Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Մեդիամաքսի հետ հարցազրույցում բացատրում է, թե ինչու է Հայաստանը կարեւոր Եվրամիության համար, եւ կարեւորում համագործակցության էական ազդեցությունը:
-Որո՞նք են այն կարեւոր արժեքները, որոնք Եվրամիությունն ու Հայաստանը կիսում են:
- Հայաստանը լայն առումով եվրոպական ընտանիքի անդամ է: Հայաստանը կիսում է այն արժեքները, որոնք մենք համարում ենք եվրոպական արժեքներ: Այդ արժեքները մշակութային առումով երբեմն ասոցացվում են ինչպես ռացիոնալիզմի, ճշմարտության ձգտման, այնպես էլ բազմազանության նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության հետ, եւ ես կարծում եմ, որ այս առումով հայերն այնքան եվրոպացի են, որքան Եվրոպական Միության եւ, ավելի լայն առումով, եվրոպական ընտանիքի շատ այլ անդամներ:
Քաղաքական առումով ընդհանուր եվրոպական ինքնությունը կապված է երեք հիմնարար արժեքների` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ: Դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ` Հայաստանը որդեգրել է այդ արժեքները: Այս առումով ԵՄ-ը եւ Հայաստանը կառուցել են իրենց հարաբերություններն ընդհանուր արժեքների հիմքի վրա:
Երբեմն այստեղ՝ Հայաստանում որոշ մարդիկ կարծում են, թե, քանզի հայ հասարակությունը պահպանողական է, եվրոպական արժեքները, այսպես կոչված եվրոպական արժեհամակարգը չափազանց լիբերալ է իրենց համար: Նրանք անտեսում են այն փաստը, որ եվրոպական ինքնության տարրերից մի քանիսը եվրոպական ընտանիքում բազմակարծությունն ու բազմազանությունն են: Եվրամիության ներսում հաստատ կան ավելի պահպանողական հասարակություններ, քան հայ հասարակությունն է: Եվրոպայի գեղեցկությունը դրա մշակութային հարստությունն է, եւ դա բավարար է, որպեսզի հայերը իրենց անկաշկանդ զգան Եվրոպայում արժեքների տեսանկյունից:
- Ինչո՞ւ են Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր Եվրամիության համար:
- Դարեր շարունակ Հայաստանը համարել է իրեն եվրոպական պետություն: Հայաստանն առաջին պետությունն է պատմության մեջ, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հետեւաբար, տեղական հեռանկարի տեսակետից, կամուրջը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ շատ ամուր է:
Եվրոպայի համար Հայաստանը ոչ միայն հարեւանության մի մասն է, այլեւ եվրոպական տարածության, Եվրոպայի մասն է ավելի լայն իմաստով. հարեւանությունը կարեւոր է, հատկապես հաշվի առնելով դրանից բխող ռիսկերը, այդ մոտիկությունը ստիպում է անհանգստություն ցուցաբերել այստեղ կատարվող իրադարձությունների հանդեպ: Ահա թե ինչու է Հայաստանը կարեւոր Եվրամիության համար:
Լինելով փոքր, ինչ-որ տեղ նաեւ մեկուսացված երկիր (քանի որ մեկ մեծ սահման փակ է, իսկ մյուսը՝ դեռեւս կրակահերթի տակ՝ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ հակամարտության հետ պայմանավորված), Հայաստանը, այդուհանդերձ, կարեւոր է Եվրոպայի համար: Հայաստանը Եվրոպան Ասիայի հետ կապող դարպասներից մեկն է: Այն ռազմավարական նշանակություն ունի Իրանի հետ իր սահմանի շնորհիվ: Ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը մի խաչմերուկ է, մի դուռ, որը հնարավոր է դարձնում տարբեր մշակույթների, հետաքրքրությունների տեր մարդկանց հանդիպումը: Այն նաեւ կարեւոր վայր է առեւտրի եւ հաղորդակցության համար: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը շահագրգռված է ունենալ ամուր հարաբերություններ այնպիսի մի երկրի հետ, ինչպիսինն Հայաստանն է:
- Դուք խոսեցիք հարեւանության մասին. ի՞նչ է նշանակում լինել լավ հարեւան:
- Իրավական տեսանկյունից բարիդրացիական հարաբերությունների գաղափարը հստակ արձանագրված է հիմնարար միջազգային եւ եվրոպական փաստաթղթերում, սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից ու վերջացրած ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ու Փարիզի հռչակագրով։ Այսպիսով` բարիդրացիական հարաբերությունները միջազգային իրավունքի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից են:
Լավ հարեւանները բարյացակամ, ազատ, հուսալի հարեւաններն են: Լավ հարեւանները այն հարեւաններն են, ում՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքը հիմնված է հարգանքի, համերաշխության եւ փոխադարձ հանդուրժողականության վրա: Բացի այդ, բարիդրացիական հարաբերությունների հիմնական տարրերը խաղաղ վերաբերմունքն է, համագործակցությունը, համերաշխությունը եւ, անհրաժեշտության դեպքում, օգնելու պատրաստակամությունն են:
-Ի՞նչ ազդեցություն ունի իրականում Եվրամիությունը Հայաստանի վրա:
- Կարծում եմ, ԵՄ-ն կարեւոր գործոն է Հայաստանում: Մենք թիվ մեկ միջազգային դոնորն ենք, թիվ մեկ արտասահմանյան ներդրողը եւ թիվ մեկ արտաքին առեւտրային գործընկերը: Բայց մեր փոխհարաբերություններն ավելին են, քան առեւտրի, ներդրումների եւ համագործակցության զարգացման տարրեր:
Մեր ներդրումը զարգացման տեսանկյունից այս երկրում շատ բազմակողմանի է եւ տեսանելի ամենուրեք. մենք նպաստում ենք ենթակառուցվածքների բարելավմանը, ԵՄ-ը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական աջակիցն է, որն անցնում է ամբողջ Հայաստանով` հարավային սահմանից մինչեւ հյուսիսայինը: Մենք ավելի քան 10 մլն եվրո ենք տրամադրել Երեւանի մետրոպոլիտենի համակարգի արդիականացմանը, ծախսել ենք միլիոններ՝ օգնելով Հայաստանին ստեղծել աղբահանության եւ ջրի մաքրման ժամանակակից համակարգեր: ԵՄ-ն օգնում է շտկել զարգացման մակարդակի տարբերությունը Երեւանի եւ մյուս մարզերի միջեւ, մասնավորապես, գյուղատնտեսության ասպարեզում մեր ջանքերը կարեւոր տնտեսական եւ սոցիալական տարրեր են կրում։ Մենք բարելավում ենք սահմանների կառավարման համակարգը, մեծ ներդրում ենք կատարել դրանց կառավարման արդյունավետության բարձրացման գործում։
Եվրոպական Միությունն էլեկտրոնային կառավարման հիմնական խթանողն է Հայաստանում. օրինակ, քչերին է հայտնի, որ ԵՄ-ի շնորհիվ Հայաստանի բոլոր քաղաքացիներին տրամադրվում են նույնականացման քարտեր, ավելի քան կես միլիոն հայաստանցի նոր բիոմետրիկ անձնագրեր է ստացել: Մենք աջակցում ենք նաեւ արդարադատության համակարգի բարեփոխմանը: Եվրոպական Միության օգնությամբ դատարանների 12 շենք է կառուցվել Հայաստանում եւ, որն ավելի կարեւոր է, օրենսդրական մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ, որոնք ամրապնդում են արդարադատության համակարգի անկախությունը:
Կրթությունը եւս կարեւոր ոլորտ է, որտեղ մեր ներկայությունն ակնհայտ է ոչ միայն «Էրազմուս» ծրագրի առաջարկած հնարավորությունների, այլեւ Եվրամիության`մասնագիտական կրթությանն ուղղված շատ տեսանելի դրական ազդեցության շնորհիվ: Մենք կառուցել, վերանորոգել կամ թարմացրել ենք Հայաստանի մի քանի համալսարաններ, ինչպես նաեւ նպաստել ենք կրթական համակարգի բարեփոխմանը:
Մենք նաեւ օգնում ենք Հայաստանին արդիականացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, խթանել տնտեսական միջավայրը, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով։ Այնպես որ, ինչպես կարող եք տեսնել, Եվրոպական Միության գործունեության ներկապնակը բավականին մեծ է, մենք ունենք մեր առաջնահերթությունները, եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է:
Հարցազրույցը կայացել է EU Neighbours East նախագծի շրջանակներում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: