Հայկ Թովմասյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

5149 դիտում

Հայկ Թովմասյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ընդմիջմանս այս մի ժամն էլ եմ քեզ նվիրում: Ու կյանքս:

 

Դիքենսյան ռեալիզմն ու Լերմոնտովյան ռոմանտիզմն անընդհատ վիճում էին, այնքան բարձր, որ չէի լսում, ու չէի կարողանում ընկալել: Հանկարծ աչքովս ընկավ անկյունում լուռ կանգնած Կաֆկյան աբսուրդը` դու, ու դարձար իմ աբսուրդ կյանքը:

   

Միայնակ չէի, չէ, շատ ընկերներ ունեի, որոնց հետ միավորել էր օրերը սպանելու հմտությունը: Իմ մեջ ապրող փոքրիկ Դոստոևսկին չափազանց իրատես էր սիրո վերացական կոնցեպտին հավատալու համար: Համարյա երջանիկ էի: Բայց օպտիկական ակնոցների տակից ազատություն պահանջող սև աչքերով, անհամարձակ ժպիտով, բարձրահասակ, Կաֆկային ամուր գրկած դու գտար ձեռքս, ազատեցիր աչքերս և օգնեցիր սիրել ոչ միայն քեզ, այն նաև ինքս ինձ: Իսկ ես քեզ սովորեցրի, որ ակնոցները խանգարում են համբուրվել: Դարձար միակ ընկերս, ում հետ ուզում էի ոչ թե ոտքերով անցնել ժամացույցի վրայով, այլ պինդ գրկել սլաքներն ու բաց չթողնել: Բայց փոխարենը քեզ էի գրկում, ու ժամացույցի սլաքները նեղացած հեռանում էին:

    

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք իրար գրկած Ջոնի Քեշ ու Փինք Ֆլոյդ լսում: Հետո երկար թափառում էինք` հաճախ լուռ, մրսում ու երազում տաք ապագայի մասին: Իսկ տուն հասնելուն պես սեր էինք խոստովանում հեռախոսին` ավելի ճիշտ իմ հեռախոսը խոստովանում էր, իսկ քո հեռախոսը` ամաչելով լսում: Գիտես, չէ՞, մեր տան միակ կարմիր հեռախոսը դրված էր հյուրասենյակի հենց մեջտեղում, ու ամեն անգամ ստիպված էի ինչ-որ պատճառաբանություն հորինել սենյակ տանելու համար: Ծնողներս, իհարկե, վաղուց գլխի էին ընկել:

  

Իսկ վզնոցը... մեկ ամիս չհանդիպեցինք ու չխոսեցինք:

  

Մինչև հիմա չեմ ասել, բայց քեզ թատրոն կամ կինո չէի հրավիրում ոչ թե որովհետև չէի սիրում, այլ կինո  գումար չունեի: Չնայած, դու հաստատ գլխի ընկած կլինեիր: Այնքան կուզեի քո աչքերից ունենալ ու տեսնել էն ամենը, ինչը մյուսները չեն կարող: Բա, տիկին ջան, սիրելի ամուսնյակդ սոված մնաց: Ոչինչ, կգամ տուն ու խոստացածդ  «Չեմ ասի, գաղտնիք ա»-ն կուտեմ: Հուսով եմ` կմարսեմ էլ: Քո պատրաստած ցանկացած ուտելիք սիրում եմ, որովհետև քեզ եմ սիրում: Բացի սպասից, ինձ թվում է խեղճ ձավարից վրեժ ես լուծում` փոքր ժամանակ քեզ խեղդելու համար:

 

Քեզ անվանեցին հնազանդ, ինձ` տեր, բայց մենք որոշեցինք մնալ ընկերներ: Չմիաձուլվեցինք, չդարձանք մեկ մարմին, փոխարենը` ամուր գրկեցինք իրար ու համբուրվեցինք:Դու շարունակեցիր հիանալ Վուդի Ալենի ֆիլմերով` նանայով թեյի կիսաբաժակը ձեռքիդ, իսկ ես ` դառը սուրճ վայելել Տարանտինոյի հետ: Հետո, ժամանակի ընթացքում, ինձ սկսեց դուր գալ Նեթֆլիքսի հեռուստասերիալների դրամատուրգիան, իսկ քեզ գրավեց անգլիական ֆուտբոլում ադրենալինն ու հաղթանակի անսպասելիությունը:

 

Երբեք մտքովս չէր անցնի, որ Մոխրոտի քույրերը որոշելու են գողանալ նրա թագը, Կարմիր Գլխարկը գայլի հետ միասին կերակրելու է անտառի կենդանիներին, իսկ Ալիսան, հրաշքների աշխարհից վերադառնալուց հետո, գնալու է մանկապարտեզ, բայց մեր երեխաները ոչ մի կերպ չէին ուզում քնել: Ու երկուսս էլ ամեն օր աշխատանքից հետո շտապում էինք տուն` չքնելու: Հոգնած ու երջանիկ էինք:

 

Արդեն երրորդ բաժակ սուրճն եմ խմում, չեմ ծխում` ինչպես խոստացել էի: Իմ ընկերն ես, որովհետև ուզում եմ մատներիս մեջ զգալ քո մատների նրբությունը: Իմ կինն ես, որովհետև շուրթերդ ուզում եմ թաքցնել ուրիշներից իմ շուրթերով: Իմ ենթագիտակցությունն ես, որն ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս, ու գիտի այն ամենը, ինչը նույնիսկ ինքս ինձ չեմ համարձակվում խոստովանել: Իմ աչքերը գողացած աչքերդ ամեն ինչ հասկանում են: Երբեմն թացանում են, ներքև նայում, շրջվում, բայց, միևնույն է, հասկանում են: Իսկ ձեռքերդ ներում են: Ձեռքերդ իմ ընկերներն են:

 

23 տարի: Արդեն 23 տարի ես անջատում եմ լույսը, երբ գիրքը ձեռքիդ քնում ես, իսկ փոխարենը դու ծածկում ես ինձ, երբ հեռուստացույցի օրորոցայինի տակ քնում եմ: Արդեն 23 տարի գիտես, որ պանիր չեմ սիրում, իսկ ես գիտեմ, որ հեռախոսով երկար խոսելուց հոգնում ես: Արդեն 23 տարի դու բարկանում ես, որ տանը հողաթափեր չեմ հագնում, իսկ ես գիտեմ, որ կակաչներ ես սիրում: 23 տարի` չափվող միասին խմած սուրճի բաժակներով: Արդեն 23 տարի իմ ընկերը իմ կինն է, արդեն 23 տարի իմ կինն իմ ընկերն է: Սիրում եմ քեզ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին