են ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսիք այսօր կան Աղդամում: Ընտրության հարց է՝ եթե իրենք իրենց կյանքից «ձեռք են քաշել»: Երբեմն տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի որոշ ղեկավարներ աշխատանքից հետո տարվում են համակարգչային խաղերով: Բայց վիրտուալ իրականությունը պետք չէ շփոթել իրական կյանքի հետ», - ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: